Ի ՏԵՍ ՄԵՐ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ


 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշովը հանդիսավորությամբ բացել են բարերարի արձանը, որը կանգնեցվել է Երևանի Աբովյան փողոցում, Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ: Ողջունելով ներկաներին` բարերարի թոռը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության ու ընդունելության համար:

- Ես ու որդիս ուզում ենք արտահայտել մեր անսահման խորին շնորհակալությունն այսքան ջերմ ընդունելության համար. հատկապես շնորհակալ ենք Երևանի քաղաքապետին, որ, հրավիրելով մեզ Երևան, հնարավորություն ընձեռեց ներկա լինել մեր պապի արձանի բացմանը: Իմ հայրը հաճախ էր հիշում, որ իր հոր նվիրական երազանքն է եղել հայ ժողովրդի բարեկեցությունը,- նշել է Ալեքսանդր Մանթաշովը:

Բարերարի արձանի տեղադրումը գուցե հուշի մեր որոշ գործարարների և բարեգործության անվան տակ հանդես եկողների, որ բարեգործություն պետք է անել ոչ թե ընտրությունների նախօրյակին, ոչ թե բարեգործությունների տակ հետապնդել անձնական ու քաղաքական շահեր, այլ պարզապես պետք է գործել խղճի մտոք: Ու եթե կա այդ խիղճը` գուցե մի օր էլ նրանց արձանները տեղադրվեն մայրաքաղաքի տարբեր փողոցներում:

Ի դեպ, նշենք, որ չսպասելով ժամանակների գնահատականին, Սամվել Բալասանյանն արդեն իր արձանը տեղադրել է «Գյումրի գարեջուր» ձեռնարկության մուտքի մոտ: