ՄԱՐԶԱՇԽԱՐՀ «ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑԻ ՀՈՐՍ ԵՎ ՄԱՐԶԻՉԻՍ ԵՐԱԶԱՆՔԸ»


2010Թ. ՀՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ, ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ Ծննդյան թիվը` 1988. Ազգությունը` հայ. Դավանանքը` քրիստոնյա, Հայ Առաքելական Եկեղեցու անդամ. Ընտանեկան դրությունը` չամուսնացած. Կշիռը` մրցման ժամանակ` 77 կգ, առօրյայում` 80 Հասակը` 168 սմ. Կենդանակերպի նշանը` երկվորյակ. Անկուսակցական, չդատված ԱՌԱՋԻՆ «ՄՈՏԵՑՈՒՄ» - Մարզական քայլերդ ե՞րբ ես սկսել, Տիգրան: - 11 տարեկանում, Աշոտ Մխիթարյանի մոտ, որին եմ պարտական բոլոր նվաճումներիս համար: - Ունեի՞ր կուռք ծանրամարտում: - Այո, Յուրի Վարդանյան: - Առաջին հաջողությո՞ւնդ: - Հաղթանակ 2000 թվականի Գյումրու պատանեկան առաջնությունում: ԵՐԿՐՈՐԴ «ՄՈՏԵՑՈՒՄ» -Ամփոփե՞նք. 3-րդ հազարամյակի 10-րդ տարին: - Սիրով: 2010-ին դարձա աշխարհի չեմպիոն: Դա հորս և մարզիչիս‘ Աշոտ Մխիթարյանի երազանքն էր: Ափսոս, նրանք չտեսան: Երկուսն էլ վաղ հեռացան այս աշխարհից: Նաև ճանաչվեցի Հայաստանի 2010 թվականի լավագույն մարզիկ: - Հաջողություններդ հիշվող են: Իսկ որո՞նք են չմոռացվող անհաջողություններդ: - Չունեմ: Եթե եղել է, աշխատել եմ շուտ մոռանալ: Եվ դա հաջողվել է իմ կամքի ուժով: Դրա համար էլ հիմա չեմ հիշում: Եթե սկսում եմ ընկճվել, որևէ կերպ բարձրացնում եմ տրամադրությունս: Բայց հակառակը ևս կարողանում եմ անել: Երբ զգում եմ, որ շատ եմ ուրախանում որևէ հաջողությունից, ինձ զսպում եմ: Մարզիկի համար հավասարակշռվածությունն ամենակարևորն է: - Երբ արդեն հարթակում ես, լսում ու կատարու՞մ ես հանդերձարանից հնչող մարզիչիդ խորհուրդները: - Ոչ: Երբ հարթակում եմ, այնքան կենտրոնացած եմ լինում, որ ոչինչ չեմ լսում, բացի մրցավարի ազդանշանից ու ոչինչ չեմ տեսնում, բացի ծանրաձողից: Մարզիչները ևս դա գիտեն, բայց իրենք էլ այնքան լարված են լինում, որ բնազդաբար հուշում են: Միայն երկաթին հաղթելուց հետո են աչքերս ու ականջներս «բացվում»: Այդ ժամանակ լսում եմ նաև համակիրներիս ուրախությունն արտահայտող բացականչությունները: Իսկ մինչ հարթակ բարձրանալն ամբողջովին ենթարկվում եմ մարզիչի ցուցումներին: Այլապես Եվրոպայի 5 և աշխարհի 4 ռեկորդ չէի կարողանա սահմանել: - Մրցակիցներդ կուլիսներում փորձու՞մ են ազդել վրադ, հոգեբանորեն ճնշել քեզ: - Երբեմն լինում են նման փորձեր, բայց դրանք ինձ ավելի են խթանում: Մտքում ասում եմ` «քիչ հետո կտեսնենք, թե ով` ում»: ԵՐՐՈՐԴ «ՄՈՏԵՑՈՒՄ» - Վագրի տարում ապացուցեցիր, որ իսկական ՏԻԳՐան ես: Վախկոտ նապաստակից ի՞նչ սպասելիք ունես: - Ընկերս կարդացել ու ինձ ասել է, որ նապաստակի տարին Երկվորյակի համար հանգիստ է լինելու, բարեհաջող` կարիերայի և մասնագիտական աճի հետ կապված: Քիչ է հավանական, որ ուժեղ հույզեր, գլխապտույտ սիրային պատմություններ ու բուռն կրքեր ունենամ: Բայց աստղագուշակությանը կարևորություն չեմ տալիս: Իսկ վախկոտ նապաստակի առիթով ասեմ, որ այդ կենդանին ևս կարողանում է իրեն պաշտպանել: Պայքարելու եմ չեմպիոնության համար: Երկուական անգամ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների չեմպիոն եմ դարձել: Բոլորն ասում են, որ արդեն ժամանակն է կրկնապատկելու նաև աշխարհի չեմպիոնությունը: 2011 թիվը ևս դա է հուշում. երկու հատ 1, այսինքն` առաջին տեղ: Մի քանի օրից կմեկնեմ ուսումնամարզական հավաքի: Իսկ մրցումներին գնալուց առաջ, ինչպես միշտ, կայցելեմ եկեղեցի, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդարան` Սրբազան Հորից օրհնություն ստանալու: - Օլիմպիական խաղերը ևս սարերի հետևում չեն: Պեկինի բրոնզը քեզ համար քիչ չէ՞ր: - Այն ժամանակ իմ հնարավորություններն այդքան էին: Հիմա բարձր են, իսկ 2012-ին ես ավելիին եմ ձգտելու: Չէ՞ որ յուրաքանչյուր հաղթանակ ավելի է կոփում մարդուն ու վստահություն հաղորդում: Ֆիզիկապես և հոգեպես արդեն կենտրոնացած եմ այդ նվիրական նպատակի վրա: Կձգտեմ արդարացնել համակիրներիս հույսերը: ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ Սիրած կենդանին` վագր Սիրած հագուստը` դասական Սիրած եղանակը` ամռան սկիզբ Սիրած տոնը` Ամանոր Սիրած նկարիչը` Այվազովսկի Սիրած գիրքը` «Կոմս Մոնտե Քրիստո» Սիրած գրողը` Ալեքսանդր Դյումա Սիրած դերասանը` Նիկո ¥Սթիվեն Սիգալ¤ Սիրած երգիչը` Խուլիո Իգլեսիաս Սիրած ավտոմեքենան` «Մերսեդես» Սիրած քաղաքները` Երևան, Ստրասբուրգ Սիրած արտասահմանյան երկիրը` Իտալիա Սիրած ուտելիքը` սպանախ Սիրած քաղցրավենիքը` չունեմ Սիրած խմիչքը` չունեմ, չեմ սիրում Չսիրած գիծը քո բնավորությունում` շտապողականությունը Չսիրած գծերը մարդկանց մեջ` ստախոսությունը, դավաճանությունը ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՈՏԵՑՈՒՄ - Երկու Տիգրան Մարտիրոսյան մի երկրի հավաքականի համար շատ չէ, բայց դա ձեզ չի՞ խանգարում: - Ոչ, բայց բազմաթիվ զվարճալի դեպքերի առիթ է դառնում: Օրինակ, իմ բարեկամների հետ մի քանի անգամ պատահել է, որ հեռուստացույցով դիտել են մյուս Տիգրանի ելույթը և զարմացել. «Էս մեր Տիգրանը մի քանի ամսվա ընթացքում ի՞նչխ է մեծացել, փոխվել»: Բայց, ամենակարևորը, դա պարտադրում է անպայման հնչեցնել մեր հայրերի անունները, որը մեզ ավելի է պարտավորեցնում: - Մարզական կենսագրությունդ ավարտելուց հետո ինչո՞վ պիտի զբաղվես: - Այդ մասին մտածելու ժամանակ չունեմ: Դեռ շատ շուտ է: Բայց սովորում եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում: - Կարելի է պատկերացնել, թե որքան ծանրաբեռնված են մարզումներդ: Ե՞րբ ես հասցնում սովորել: - Մարզիկներս միշտ, հատկապես ուսումնամարզական հավաքների ընթացքում, շատ խիստ ռեժիմով ենք ապրում: Մարզումներից ազատ ժամանակ` հանգստանալիս էլ հենց դասերովս եմ զբաղվում: Շատ եմ սիրում պատմական թեմաներով և նշանավոր մարդկանց կյանքին նվիրված վեպեր, փաստագրական գրքեր կարդալ: Դրանք կարդում եմ նաև մրցումների օրերին, օգնում է: - Այլ երկիր տեղափոխվելու առաջարկներ եղե՞լ են: - Այդ հարցն ինձ համար փակ է ի սկզբանե, ինչպիսի առաջարկ էլ ուզում է լինի: - «Նախավարժանքի» հարցերի ժամանակ սիրածդ քաղաքների թվում Գյումրին չնշեցիր: - Դե, հայրաքաղաք Գյումրին ամեն ինչում մրցակցությունից դուրս է: - Քո սիրած տոնը` Ամանորը, որտեղ և ինչպես անցկացրեցիր: - Ինչպես միշտ` ընտանիքիս հետ և ինչպես միշտ‘ ուրախ, բայց` սթափ: - Նոր սկսված տարում ի՞նչ կմաղթես մեր ընթերցողներին, քո համակիրներին: - Մեր ողջ ժողովրդին մաղթում եմ միայն հաղթանակներ, առաջընթաց և ռեկորդներ բոլոր բնագավառներում:

Սուսաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ, Համլետ ՄՈՍԻՆՅԱՆ