Մի´ եղեք մորթապաշտ և վախկոտ


 

Անցած յոթնօրյակում փաստաբանները մեկօրյա գործադուլ արեցին` բողոքելով դատական համակարգի` իրենց բնորոշմամբ կամայականությունների դեմ: Եվ չնայած Վճռաբեկ դատարանը նրանց այդ քայլն անօրինական համարեց, այնուամենայնիվ, փաստաբաններն ասացին, որ սեպտեմբերին ավելի ընդգրկուն ակցիայով հանդես կգան: Փաստաբանների այս ակցիայի վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք Հայաստանի փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆԻՑ:

Փաստաբաններն ինչի՞ց էին բողոքում, ի՞նչն էր նրանց վրդովմունքի պատճառը:

- Նրանք ասում էին` Վճռաբեկ դատարանն այն ատյանն է, որը կարող է այնպես անել, որպեսզի հետաքննության մարմինները` քննիչները, դատախազները, առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը թույլ չտան օրենքի խախտումներ:

Մեր դատաիրավական համակարգում մի քանի անգամ բարեփոխումներ կատարվեցին: Դրանց արդյունքում մի՞թե դեպի լավը ոչինչ չի փոխվել:

- Մենք գտնում ենք, որ բարեփոխումների արդյունքում ոչինչ չի փոխվում: Որովհետև կատարողները չեն ենթարկվում բարեփոխված օրենքներին: Օրենքները չեն կիրառվում ճիշտ այնպես, ինչպես գրված է:

Այսինքն, ինչպես մեր կյանքի մնացած ոլորտներում, դատաիրավական համակարգում նույնպես օրենքները չեն գործում: Կան լավ օրենքներ, բայց դրանք չե՞ն գործում:

- Ես չեմ ասում` օրենքները շատ լավն են: Ես ասում եմ` եղած օրենքները թույլ են տալիս լավ աշխատել: Եթե աշխատեն զուտ օրենքով, այսպիսի խնդիրներ չենք ունենա: Ինչպե՞ս կարելի է մարդուն մեղադրել որևէ արարքի մեջ` առանց նրա մեղավորության մասին ապացույցի, առանց մեղադրանքի հիմնավորման: Ինչպե՞ս կարելի է` երբ մարդն ասի` «ես պաշտպան եմ ուզում, հարգելի դատարան», իսկ դատարանը թե` նստեք, շարունակում ենք դատական քննությունը:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ հասարակությունը թերահավատորեն է վերաբերվում մեզանում արդարադատության իրականացմանը :

- Իմ ասած երևույթները: Ես ընդամենը օրինակ բերեցի. մարդը պաշտպան է պահանջում, իսկ դատավորը... Ինչո՞ւ է դատավորը խախտում մարդու իրավունքը: Մեկ ուրիշը տեսնում է այդ խախտումը, մեղադրյալի հարազատները տեսնում, ընկալում են և ասում են` արդարադատություն չկա հանրապետությունում: Եվ այդպես արդարադատության բացակայության մասին այդ ողջ պատմությունը տարածվում է հանրության շրջանակներում:

Իսկ ո՞րն է դատավորների նման վարմունքի պատճառը:

- Կան դատավորներ, ովքեր հլու հնազանդ փորձում են ենթարկվել դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությանը: Եվ նրանց դատավճիռներն, ըստ էության, դատախազության մեղադրական եզրակացության պատճենահանումներն են:

- Վերջերս իմ ծանոթ դատավորներից մեկն ասաց, որ իր` արդարացման դատավճիռ կայացնելու պատճառով դատախազությունում իրարանցում է առաջացել: Դա Ձեր նշած երևույթի հաստատումն է, թերևս:

- Իհարկե: Չեմ ասում, թե համատարած այդպես է, բայց շատ տարածված երևույթ է:

Շատերը պնդում են, թե դատավորները և ընդհանրապես դատական համակարգը կատարում են իշխանության պատվերը: Դո՞ւք ինչպես եք կարծում:

- Ես հաստատ համոզված եմ, որ իշխանությանը բացարձակապես չի հետաքրքրում, օրինակ, իմ պաշտպանյալ Արմեն Բադալյանի քրեական գործը: Ըստ մեղադրանքի` նա զանգահարել և ինչ-որ մեկին հայհոյել ու սպառնացել է: Ո՞վ է նա` շարքային մի քաղաքացի. ինչո՞ւ պետք է իշխանությունը հետամուտ լինի, որ այդ մարդը հանիրավի մեղադրվի, ենթարկվի կալանքի` ազատազրկման պատժի: Սա տարածված երևույթ է. պատճառ են փնտրում, ասում են` ամեն ինչ իշխանությունն է անում: Ընդունենք, որ դատախազությունը գործադիր իշխանության մաս է, և երբ դատախազը դատական նիստում ճնշում է գործադրում, այս դեպքում դարձյալ չեմ ասի, որ իշխանություններն են ճնշում գործադրում: Ես ընդամենը կասեմ, որ իշխանության մի թև փորձում է իր կամքը պարտադրել իշխանության մյուս թևին` դատական իշխանությանը: Դատական իշխանությունն էլ` տվյալ դատավորը, այդ գործում մորթապաշտ է գտնվում և տեղի է տալիս դատախազի ագրեսիվ պահվածքին:

Այսինքն, մարդկային ինքնահաստատման խնդրի՞ ենք առնչվում այս դեպքում:

- Այո: Կան 70-ից ավել արդարացման դատավճիռներ: Ուրեմն, այդ դատավորները կարողացել են ասել` պարոնայք մեղադրողներ, դուք սխալ եք, ես կայացնում եմ արդարացման դատավճիռ: Այսինքն, տվյալ դատավորն այդ դեպքերում իր տեղում է եղել:

Դուք, որպես փորձառու փաստաբան, ոլորտի փորձառու մասնագետ, ի՞նչ եք կարծում` ի՞նչ կարելի է անել, որպեսզի դատավորները Ձեր նշած վիճակներում չհայտնվեն և իրոք արդարադատություն իրականացնեն:

- Ես իրենց ծնողներին խորհուրդ կտամ. ձեր երեխաներին դաստիարակեք այնպես, որպեսզի չլինեն մորթապաշտ և վախկոտ:

Իրավաբաններն ասել էին, որ սեպտեմբերին դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպելու...

- Եթե ոչինչ փոխված չլինի, ավելի մասշտաբային ակցիա կկազմակերպվի:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ