ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ 80 Մեծերին արժևորելով ենք արժևորվում


Մնայուն երաժշտարվեստի հանրաճանաչմանը միտված իր կարևորագույն դերակատարությունը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) վերստին հավաստեց մեծավաստակ կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի 80-ամյակը նշանավորող բազմաբովանդակ հանդիսությամբ: Թող որ հանրապետության մի քանի հայտնի երաժշտախմբեր զլացել էին մասնակցել ազգային երաժշտության ձայնադարանն իր բեղուն ժառանգությամբ հարստացրած արվեստագետի մեծարանքին: Քառորդ դար Պետրոսյանի գործերի առաջին կատարող Տիգրան Հեքեքյանի երախտագետ ակտիվությամբ` կազմակերպիչները հաջողել էին մեկ երեկոյի ընթացքում հնարավորինս ամբողջացնել բոլոր ժանրերում (սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, վոկալ և գործիքային, էստրադային) ստեղծագործած արվեստագետի ինքնատիպ նկարագիրը: Թե° Պետրոսյանը, թե° Հեքեքյանը մութ ու ցուրտ տարիներին հաղթել էին երաժշտության զորեղ ներուժով: Եվ «Հայաստանի փոքրիկ երգիչներն» իրենց մեծագույն բարեկամ երգահանին կարողացան պատշաճ մեծարել` մանկապատանեկան անկեղծ թրթիռով զրնգացնելով ՀՌՀ «Արևիկ» վոկալգործիքային համույթի հիմնադիր-ղեկավարի (1979-86 թթ.) հարյուրավոր գործերից շատերը: Պետրոսյանի 300ից ավելի հեղինակային և նույնքան մշակված ու գործիքավորված երաժշտակտավներ են համալրել Ազգային ռադիոյի ձայնադարանը: Նրա տարերքն է եղել մարդկային ձայնը, ինչի վկայությունը խմբերգերի, ռոմանսների, երգերի գերակշռությունն է: Բանակաշինության հոգևոր սյուների ամրապնդման մեջ ունեցած մեծ երախտիքին իր հարգալից տուրքն է մատուցում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի փողային նվագախումբը (ղեկավար` գնդապետ Արմեն Պողոսյան), որի կազմում էր կոմպոզիտորի թոռնիկը: Ընդամենը 16 օրում մշակած նրա «Երազ իմ երկիր, Հայաստան» օրհներգն է զինվորների շուրթերին: Քանի¯քանի ձոներգեր է վարդերի նման շաղ տվել Պետրոսյանը` խանդավառելով մարտական կորովն իր հայրենակիցների` զինվորից մինչև սպարապետ: Հեղինակել է նաև «Երկրապահի» և «Արծիվ մահապարտի» օրհներգերը: Ի դեպ, անկախական նրա «երաժշտապայքարը» պաշտոնապես ըստ արժանվույն գնահատվել է 1995ին` ՀՀ ՊՆ Ոսկե հուշամեդալով: Ուշագրավ մի հանգամանք. պարտադիր զինծառայության է գնացել որպես շեփորահար` վերադառնալով որպես լուրջ ստեղծագործող: Ամենևին պատահական չէր, որ 14 տարեկանից երաժշտակրթությունը սրընթաց խորացրած շնորհառատ Ռոբերտ Պետրոսյանը, գերազանցության դիպլոմով ավարտելով բարձրակարգ մասնագիտացումը ԵՊԿ Գրիգոր Եղիազարյանի արվեստանոցում, համակողմանի օգտակար գործունեություն է ծավալել: Նախ` Սունդուկյանի անվան թատրոնում (1960-70 թթ.)` որպես շեփորահար, երաժշտական մասի վարիչ և դիրիժոր: Ապա` որպես մանկավարժ և մի շարք էստրադային, ժողովրդական համույթների կազմակերպիչ: Իր հոբելյանակատարության խթանով կազմավորված «Արեգա» կամերային երկսեռ երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար` Գայանե Բաղդասարյան), անկասկած, ցնծությամբ կընդուներ արվեստի համեստ մշակը, ով երբեք փառամոլությամբ չի տառապել: Միաժամանակ ստեղծագործել է թե° մանուկների, թե° մեծերի, թե° պրոֆեսիոնալների, թե° սիրողների համար` իր 77 գործերի համար արժանանալով ԽՍՀՄ և հանրապետական հեղինակավոր մրցանակների: Երբ համերգային ծրագիրը մեջընդմիջվում է «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմահարթակի 2 կողմերում տեղադրված էկրաններից ցուցադրվող փաստավավերագրական կինոկադրերով, ականավոր երաժշտի աներևույթ ներկայությունն է թանձրանում: Անծանոթներին հարազատանում է պարզ ու անկեղծ, աշխարհի համար բաց սրտով արվեստագետը: Շեփորահարների անսամբլի (ղեկավար` Ջոն Սարգսյան) «Ողջույն»ից փոխանցվելով «Արեգա»ի դեբյուտային տպավորիչ կատարումներին, կիզակետվում է «Հայաստանի փոքրիկ երգիչների» երգաշարով ու զինվորական փողայինների «Արևելյան պար»ով և «Տոնական քայլերգ»ով: Փոքրիկ «Աստղիկներն» ու ներկայիս «Արևիկ»ները (գեղ. ղեկավար` Արմեն Գևորգյան) մանկական խինդով են լցնում համերգասրահը: Ցավոք, լարից ընկած գործիքի տպավորություն են թողնում Հանրային հեռուստառադիոընկերության էստրադայինսիմֆոնիկ երաժշտախմբի (գեղ. ղեկավար` Երվանդ Երզնկյան) որոշ կատարումներ: Ի տարբերություն Համլետ Գևորգյանի` Նաիրա Բադալյանի մեներգերը պարզապես հակագեղագիտական էին: (Դահլիճի ընդվզումը հուսադրեց հանրահայտ երաժիշտկատարող Արա Գևորգյանին, որ մեր ժողովուրդը պահպանել է բարձր երգարվեստի գնահատման նշաձողը): Փառք Աստծո, ընդհանուր առմամբ հանդիսանքն արժանիորեն է իրագործում մեծարանքի առաքելությունը: Տեղեկացվելով, որ պետությունը նախաձեռնել է նաև ժառանգության լույս ընծայումը, երաժշտասերները, սրտապնդված են հեռանում: Նունե և Սյուզան դաշնակահարուհի դուստրերի նախանձախնդրությամբ, պետության ու մշակութասեր անհատների աջակցությամբ, ուրեմն, կարելի կլինի ապրեցնել կոմպոզիտորի ժառանգությունը: Մեծերին արժևորելով ենք արժևորվում ինքներս: Ռոբերտ Պետրոսյանի միակ ցանկությունը, փաստորեն, ի կատար է ածվում: - Երազում եմ նվաճել իմ ժողովրդի սերը, ասում էր նա: Նրա ողջ կյանքն է սիրով արարման անվերջանալի ընթացք եղել: Բարություն ճառագող էությամբ նա անցել է իր երկրային ուղին` ապրեցնելով ուրիշներին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ