Ամանոր


Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀՀ վարչապետ - Ազգային արժեքների վերագտնելու ամենամեծ ձեռքբերումը համարում եմ հարգանքն անցյալի և հավատը ապագայի հանդեպ: Ասել է թե, չկորցնելով անցյալը, փորձենք այնպիսի արժեքներ ստեղծել, ինչպիսին դարերի հոլովույթում ստեղծել են մեր նախնիները: Իմաստուն է մեր ժողովուրդը իր մեծ հավատամքով` անցյալ չունեցողը ապագա էլ չունի: Հայ մարդը սնվում է իր ակունքներից, հասկանում, որ ինքը անցյալի ժառանգորդն է ու ապագայի ավանդողը: Մեր ժողովուրդը ազգապահպանության առաքելությամբ է անցել ճանապարհը: Սիրելով հայրենիքը` ցանկացել է իրականացված տեսնել իր լավագույն երազանքները, ու, խարիսխ դարձնելով հայրենիքի հանդեպ սերը, լավատեսության նախանձելի մղումով է պահպանել Մայր հայրենիքը: Առհավատչյան` թանկ գնով նվաճված Անկախությունը: Սա արդեն մեծ ձեռքբերում է և հիրավի բարձր արժեք... Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆ. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ - Մեզանում քաղաքական համակարգը դեռևս կայացման անցումային փուլում է: Ասել է թե` կայանալու կարևորագույն խնդիրը լուծված չէ: Քաղաքական գործունեությանն, ընդհանրապես, բնորոշ պետք է լինի առողջ մրցակցությունը և իրատեսական մոտեցումը ժամանակի առաջադրած հարցերին` ինչ խոսք, տվյալ կուսակցության գաղափարախոսությամբ պայմանավորված,- ասում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: - Վերջին շրջանում Հանրապետականը յուրօրինակ նշաձող կամ թիրախ է դարձել` հատկապես ընդդիմության դաշտում ինքնահաստատման ձգտող ուժերի համար: Եվ այդ նկրտումներում աչքի է զարնում մի «նրբություն». քաղաքական վերադասավորումների, կուսակցությունների համալրման, հանրության հետ աշխատանքների ակտիվացման գործընթացներից անմասն չէ ոչ մի ուժ, ինչը բնականոն է, օրինաչափ, սակայն Հանրապետականին հաճախ մեղադրում են հենց դրա համար: Չարախնդացողներ էլ կան` թե ՀՀԿ-ին անդամագրվում են մարդիկ, ովքեր անարժան են, հեռու են կուսակցության գաղափարախոսությունից: - Ասվածի վերջին մասը հատկապես պետք է որ հուշի ամենակարևորը` Հանրապետականն, իրոք, հավատարիմ է ազգային պահպանողական իր գաղափարախոսությանը: Ինչ վերաբերում է մնացյալին` հավատացեք, մենք ժամանակ և ցանկություն չունենք սևեռվելու, թե ով ինչ է անում: Առավել ևս, ինչպես դուք եք նշում, չարախնդացողների խոսքերին ականջալուր չենք: ՀՀԿ ծրագրերը սերտորեն շաղկապված են մեր պետականության կայացման ամրապնդման հետ: Ինչը և եղել է մեր գործունեության հիմքում, և ինչ չափով որ մենք պատասխանատվություն ենք ստանձնել: Ի դեպ, ազգային պահպանողական և ցեղակրոնություն ասվածները շատերը չեն ուզում, կամ չեն կարողանում ընկալել և աղավաղում են: Մենք այդպիսի ելույթներն էլ հանգիստ ենք ընդունում, որովհետև նման վերաբերմունքից տուժում է ոչ թե մեր գաղափարախոսությունը, ոչ էլ մանավանդ մեր կուսակցության որդեգրած քաղաքականությունը, սեփական ազնվությունն են այդպիսի մարդիկ կասկածի տակ առնում: Դա արդեն իրենց խնդիրն է և եթե մտահոգվելու առիթ կա, ապա թող իրենք էլ մտածեն: Կրկնում եմ` ճշմարիտ գաղափարախոսությունը չի կարող, չպե°տք է տարբերվի մեր առանձին քաղաքական գործիչների նման: Մինչդեռ կա նաև հակառակ փաստը: Այսօր կան կուսակցություններ, որոնց լիդերները և կուսակցության անդամները նախկին կոմունիստներ են: Այսինքն նրանք արդեն ընդունել են ազատական գաղափարախոսությունը և լծված են միասին կառուցել նման, ազատական Հայաստան: Դա մեր հաղթանակն է: Չեմ կարծում, որ նրանք նորից հետդարձի ճանապարհ ունեն: Դրանք ընդամենը հիշողություններ են, այսինքն մի քիչ կապված են սոցիալական խնդիրների հետ: Համեմատած 6-7 տարի առաջ, այսինքն 98-ից այս կողմ, երբ մենք պատասխանատվություն վերցրեցինք պետության, տնտեսության համար, հիշում ենք` այն ժամանակ աշխատավարձերը, թոշակները չէին վճարվում, բայց կամաց-կամաց մենք կայունացրինք: Ապագան ավելի կայուն կլինի: Ուզում եմ առիթն օգտագործելով` շնորհավորել մեր բոլոր հայրենակիցներին գալիք Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնի առթիվ և մաղթել ամենայն լավն ու բարին: 2007-ին թող խաղաղությունը թևածի հայոց աշխարհում, և իրագործվեն բոլոր իղձերը:

Գոհար ԲՈՏՈՅԱՆ