Հոբելյան ՍԻՐՈ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵԾ ԵՐԳԻՉԸ


ՀՀ նախագահի որոշմամբ` 2011 թվականը հայտարարվել է Ջիվանու տարի, ստեղծվել է հոբելյանական կառավարական հանձնաժողով, մշակվել են մի շարք ծրագրեր և միջոցառումներ: Հետսայաթնովյան շրջանի մեծագույն աշուղն է Ջիվանին, այն բացառիկ անհատականությունը, ով միավորելով-մեկտեղելով միջնադարյան աշուղական դպրոցի ավանդույթները` ստեղծեց նոր միտումներ և նոր սկզբունքներ: Ջիվանին` Սերովբե Լևոնյանը, ծնվել է 1846 թվականին, Ջավախքի Կարծախ գյուղում, որն Ախալքալակի շրջանի բարեշեն ու հարուստ բնակավայրերից մեկն էր: Ընդամենը վեց տարեկանում ապագա աշուղը զրկվել է ծնողներից: Նրան խնամքի տակ է առնում հորեղբայրն ու անում ամեն ինչ, որպեսզի ուսումնատենչ պատանին կարողանա կրթություն ստանալ` սովորելով գյուղի ծխական դպրոցում: Երգն ու ժողովրդական բանահյուսությունը դեռ մանկուց գրավում են Ջիվանուն, նրան անվերջորեն մղում դեպի համագյուղացի աշուղ Ղարա Ղազարը, ով հայտնի էր նաև Սիայի անվամբ: Հենց այս աշուղն էլ նրան ծանոթացնում է աշուղական արվեստի տարրական կանոններին, մղում դեպի ժողովրդական երգը, դեպի Սայաթ-Նովան, ում ստեղծագործության հանդեպ պատանի Ջիվանին մեծ հետաքրքրություն է հանդես բերում: Ղարա Ղազարն օգնել է Ջիվանուն սովորել ջութակ և քաման նվագել, յուրացնել աշուղական բանաստեղծության տաղաչափությունն ու մեղեդային սկզբունքները: Ալեքսանդրապոլը, ուր Ջիվանին ապրեց 1868-1895 թվականներին, խոր հետք թողեց նրա կյանքում, հարստացրեց նրա աշխարհայացքը, նրա բազմաթիվ ստեղծագործությունների ծննդավայրը դարձավ: Ալեքսանդրապոլում է Ջիվանին ստեղծում իր հայրենասիրական երգերից շատերը` կիրառելով նոր վանկաչափական կառույցներ: Նրա հայրենասիրական երգերը, որոնցից դասական արժեքներ են «Ծիրանի ծառ», «Ազգ իմ, որքան նկուն մնաս», «Անի», «Էլի մոտս եկան հայոց քաջերը», «Հայրենիք», «Հայի ճուտ» և այլն, բացառիկ տեղ են գրավում հայ աշուղական քնարերգության պատմության մեջ: Մեծարժեք է «Ձախորդ օրերը» երգը, որը նա գրել է Անիում, ավերակված Մայր տաճարի պատերի մոտ` առաջին ունկնդիրներ ունենալով ակադեմիկոս Նիկողայոս Մառին և դերասան, խմբագիր ու լուսանկարիչ Արամ Վրույրին: Աշուղական արվեստի այս գլուխգործոցները, պատկերելով մեր ժողովրդի ողբերգական իրականությունն ու հանապազակոծ զգացողությունները` միաժամանակ հույս ու լավատեսություն են ներշնչել շատերին, ապրելու հավատ պարգևել. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան. Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան….»: Ալեքսանդրապոլում Ջիվանին ստեղծում է քսանհինգ հոգուց կազմված իր երաժշտախումբը և հանդես գալիս ինչպես այս քաղաքում, այնպես էլ Դերբենտում, Մախաչկալայում, Ռոստովում, Խարկովում և այլուր: Ջիվանին աշուղի դասական կերպար է: Քառասուն տարուց ավելի ծառայելով սեփական ժողովրդին և նրա զգացումների և հույզերի թարգմանը դառնալով` գրել է. «ազգի մշակ է երգիչը, սրտով իստակ է երգիչը»: Բազմաթեմայնությամբ աչքի ընկնող նրա ստեղծագործության մեջ կարևորվել են նաև բարոյախրատական երգերը, որոնցում նա գովերգում էր ընկերությունը, ազնվությունը, հավատարմությունը, անձնազոհությունը, ծնողասիրությունը և որդեսիրությունը` Բարի, առաքինի ընկերը մարդու…: Ջիվանին քննադատում-պախարակում էր ագահությունը, տմարդությունը, ժլատությունը, ապերախտությունը, քարոզում էր հետևել լուսավորությանն ու գիտությանը: Այս ամենն արտացոլվել են «Ընկեր», «Քո փափագով», «Այծյամ», «Պաղ աղբյուրի մոտ» և այլ երգերում: 1908 թվականի հոկտեմբերին ելույթ ունենալով վերջին անգամ` 1909-ին Ջիվանին կնքում է իր մահկանացուն և ամփոփվում Թիֆլիսի Խոջիվանքի հայոց գերեզմանատանը: