ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՎԵՐՔԸ ԴԵՌ ԿՍԿԾՈՒՄ Է


 

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ` ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ նախօրեին կազմակերպվել էր Սօսի Գևոնեանի «Մինչ «Հոգիներու աճուրդը»» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Դեռ 2004-ից Հայաստանում հաստատված ամերիկահայ հեղինակի գիրքը գրված է Օրորա Մարտիկանեանի «Խոշտանգված Հայաստան» վեպի հիման վրա: Ցեղասպանությունից մազապուրծ 17- ամյա հերոսուհին իր և ընտանիքի կրած զրկանքների, տառապանքների մասին սարսափելի մանրամասներ է պատմում` մեկ անգամ ևս աշխարհին լսելի դարձնելով դարասկզբի Ցեղասպանության մասին:

Մեր անամոք վերքը դեռ կսկծում է: Եվ դեռ կգրվեն այսպիսի գրքեր, քանի դեռ անպատիժ է մարդկության դեմ իրագործված ամենազարհուրելի ոճիրը:

Սօսի ԳԵՎՈՆԵԱՆԻ հետ է մեր զրույցը.

- Այս գիրքը մի կնոջ պատմություն է, ով մեր ազգի հերոսուհիներից պետք է լիներ: Դժբախտաբար նրան չեմ ճանաչել, թեև միևնույն թաղամասում ենք ապրել: Նրա պատմությունը հուզեց ինձ: Իսկ երբ ծանոթացա նրա ծավալած հսկայական աշխատանքին, սկսեցի տարբեր առիթներով հարցնել մարդկանց, թե արդյո՞ք որևէ մեկը գիտի նրա մասին: Պատկերացրեք` ոչ ոք չէր լսել անգամ նրա անունը: Եթե տղամարդ լիներ, միգուցե պատվանդանին կանգնեցնեին և փառաբանեին նրան` որպես հերոս, սակայն նա անհայտության մեջ էր: Եվ մահացել է նույն անհայտության մեջ սարսափելի պայմաններում` ծերանոցում, միայնակ: Անգամ թաղման ծախսերը հոգացող չի գտնվել, այդ պատճառով դիակիզել են, որ ավելի մատչելի լինի: Արդեն կատարած աշխատանքին ծանոթ լինելով` երբ իմացա մահվան հանգամանքները, իմ կյանքի առաքելությունը հանրությանը նրան ճանաչելի դարձնելը եղավ: Համառոտ ներկայացնեմ հերոսուհու կյանքի ողբերգական պատմությունը, որ շատերին է հուզել: 17-ամյա Արշալույս Մարտիկանեանը Ցեղասպանությունից մազապուրծ այն հազարավոր երեխաներից մեկն էր, ով բազմաթիվ զրկանքներ կրելով շուրջ 2 տարի անտառներում ու անապատներում ապրելով, հասավ Ամերիկա: Ծնունդով Խարբերդից էր: Նրա ողբերգական պատմությամբ շատերը հետաքրքրվեցին: Մեծ էր հատկապես թղթակից Հենրի Կեյդսի հետաքրքրությունը: Նրա օգնությամբ էլ գրի առնվեց Արշալույսի պատմությունը և անվանվեց «Խոշտանգված Հայաստան»: Սա մեծ արձագանք ունեցավ: Ամերիկյան բազմաթիվ թերթեր հոդվածներ հրապարակեցին: Աղջկա կրած տառապանքը շատերի կարեկցանքը շարժեց: Նյու Յորքի բարձրաշխարհիկ կանանց ջանքերով ստեղծվեց «Հայ և Սուրիացիներու Նպաստամատույց Ամերիկեան կոմիտեն», որը նպատակ ուներ անմիջական օգնություն ցուցաբերել Ցեղասպանությունից փրկված հայերին: Կոմիտեի անդամները նպատակ ունեին 30 մլն դոլար հավաքել` օգնություն հասցնելու նպատակով: Հայաստանում 400 հազար որբեր սովամահ էին լինում: Այդ նպատակով ծանուցումներ տարածվեցին տարբեր վայրերում: Իսկ աղջնակի պատմությունն ամբողջացնող ֆիլմն, անշուշտ, մեծ հաջողություն կունենար և կնպաստեր դրամահավաքին: Քոլոնել Ֆելիքի ստուդիայում նկարահանված «Խոշտանգված Հայաստան» ֆիլմը հսկայական դեր ունեցավ ոճրագործությունն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: նկարահանումներին 10 հազար մարդ է մասնակցել: Ցուցադրվել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Մեծ Բրիտանիայում: Այդպիսով հնարավոր դարձավ 117 միլիոն դոլար հավաքել և օգնություն հասցնել Թուրքիայում մնացած հայերին: 114 հազար երեխայի կյանքեր փրկվեցին` նրանց տեղափոխելով ԱՄՆ: Նախքան նկարահանումները լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, որպեսզի ներկայացվող բոլոր փաստերը մեկ անգամ ևս ճշգրտվեն: Ծանոթանալով Արշալույսի պատմությանը` նպատակադրվեցի անպայման իմ ներդրումն ունենալ` նրան հանրությանը ճանաչելի դարձնելու գործում:

- Գիրքը ներկայացված է բավական ինքնատիպ եղանակով:

- Այո, պատմությունը ներկայացվել է պատկերապատման միջոցով: Մանկությունից շատ էի կարդացել նմանատիպ գրքեր, այդ եղանակն ավելի տպավորիչ է: Ուսումնասիրություններ անցկացնելով համոզվեցի` շատ խնդիրներ են բարձրացվել այս եղանակով. պաղեստինցիներն իրենց հարցը պատկերապատման միջոցով բարձրացրին, պարսիկներն իրենց հեղափոխությունն այդ եղանակով են ներկայացրել, և այսպիսի օրինակները շատ են: Պատկերապատումն ավելի հետաքրքիր է դարձնում ընթերցումը: Սա միտված էր նաև նրան, որ երիտասարդները հնարավորինս շատ կարդան: Ասում են` մեկ նկարը 3000 բառ արժե: Այս պարագայում դա ամբողջությամբ գործում է:

- Բացի Արշալույս Մարտիկանեանին հանրությանը ճանաչելի դարձնելը, Դուք, փաստորեն ևս մեկ քայլ եք կատարել դարասկզբի աննախադեպ ոճիրն աշխարհին ներկայացնելու գործում:

- Գիրքը նաև անգլերեն տարբերակ ունի, որն ավելի վաղ է լույս տեսել` 2008-ին և վաճառվել է ԱՄՆ-ում: Արձագանքները շատ էին: Հաճախ էին հարցնում, թե ե՞րբ կլինի նաև գրքի հայերեն տարբերակը: Անցյալ տարի Ժնևում գրքի փառատոն էր, Հայաստանը ևս մասնակցում էր« և դա լավագույն առիթ էր գիրքը ներկայացնելու: Հայերեն տարբերակը ներկայացվեց Ժնևում: Նպատակ ունեմ Ցեղասպանության 100-ամյակի առիթով հրատարակել նաև այս պատմության ֆրանսերեն թարգմանությունը: Մեծ սիրով ընդունում եմ բոլոր հրավերները, նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում պատմել եմ Արշալույսի մասին, ներկայացրել նրան: Այսուհետ ևս ցանկացած առիթով կպատմեմ նրա մասին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ