Դմ. Մեդվեդև. «Ղարաբաղի խնդիրը շատ բարդ է, բայց լուծելի»


- Ռուսաստանը Ադրբեջանի բարեկամն է, հարևանը, ռազմավարական գործընկերը, և այս հիմքի վրա մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները, - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: -Խնդիրը կարգավորելու հեռանկարներ կան, պետք է նախ և առաջ հիմնվել միջազգային իրավունքի նորմերի և փաստաթղթերի վրա, որ ընդունվել են ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում,- ասել է ՌԴ նախագահը: Մեդվեդևը ընդգծել է, որ, իր կարծիքով, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության գալ Ղարաբաղի հարցում, ու հավելել է, որ առաջխաղացման համար կարևոր է, որպեսզի գործընթացի վրա չազդեն երկրորդական, «երբեմն` շատ բարդ գործոններ»: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը կուզենար Ղարաբաղի հարցում հասնել առավելագույն առաջընթացի, այսինքն` որևէ արդյունքի: Ընդհանրապես, Ղարաբաղի խնդիրը, ըստ կրթությամբ իրավաբան Դմիտրի Մեդվեդևի, «շատ բարդ, բայց լուծելի խնդիր է»: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ որոշակի առաջխաղացում է տեսնում Ղարաբաղի հարցով բանակցություններում: -Իհարկե, այն, որ բանակցությունները դեռևս արդյունքի չեն հանգել, մեզ չի կարող ուրախացնել: Սակայն մենք չենք կարող չնկատել, որ որոշակի առաջխաղացում կա, ասել է Ադրբեջանի նախագահը և հավելել, թե խնդրի կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ալիևի խոսքերով` թեև մնացել են դեռ չհամաձայնեցված հարցեր, բայց ինքը համոզված է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է բավական մոտ ժամանակներս: Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանի հետ կնքել ադրբեջանական գազը եկող տարվանից ամբողջ քանակով գնելու մասին պայմանագիր, և այսօր այդ մասին ասուլիսի ժամանակ են խոսել են նաև նախագահները: Մասնավորապես, Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է տվյալ հարցով բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ: Ադրբեջանցի գործընկերոջ հետ Ռուսաստանի նախագահը ունեցել է նաև դռնփակ հանդիպում: * * * Որպես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպման հնարավոր ժամկետ նշվում է մայիսի 7-ը, երբ երկու պետությունների ղեկավարները Պրահայում մասնակցելու են Եվրամիության գագաթնաժողովին: Ավելի ուշ` հունիսի սկզբին, ևս մեկ հանդիպում է նախատեսվում արդեն Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցկացվելու է հերթական միջազգային տնտեսական համաժողովը: Այդ համաժողովի շրջանակներում անցած տարի կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, իսկ այս անգամ Ռուսաստանը առաջարկում է փոխել հանդիպման ձևաչափը և այն դարձնել եռակողմ` նաև Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: Մեկնաբանների կարծիքով` Ռուսաստանին կհաջողվի ստանալ և° Ադրբեջանի, և° Հայաստանի նախագահների համաձայնությունը: