«Ժողովրդական երգն արյանս մեջ է…»


 

Օտարամոլությանը տուրք տալու, սեփական արժեքները չճանաչելու ու անտարբերության արդյունքում անխնա ոտնահարում ենք նաև հայ երգը ու մանավանդ` ժողովրդականն ու աշուղականը: Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ սակավադեպ այն կատարողներից է, ով հավատարիմ է հայ երգի սկզբունքներին:

- Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին` լեգենդար Կոմանդոսին նվիրված երգի Ձեր կատարումը բոլորին հուզեց: Կմանրամասնեի՞ք երգի պատմությունը:

- Մտահղացումը Արթուր Ալեքսանյանինն է, ով Արկադի Տեր-Թադևոսյանի մարտական ընկերներից է` Շուշիի ազատագրման մասնակից: Նրա ցանկությունն էր մեր հերոսին արժանին մատուցել: Ես բախտ եմ ունեցել անձամբ շփվել նրա հետ. մեծ հայրենասեր, զինվորական, ում գերագույն համեստության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է: Հատկապես կարևոր է, որ երիտասարդ սերունդը ճանաչի հերոսին և նրա գործի մեծությունը: Երգի հեղինակը Վաչե Ավեյանն է: Արկադի Տեր- Թադևոսյանը գիտեր երգի մասին, սակայն «Երգ երգոցում» այն հնչեցնելն անակնկալ էր նրա համար: Այդ օրն ինձ հետ հրաշք կատարվեց: Հիվանդ էի` ձայնս խռպոտած: Մեկ շաբաթ շարունակ փորձերի ընթացքում սուլելով էի երգել, երաժիշտները երգը չէին լսել: Մեր հերոսի պատվին էր, որ Աստված հրաշք կատարեց, և կարողացա երգել: Մինչ օրս զարմացած եմ: Հպարտ եմ, որ առիթ ունեմ այսպիսի երգ կատարել: Շնորհակալ եմ Աստծուն, որ Արկադի Տեր-Թադևոսյանի նման հերոս ունենք և շնորհակալ եմ Ա. Ալեքսանյանին, որ ինձ առաջարկեց երգել:

- Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր ցավալիորեն աղավաղվում են մեր ամենազուլալ, մաքուր ու ճշմարիտ արժեքները: Ժողովրդական երգն ամենախոցելի թիրախն է:

- Համաձայն եմ: Բայց նախ կուզենայի խոսել դրական մի երևույթի մասին: Վերջին շրջանում ժողովրդական երգը կրկին շունչ առավ ու սկսեց ապրել: Հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում մոռացվել էր այս ժանրը և ժողովրդին աղավաղված արժեքներ էին հրամցվում: Պատկերացրեք «Ջեյրանս դու ես» երգի ձայնագրման ընթացքում, շատերը` այդ թվում և հայտնի երգիչներ, տարակուսում էին` թե ո՞վ պետք է լսի այդ երգը: Բարեբախտաբար այսօր իրավիճակը փոխվել է: Բայց բացասական երևույթները շատ են: Ամենամեծ աղետը ժողովրդական երգի կատարողների պատասխանատվության բացակայությունն է: Կտրականապես դեմ եմ այն տեսակետին, թե երգիչները տալիս են այն, ինչ ժողովուրդն է պահանջում: Չկա´ այդպիսի բան: Ինչ առաջարկում ենք` մարդիկ դա են լսում: Տարբեր ազդեցությունների ներգործությամբ է ճաշակ ձևավորվում, այսինքն` մատուցողն է թելադրում, վարժեցնում, հաճելի դարձնում: Որակից դժգոհ եմ: Երբեմն նույնիսկ պրոֆեսիոնալ երգիչները, բոլորովին առնչություն չունենալով ժողովրդական երգի հետ, մատուցում են իրենց ընկալածը: Իհարկե դեմ չեմ, որ այլ ոճի երգիչները ևս կատարեն ժողովրդական կամ աշուղական երգեր, բայց` առանց աղավաղելու: Ժողովրդական երգին այլ մեկնաբանություն տալը գրչապղծություն է: Այո, ամենաշատն այսօր ժողովրդական երգն է աղավաղվում: Այսօր եթե ժողովրդական երգ ես կատարում` ճիշտ ելևէջներով, խաղերը հաշվի առնելով` մտածում են ռաբիս է, քանի որ մյուս երգիչների նման չես աղավաղել ու սվաղել: Ավագ սերունդը գիտի, բայց երիտասարդները չեն տարբերում: Իհարկե, ունենք նաև լավ կատարողներ, բայց ցավոք` միայն լավ կատարելով այսօր հնարավոր չէ ասպարեզ դուրս գալ: Ոչ միշտ է, որ տաղանդը, կարողություններն ու հնարավորությունները համատեղվում են: Այս ամբողջ խոտանն էլ արդյունքն է նրա, որ միայն հնարավորություն ունեցողներն են առաջ գնում` երգից հեռու լինելով:

- Բացի նրանից, որ մենք ինքներս ենք աղավաղում մեր արժեքները, դա անում է նաև հակառակորդը` դրանք վերագրելով իրեն: Ի՞նչն է պատճառը. քարոզչության բացակայությո՞ւնը, թե՞ մեր անտարբերությունը:

- Նրանք քաջատեղյակ են, որ մեր հարսանիքներում, անգամ ճանաչված մարդկանց ձայնասկավառակներում առկա են թուրքական երաժշտության տարրեր: Նաև այս երևույթն է նրանց հնարավորություն և առիթ տալիս հայտարարելու, որ մեր երգերը գողացված են: Օգտվում են առիթից` իրենց վերագրելով մեր արժեքները: Մեր քարոզչությունն էլ չափազանց թույլ է: Բայց կա ևս մի խնդիր: Եթե մենք մեր երգերը ճիշտ մատուցենք, ոչ ոք չի համարձակվի գողանալ: Իսկ անորակ կատարումներով նախ մենք ինքներս չենք պահպանում դրանք, նաև թույլ ենք տալիս գողանալ: Դա է պատճառը, որ ոմանք հեռուստաեթերով հայտարարում են` թե թողեք թուրքերը Սայաթ-Նովա երգեն, քանի որ ավելի լավ են կատարում, մեզ դուր է գալիս: Երևի ինչ-որ տեղ նաև ճիշտ են ասում` եթե պիտի Սայաթ-Նովան էստրադայի վերածվի: Չեմ ընդունում նաև այն երևույթը, որ աշուղական երգերը դասական կատարումով են ներկայացնում: Դասական արվեստը շատ բարձր եմ գնահատում, սակայն այն չի կարող Սայաթ-Նովան կատարելության հասցնել, քանի որ այն արդեն կատարելություն է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ