«ՔԵԶ» ՀԱՄԱՐ` ՀԱՆՈՒՆ ...


Վաղուց խմորվող ռուս-ադրբեջանական մեծ գործարքը կայացավ. նշված երկրների միջև օրերս ստորագրված համաձայնագրի արդյունքում մեր հյուսիսային հարևանը մեզ սահմանակից Ադրբեջանից սկսելու է գազ գնել: Անկեղծ ասած` այստեղ անսպասելի ոչինչ էլ չկար, բացի խորհրդանշական մի «դետալից»: Ռուս-ադրբեջանական գազային համաձայնագիրը ստորագրվեց ճիշտ այն օրը, երբ Հայաստանի և Թուրքիայի նախագահներն էին տնտեսական համագործակցության սերտացման բանակցությունների շրջանակներում հանդիպել… Սակայն ֆուտբոլային դիվանագիտության թեման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը մի կողմ թողնենք, քանի որ թեկուզև ոչ հեռու ապագայի ու հեռանկարների մասին խորհելու փոխարեն ճիշտ կլինի, դիցուք` հենց առաջիկա ձմռան ու դրա հաղթահարման մասին մտածենք: Եվ փաստորեն մեր պարագայում ստացվեց այնպես, որ հետայսու ադրբեջանական գազը Ռուսաստանում «ֆիլտրվելուց» հետո չնչին շեղումներով նույն ճանապարհն է կտրելու` Հայաստան հասնելու համար: Առաջին հայացքից սրանում ողբերգության տարրեր կարիք չկա փնտրել, որովհետև եթե մինչև հիմա սպառել ու դեռ մի քանի անգամ ավելի շատ ենք նախատեսում թուրքական արտադրության սննդամթերք ու զանազան այլ ապրանքներ իրացնել, ապա ծխի ու գոլորշու տեսքով հօդս ցնդելիք ադրբեջանական գազի ներհոսքը ոչ սիրով, ոչ էլ դժկամությամբ պետք է «դիմավորել»: Որոշ շրջանակներից սպասվող պնդումներին էլ, թե Բաքվի նավթադոլարներին հիմա էլ գազադոլարներն են հավելվելու, բնականաբար, անհնար է միջամտել: Ուստիև դժգոհենք, թե անտարբեր մնանք` միևնույն է. նշված գործընթացն անկասելի է. այսպես թե այնպես գործարքը կայացել է: Եվ եթե նույնիսկ ոչ բարեկամ հանրապետության վաճառած վառելիքի ներհոսքը մեր երկիր բոյկոտվի, այնուամենայնիվ, այն ուզած քանակությամբ սպառվելու է գործարքը ստորագրած ու տվյալ դեպքում գնորդի դերում հանդես եկող Ռուսաստանում: Ավելին, հոկտեմբերի 14-ի համաձայնագիրը մի հետաքրքիր զուգադիպությամբ ևս ուղեկցվեց. հավաստի աղբյուրներն անսպասելիորեն սկսեցին գազի սակագնի նվազման ծրագրի մասին պնդել` կոնկրետացնելով, թե 1000 խորանարդ մետրի դիմաց տարեսկզբից ոչ թե 200, այլ 180 դոլար պետք է վճարվի… Այստեղ ադրբեջանական հետք փնտրել իհարկե չարժե: Մանավանդ, որ շուտով պաշտոնապես հրապարակվելիք որոշման առանցքում ոչ այլ ինչ է ընկած, քան «Հայռուսգազարդի» ու «Գազպրոմի» տևական բանակցությունները և իբրև հետևանք` հավանաբար ներկայում վերջնական տեսքի բերվող համաձայնագիրը: Ընդ որում, ամենահետաքրքիրն այն է, որ գազի գործող սակագինն իրականում չի էլ էժանանալու: Պարզապես երկու տարի առաջ ստորագրված եռամյա պայմանագրով նախատեսված է եղել հաջորդ տարվանից Հայաստանին մատակարարվող ռուսական (՞) գազի գինը վերանայել, և 1000 խորանարդ մետրի գինը 200 դոլար սահմանել… Այնպես որ, տեղի ունեցածը բոլորովին էլ չարժե հաճելի անակնկալ համարել: Թեպետ հարկ է նաև խոստովանել, որ հանրությունը վաղուց այլևս ցանկացած անտրամաբանական երևույթ, անկախ դրա պարունակած արտառոց տարրերից, ոչ լավ ոչ էլ վատ իմաստով իբրև անակնկալ չի ընդունում: Ո՞վ չի հիշում, որ Հայաստանում գազի սակագինը թանկացել է անգամ դոլարի սրընթաց արժեզրկմանը զուգահեռ: Իսկ հիմա, երբ տարեսկզբի համեմատ ամերիկյան արժույթն արժևորվել է ամբողջ 80 դրամով ու դեռ հայտնի չէ, թե դեկտեմբերի վերջին 1 դոլարը որքան է արժենալու, նույնքան անհայտ է մնում, թե 200-ից 180 դոլարի հասած գազի սակագինը հաջորդ տարի դրամային ինչ արտահայտություն է ունենալու: Համենայն դեպս, միանգամայն պարզ է, որ տարբեր բացատրություններով բարձրացվող սակագնից և° շարքային սպառողն է տուժելու, և° վերջնականապես շնչահեղձ լինելուն շատ մոտ տնտեսությունը, ու որքան էլ զարմանալի լինի, այս պարագայում` նաև պետական բյուջեն… Եվ իրոք, թվում է, թե թանկացման հանրագումարում ավելի բարձր գնով վճարվող խորանարդների դիմաց «Հայռուսգազարդի» (ով երկրի խոշորագույն հարկատուներից է) վճարումները կաճեն: Մինչդեռ այս պարագայում ավելի հավանական է, որ հակառակ գործընթացի ականատեսը դառնանք: Մի քանի անգամ (և ոչ միայն այս կառույցի օրինակով) փաստվել է, որ մեզանում ծառայության կամ ապրանքի գնաճը հանգեցնում է սպառման ծավալների անկման: Իսկ նախապես հայտարարված 200 դոլարանոց սակագինը, որ Ռուսաստանն անսպասելիորեն որոշեց վերանայել, ոչ թե Հայաստանի «սիրուն աչքերով» հմայված լինելու, այլ նույն իրացման խնդիրը չտապալելու միտումն ունի: Ֆինանսատնտեսական ճգնաժամը Ռուսաստանի խաղաթղթերը այս առումով ևս խառնել է, և գազի սակագինը ոչ միայն նախկին խորհրդային հանրապետությունների, այլ նաև ռուսական գազի հույսին մնացած եվրոպական երկրների համար է վերանայվելու: Ակնհայտորեն հաշվարկը նախաճգնաժամային ժամանակների էր, երբ ողջ աշխարհում վառելիքաէներգետիկ ռեսուրսները շարունակաբար թանկանում էին, և, ասենք, Ադրբեջանից գազ առնել-ծախելու հեռանկարների ֆոնին ռուսական ախորժակը հետզհետե ավելի ու ավելի էր գրգռվում… Մինչդեռ վիճակագիրներն ամփոփել են, որ ամբողջ մոլորակն է սկսել ավելի քիչ վառելիք սպառել, իսկ գազի պարագայում անկումը կլորիկ 20 տոկոսով է արտահայտվում: Եթե ասվածին հավելենք, որ մեր երկրում տնտեսության հետընթացը գերազանցեց բոլոր նախնական կանխատեսումները և վերհիշենք, որ նույն ԱՊՀ երկրների շարքում այս առումով առաջատարն էինք, ուրեմն միանգամայն հավատընծա է դառնում Հայաստանում գազի սպառման ծավալների մինչև 40 տոկոսի հասած նվազման ցուցանիշը: Երկնագույն վառելիքն, իհարկե, փչացող բանջարեղեն չէ, որից վաճառողը րոպե առաջ ազատվել է ցանկանում կամ ինքն է փորձում պահածոյացնել: Սակայն Ռուսաստանը Ադրբեջանի հետ գործարքը հենց այնպես վառելիք պահեստավորելու նպատակով չի կնքել: Անկախ ամեն ինչից` այս տարեսկզբին գազի 1000 խորանարդ մետրը մեր հանրապետությանը 154 դոլարով էր վաճառվում: Եթե ասվածին հավելենք նաև դոլարի վերընթաց աճող գինն ու առաջարկվող 180 դոլարանոց սակագինը, ապա է°լ ավելի պարզ կդառնա, թե ինչ «էժանացման» մասին են այս օրերին գուժում «Գազպրոմից» եկող ազդակները:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ