ՈՐՏԵՂ` ՈՆՑ Ամենավատը` եվրոպական 10-նյակում


Եվրոպական հիմնական 10 երկրներից իր կենսապայմաններով ամենացածրը Մեծ Բրիտանիայի սանդղակն է: Եվ սա այն դեպքում, երբ մայրցամաքում իրենց հարևաններից բրիտանացիք ավելի շատ են վաստակում: Կատարված հետազոտությունը փաստել է, որ անհամեմատ ավելի լավ է ապրել արևոտ Իսպանիայում կամ Ֆրանսիայում, ուր մարդիկ ավելի վաղ տարիքից են կենսաթոշակ ստանում և ավելի երկար են ապրում: Բրիտանացին տարեկան միջինը վաստակում է 56 հազար 410 դոլար. այսինքն` 15.790 դոլար ավելի` եվրոպացի իր մյուս գործընկերներից: Սակայն uSwitch.com կենտրոնի մասնագետներն այս հանգամանքը որակում են որպես «վատ գործարք»: Երևի այդպես էլ կա. անգլիացիք ավելի շատ են ծախսում` բենզինի, սննդի, ոգելիցների ու ծխախոտի վրա, իսկ փոխարենն այնտեղ թույլ է կրթական համակարգը և բուժծառայությունը: (Reuters) Տաք մանրախիճ` ցուրտ ձմռանը Մոսկվայի բնակկոմունալ տնտեսության և բարեկարգման գերատեսչության ղեկավար Ա. Ցիբինը տեղեկացրել է, որ առաջիկա ձմռանը մայրաքաղաքի բակերում ու փողոցներում տաք մանրախիճ են շաղ տալու: - Փոխադրամիջոցների ճանապարհների համար մշակվում են քիմիական հակազդակներ, իսկ բակերում կփորձարկենք խճաքարը: Սակայն այն սահում է և չի տալիս ցանկալի արդյունք. դրա համար մենք բակերի արահետները կմշակենք հատուկ խոզանակներով ու տաք խճաքարերով,- ասել է պաշտոնյան: 2009-2010-ի ձմռան համար հաշվարկվել է գնել 80 հազար տոննա կոշտ քիմհակազդակներ և շուրջ 220 հազար տոննա համապատասխան հեղուկներ: Կոգելո գյուղը` ազգային սեփականություն Քենիայի արևմուտքում գտնվող Կոգելոն, որը Միացյալ Նահանգների նախագահի հոր ծննդավայրն է, այսուհետ պահպանվելու է որպես երկրի ազգային ժառանգության մաս: Ասել է թե` այս բնակավայրում կատարվելիք ցանկացած փոփոխություն նախ պետք է իշխանությունների հավանությանն արժանանա: Ինքը` Բարաք Օբաման, 1961-ին ծնվել է Հավայայի նահանգի Գոնոլուլու մայրաքաղաքում և երբեք չի ապրել Քենիայում: Նրա ծնողները` սպիտակամորթ ամերիկուհի Ստենլի Էնն Դանհեմը և քենիացի Բարաք Հուսեյն Օբամա-ավագը, ամուսնալուծվել են 1964-ին: Հայր Օբաման այդուհետ վերադարձել է հայրենիք և եղել է պետական ծառայող, իսկ 1982-ին զոհվել է ավտովթարից: Կոգելո գյուղում առ այսօր էլ ապրում է Նախագահ Բարաքի հորական տատը` Սառա Օբաման: Սովորեք հարգել սնունդը Ուելսցի (Մեծ Բրիտանիա) 31-ամյա Սթիվեն Մորգանը դատարանում պատասխան կտա` 2 համբուրգերներ կորստյան մատնելու համար: Սթիվենը կնոջ ու երկու զավակների հետ շաբաթ օրը մոտակա սննդօբյեկտից ընթրիք է պատվիրել` տան համար: Պատվիրածն ստանալուց հետո նկատել են, որ փաթեթում պակասում է 2 համբուրգեր (յուրաքանչյուրը` 5 ֆունտ արժողությամբ): Առաքողները, տեղեկանալուց հետո, ուղարկել են ոչ միայն պակասող սնունդը, այլև 15 ֆունտ են վճարել` որպես փոխհատուցում: Տեղական մամուլը հաղորդել է, որ չճշտված տվյալներով` ուշացած համբուրգերները ստանալով, տանտեր Մորգանը ոտքով հարվածել է դրանց: Դրանից հետո հայտնի է դարձել, որ Մորգաններին այցելել են ոստիկանները և ձերբակալել Սթիվին` թալանի կասկածանքով: Հաջորդ օրը նրան ազատ են արձակել` մեղադրանք ներկայացնելով` «5 ֆունտ արժողությամբ սնունդը հանցավոր կերպով փչացնելու համար»: Մորգանին ոստիկանատանը պահել են շուրջ 22 ժամ: Սննդի հանդեպ անարգալից վերաբերմունքի համար նա պատասխան կտա դատարանում: 3 տարի` ալիմենտ չվճարելու համար Պրիմորյեի դատարանը Պարտիզանսկ քաղաքի բնակիչներից մեկին դատապարտել է 3 տարվա ազատազրկման` ալիմենտ չվճարելու մեղադրանքով. - Անսովոր խիստ է դատարանի վճիռը, որի համաձայն ալիմենտատուն 2 տարի 11 ամիս անցկացնելու է խիստ ռեժիմային գաղութում, որտեղից նա վաղաժամ-պայմա նական ազատվել է: Իսկ այնտեղ էր` սպանության համար: Տղամարդը չի կանգնել ուղղվելու ճանապարհին և նորից քրեորեն դատապարտելի արարք է թույլ տվել,- ասել է Պրիմորսկի երկրամասի դատական ծառայության աշխատակցուհին: Դատապարտելի ալիմենտային պարտքը կազմել է 20 հազար ռուբլի: Նրա 8-ամյա որդու մայրը դատական կատարածուներին կատարողական թերթիկը ներկայացրել է այս տարեսկզբին: Ազգային անհամաձայնություն հրահրելու հետևանքները Նիժնի Նովգորոդի բուհերից մեկի ուսանողը մեղավոր է ճանաչվել` հենց այդ մեղադրանքով և դատապարտվել… 100-օրյա ուղղիչ աշխատանքների: 2008-ին իր անձնական ինտերնետային էջում երիտասարդը տեսաժապավեն է տեղադրել, որտեղ ազգային պատկանելության պատճառով մարդկանց հասցեին հնչում են վիրավորական արտահատություններ: Էջը հայտնաբերել են ՌԴ օրինապահները և ճշտել կայքի տիրոջ ինքնությունը. 17-ամյա ապագա տնտեսագետի անխոհեմ այդ արարքը ճանաչվել է դատապարտելի: Պարզել են նաև, որ շուրջ 1 տարում այդ ժապավենը նայել է 250 մարդ: Հաշվի առնելով ամբաստանյալ դարձած ուսանողին տրված դրական բնութագրերը (բնակության վայրից և ուսումնական հաստատությունից), դատարանը կիրառել է մեղմացուցիչ դեպք հանցանանցը և պատժից ազատել է նրան` պարտավորեցնելով 100 ժամ պարտադիր աշխատանքներ կատարել: