«ԷՐԳԻՐԸ ՏԵՍԱ ՀՈՐՍ ԱՉՔԵՐՈՎ»


Անվանի արձակագիր ու բանաստեղծ, հրապարակախոս ու խմբագիր Ռաֆայել ՍԱՀԱԿՅԱՆԸ ժամանակ առաջ ընթերցողի սեղանին դրեց «Էրգիրը տեսա հորս աչքերով» վերտառությամբ գեղարվեստափաստագրական հուշապատում-էսսեն, ուր Արևմտյան Հայաստանն է` ցավերի ու տառապանքների, կորուստների ու մորմոքների հայրենիքը: Գրողը մի քանի տարի առաջ ուխտագնացություն է կատարել էրգիր, քայլել այն ճամփաներով, որոնցում դեռևս հայի ոտնահետքեր կան: Ծանոթացել է Վանին ու Մուշին, Էրզրումին ու բոլոր այն բնակավայրերին, որոնցում հայրենակարոտ երգերի արձագանքները դեռևս կախված են օդում: Եվ այդ ամենը դարձրել է իր հուշապատումի առանցքը` կորուսյալ հայրենիքի կերպարը բացահայտելով իր Մուշեղ հոր աչքերով: Յուրատեսակ հանրագիտարան է Ռաֆայել Սահակյանի գիրքը, ուր մանրամասնորեն ներկայացված է Արևմտյան Հայաստանը, ուր գրողի ուշադրության կենտրոնում են հայտնվել Սևրի դաշնագիրը, մեծ տերությունների անամոթ խաղերը… «Էրգիրը տեսա հորս աչքերով» գիրքն արդեն լայն արձագանք է գտել գրական շրջանակներում, նրա թերթային տարբերակն արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության մրցանակին: Ստեղծագործության հանդեպ ձևավորված հետաքրքրությունն էր շատերին հրավիրել Գրողների միություն, ուր տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Արձակագիր, պրոֆեսոր Ռուբեն Մարուխյանը, քանդակագործ, պրոֆեսոր Տարիել Հակոբյանը, ով մասնակիցն է եղել ուխտագնացության, արձակագիր, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, բանաստեղծ Հակոբ Սրապյանը, արձակագիր Խիկար Գեղամյանը չափազանց բարձր գնահատեցին այս գիրքը, խոսեցին նրա գեղարվեստական արժանիքների մասին: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն էլ ոչ միայն գնահատեց գիրքը, այլև խոսեց Ռաֆայել Սահակյանի մարդկային բարձր արժանիքների մասին: Շնորհանդեսը կարծես խախտեց իր ընթացակարգը, դուրս եկավ ծանոթ շրջանակներից ու վերածվեց հայրենապատում զգացումների յուրատիպ պոռթկման, բոլորին տարավ դեպի էրգիր, պարտադրեց խոսել եղեռնի ու ազգային արժանապատվության մասին: Հուշերը, մտորումները ի մի եկան, մեկտեղվեցին: Առավել մտերմիկ ու վեհ դարձավ մթնոլորտը, երբ Ռաֆայել Սահակյանը երգեց Սասնո նշանավոր «Գորանին»` իբրև ապրումի սաղմոս… Ցավալի է, իհարկե, որ այսօրվա մեր ընթերցողը գրեթե անհաղորդ է նման ստեղծագործություններին, որոնք համապատասխան քարոզչություն չեն ունենում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ