Ընդհանուր հայացք աշխարհին


Յոթօրյա «Ծիրան»ամարաթոնը հասավ իր վերջնագծին` տիրույթում ներգրավված կինոսիրողների հավաքականությամբ վերստին չզիջելով առաջատարի դրոշը հայկական բազմահնար կինոփառատոների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ ու տասնյակ այլ հեղինակավոր մեկենասների նյութական ու բարոյահոգեբանական շռայլ աջակցությամբ տարեցտարի ժողովրդական տոնախմբության արտաքին փայլ ստանալով` հուսանք, որ շուտով անհամեմատ շրջահայաց բարեկրթությամբ նաև մրցակից չի ունենա ու ֆիլմացանկի արժեքավորությամբ: Մանավանդ, որ արդեն հանրաճանաչում է գտել համաշխարհային կինոքարտեզում որպես տարածաշրջանի գլխավոր կինոհամաժողովի բնօրրան: Համշենահայոց ողբը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի «ողնաշարը» կազմող մի շարք ծրագրերից իր հետամտած նպատակի իրականացման արդյունավետությամբ վեցերորդում հավասարը չունեցավ «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) համատեղ կինոարտադրության ամենամյա համաժողովը: ՌԱՍ-ի շրջանակներում կյանքի ուղեգիր ստացած Օզջան Ալփերի «Աշունը» խաղարկային նախագծի վերջնարդյունքը տեսնելով «Ոսկե Ծիրան»-ի էկրանին` փառատոնի տարալեզու հանդիսատեսը խորին ակնածանք տածեց համշենահայերից սերող երիտասարդ թուրք կինոգործչի քաղաքացիական համարձակ դիրքորոշման ու մասնագիտական ուրույն ձեռագրի բազմաշերտ գրավչության հանդեպ: Մոտավոր տպավորություններ պահպանած լինելով 2 տարի առաջ «Ոսկե ծիրան»-ում ներկայացված «Մոմի» (Տատը) կարճամետրաժ կինոժապավենից` միահամուռ կայացած համարեց Ալփերի դեբյուտը լիամետրաժ կինոժանրում: Որպես մարդ և արվեստագետ ընդդիմանալով ազգայնամոլության ֆաշիստական հակամարդկային դրսևորում ներին` Ալփերը ազատատենչ քաղաքական գործիչ իր գլխավոր հերոսի` լավատեսության ու սեփական կյանքի մարմրող կրակներն այլևս բորբոքելու անկարող Յուսուֆի ողբերգաշունչ կերպարը կենդանացնելով ծննդավայրի հիասքանչ բնապատկերների հակադրությամբ, գյուղական միապաղաղ կենցաղի պարզ նկարագրությամբ, համշենահա յերեն, վրացերեն և թուրքերեն լեզուների օրգանական շաղախով` մերօրյա բովանդակությամբ է հագեցնում իր կինոպատումը: Բոլոր ազգերին ու ժողովուրդներին վիճակված դառնաղի գոյատևման գեղարվեստական բնութագրականությամբ սթափության մղում գազանացած, բարոյալքվող մարդկությանը` անուղղակիորեն ջնջելով նրանց տարանջատող քաղաքական, աշխարհագրական սահմանները: Յուսուֆի վաղաժամ մահվան ցավի կսկիծով է խորապես հուզում` նրա վերջին օրերի ակամա ականատես հանդիսատեսին իր կինոլեզվի զուսպ արտահայտչականությամբ և համշենահայոց հինավուրց ողբի մեղեդու վրա կառուցված ավարտական երգեցիկ պատկերներով: Ամենևին էլ պատահաբար չէ, որ Ալփերի «Աշունը», ավելի քան 30 կինոփառատոների մասնակցելուց ու հեղինակավոր մրցանակներ շահելուց հետո, արժանանում է «Ոսկե ծիրան»-ի կրկնակի դրվատանքին` միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ Կոհեյ Օգուրիի և ՖԻՊՐԵՍՍ-իի: Իրականացման շեմին են Ալփերի նոր կինոմտահղացումները` Տիգրանակերտում մնացած վերջին հայի մասին պատմող ֆիլմը և Հոպայում տարածաշրջանային նոր կինոփառատոնի կազմակերպումը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կինոգործիչների մասնակցությամբ: Գուցե թե վերջնական արժանահավատ կինոտեսք ստանա հայ-թուրքական առաջին համատեղ նախագիծը, որի հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության թեմայի գեղարվեստական արծարծումը: ՌԱՍ-ի շրջանակներում ծնունդ առած ևս մեկ նախագիծ շուտով, կարծում եմ, կյանքի կկոչվի: Ամերիկացի երիտասարդ կինոբեմադրիչ Բրադեն Քինգը, քառամյա մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներն ամփոփելով, վաղվանից ձեռնարկում է հայ-ամերիկյան առաջին համատեղ խաղարկային ֆիլմի նկարահանմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ