ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ «ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՀԵՌԱՆԱ…


Վերջին օրերի քաղաքական ամենամեծ ինտրիգը կապակցվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Որոշ քաղաքագետների դիտարկմամբ` այս կուսակցությունը պատրաստվում է լքել կոալիցիան` հետագայում ինքնուրույնաբար շարունակելու իր գործունեությունն ու 2012-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որպես ինքնուրույն քաղաքական ուժ: Քաղաքական ասեկոսեների և սուր ինտրիգների սիրահարներն այն լուրերն են տարածում, իբրև թե նախագահ Սերժ Սարգսյանը խիստ խոսակցություն է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ` պահանջելով կողմնորոշվել: Եվ, ըստ շրջանառվող լուրերի, այս խոսակցությունն էլ առիթ է դարձել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի կոալիցիայից հեռանալու մասին, իսկ որոշումն էլ կհրապարակվի առաջիկա օրերին: Իրականում եղե՞լ է խոսակցություն նախագահ Սարգսյանի և Ծառուկյանի միջև` էական չէ, որովհետև քաղաքական երկխոսությունները, չհրապարակված հանդիպումներն ու քննարկումները բնորոշ են ցանկացած երկրի քաղաքական ուժերին: Առավել հետաքրքրողն այն է, թե ինչու պետք է ԲՀԿ-ն հեռանա կոալիցիայից և հեռանալու դեպքում` ինչ մարտավարություն է որդեգրելու: Դեռևս տարեսկզբից էր խոսվում այն մասին, որ Ծառուկյանը պատրաստվում է հեռանալ, անգամ կուսակցության համագումարի նախօրյակին հեռացման հարցն էր համարվում գլխավորը: Համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հստակ պատասխան չտվեց, սակայն հետագայում պարզ դարձավ, որ նա իր հավատարմությունն է հայտնել կոալիցիային` շարունակելով պատասխանատվություն կրել երկրում կատարվող գործընթացների համար: Բայց դա էլ չփարատեց կասկածները, որ «Բարգավաճը» այնուամենայնիվ կհեռանա` կոալիցիայի շարքերում մնալու մասին նրա հայտարարությունը համարելով յուրատեսակ «թայմ աուտ»: Եվ ահա այսօր չափազանց իրատեսական է համարվում «անկախացումը» իշխանությունից: Խոսելով կուսակցությունների և իշխանությունների միջև ձևավորվող նմանատիպ հարաբերությունների մասին, Չերչիլը միշտ ասում էր. «Պետք չէ ողբերգություն սարքել և վերլուծություններ անել, քանի որ ամեն ինչ ունի իր տրամաբանությունը»: Այս դեպքում ևս կարելի է ասել, որ ամեն ինչ ունի իր տրամաբանությունը: Իսկ տրամաբանության առանցքում անպայմանորեն քաղաքական կոնյուկ տուրայի և նախընտրական մարտավարության խնդիրն է: Անկախ այն բանից` Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն թե՞ ոչ, կկամենա մասնակցել նախագահական ընտրություններին թե՞ ոչ` «Բարգավաճի» և իշխանությունների «ապահարզանը» սպասվող է եղել: Երկու հզոր կուսակցությունների` Հանրապետականի և «Բարգավաճի» ներկայությունը միևնույն կոալիցիայում որքան արդյունավետ, քաղաքականապես հետաքրքիր էր, նույնքան էլ «վտանգավոր»` ամբիցիաների և ռազմավարության առումով: Համագործակցելով և միասին ձևավորելով կառավարությունը, այս կուսակցություններից յուրաքանչյուրը, բնականաբար, վաղ թե ուշ պիտի ձգտեր հատկապես նախընտրական շրջանում առանձնանալ` բազմաբևեռ դարձնելով ընտրական պայքարն ու առաջ մղելով սեփական գաղափարախոսությունը: Ավելին, պիտի ծնունդ առներ նաև յուրատեսակ մրցակցությունը, որովհետև ցանկացած քաղաքական ուժ, լինելով որևէ կոալիցիայի կազմում, անպայմանորեն մտածում է նաև սեփական «դիվիդենտների» մասին: Իսկ «Բարգավաճը» չէր կարող չմտածել, մանավանդ որ կուսակցության առաջնորդի իրականացրած բարեգործական մեծ ծրագրերը, սպորտի, կրթության և մշակույթի ոլորտում նրա ներդրումները արդեն իսկ ստեղծում են հզոր «քաղաքական բազա»: Ուրեմն ինչո՞ւ չձևավորել սեփական ընտրազանգվածը` այսպես ուժեղացնելով դիրքային պայքարը… Սա հարցի մի կողմն է: Կա նաև մյուս կողմը, որը չի կարող անտեսվել: Որքան էլ «Օրինաց երկիրը» հանրության մի մեծ մասի կողմից լրջորեն չի ընդունվում, որքան էլ այս կուսակցության հանդեպ առկա է ժխտողական վերաբերմունքը, այնուհանդերձ նկատելի է, որ երկրի իշխանությունները սատարում են այս ուժին` ամեն ինչ անելով հանրության շրջանում նրա քաղաքական վարկի բարձրացման համար: Հանրապետականին դիտարկելով որպես ուրույն «լոկոմոտիվի»` իշխանությունները պետք է որ մտահոգվեն «երկրորդ էշելոնի» ստեղծմամբ, որն առավել հզոր կդարձնի Հանրապետականին և կմեծացնի նրա իշխանության հաստատման հնարավորությունը: Այսինքն, քաղաքական «ավանգարդի» կողքին ձևավորվում են «դիրքապահ ուժեր», իսկ ահա «Բարգավաճ Հայաստանը» երբեք չէր համաձայնի լինել «դիրքապահ ուժ»` հաշվի առնելով նրա ունեցած տեղը քաղաքական կյանքում և ամբիցիաները: Հետևաբար, գալիք խորհրդարանական ընտրություններում լինելու է չափազանց հետաքրքիր դիրքավորում, որը կարելի է համարել Հանրապետականի նոր մարտավարական ձեռքբերումը: «Բարգավաճ Հայաստանը», բնականաբար, չի կարող վերածվել արմատական ընդդիմության, այլ կատարելու է միայն հավասարակշռված ընդդիմության դերը` այս դաշտը կիսելով Դաշնակցության և «Ժառանգության» հետ: Նման «կոալիցիայի» առկայությունը փոխում է ընտրությունների որակը, ներմուծում արևմտյան մոդելն ու կուսակցություններից յուրաքանչյուրին հնարավորություն տալիս` «կատաղի» պայքար մղելու սեփական դիրքերի ամրապնդման և գաղափարների տարածման համար: Պայքարի նման մոդելը թուլացնում է ընդդիմության դիրքերը, որը ոչինչ չունի ընտրազանգվածին տալու, բացի հնացած կոչերից: Այն կարծիքը, թե նման պարագայում ընտրազանգվածն առավելապես կկողմնորոշվի դեպի ընդդիմությունը` արդարացված չէ, քանզի թե´ Հանրապետականը, թե´ ԲՀԿ¬ն, թե´ ՀՅԴ¬ն ունեն արդեն ձևավորված ընտրազանգված. որոշակի ընտրազանգված կապահովի նաև «Օրինաց երկիրը»` քաղաքական դաշտում զբաղեցնելով այն տեղը, որը ցանկացած երկրում հիմնականում զբաղեցնում են ռամկավարական ուժերն ու ազատական գաղափարների կողմնակիցները: Ընդդիմությանը կմնա դժգոհ զանգվածը, որն էլ ամենալյումպենն է և ամենահեղհեղուկը: Այս ամենը նշանակում է, որ, խոշոր հաշվով, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ուժերի կտրուկ փոփոխություն տեղի չի ունենալու, նորից նույն կուսակցություններն են վճռելու խորհրդարանական տեղերի բաշխման ճակատագիրն ու հանդիսանալու են իշխող ուժեր: Հետևաբար, չարժե լուրջ հետևանքներ որոնել այն բանի համար, որ ԲՀԿ-ն կարող է հեռանալ կոալիցիայից: Ավելին, նրա հեռացումը մտնում է քաղաքական «բարեկրթության» ծիրի մեջ և չի ձևավորում սուր դիմակայություն իշխանության հետ…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ