Կոսովոն, այնուամենայնիվ, նախադե՞պ է ընկալվում


Կարող ենք առանց վարանելու ասել, որ Կոսովոյի անկախացումն իսկապես խուճապի է մատնել Ադրբեջանին: Վերջինս լուրջ մտավախություն ունի, որ բալկանյան այս երկրամասի անկախացումը կարող է նախադեպ դառնալ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար: Իսկ որ այդ մտավախությունը մղձավանջի է վերածվում պաշտոնական Բաքվի համար, կարելի է եզրակացնել` վերլուծելով նրա այն գործողությունների պատճառահետևանքային կապերը, որոնք հաջորդեցին Կոսովոյի անկախացմանը: Նախ, ԼՂՀ հետ շփման գծում սահմանը խախտելով, Ադրբեջանը դիրքային առավելության հասնելու անհաջող փորձ կատարեց: Այնուհետև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ալիևը երաշխիքներ պահանջեց, որ Եվրոպան երբևէ չի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Սա, թերևս, խուճապահարության գագաթնակետն էր: Համանախագահները ստիպված էին դասագրքային պարզունակության իրողություններ բացատրել` հիշեցնելով, որ ԵԽ-ում նման որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչը տվյալ հարցում բացառվում է: Բացառվում է` թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը նույնպես անդամակցում է այդ կառույցին և բնականաբար` դեմ կլինի: Վերջապես, Բաքվի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում քննարկվեց իր տարածքային ամբողջականության, այսպես ասած, «գրավյալ» տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու մասին բանաձևը: Ինչպես հայտնի է` այդ բանաձևը ՄԱԿ-ի օրակարգում ընդգրկվեց Թուրքիայի և Պակիստանի գործոն աջակցությամբ, իսկ Մինսկի խումբն ի սկիզբանե հավանություն չէր տվել դրա նախագծին: Չմոռանանք մի կարևոր հանգամանք. Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ փորձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել ՄԱԿ: Սակայն վերջինս միշտ նշել է, որ այդ խնդրի առնչությամբ լիազորրությունները վերապահել է Մինսկի խմբին: Ակներև է, որ Ադրբեջանը հույսը դրել է մուսուլմանական աշխարհի վրա. ի դեմս վերջինի` Բաքվին աջակցողները ՄԱԿ-ում կարող են մեծամասնություն կազմել: Թերևս, սա է այն հիմնական պատճառը, որ Ադրբեջանը հաճախ է դժգոհում Մինսկի խմբից` ասելով, թե այս միջնորդական առաքելությունը, ներկա ձևաչափով բանակցությունները դրական արդյունքի չեն հասցնում: Իրականում, ինչպես նշում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները լուծվում են, երբ դրանում շահագրգիռ են լինում աշխարհի հզորները: Ինչպես երևում է, ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակը համահունչ է այդ հզորների շահերին: Մասնավորապես, ԱՄՆ-ը այդ տարածքում նոր պատերազմի չի ցանկանա. ԼՂՀ սահմաններից շատ հեռու չէ Բաքու-Թբիլիսի-Ջահյան նավթատարը: Ռուսաստանի շահերին կարծես նույնպես համահունչ է այս` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը. այս կերպ ավելի է մեծանում նրա ազդեցությունն այս տարածաշրջանում: Այս ամենն, իհարկե, չեն կարող գոհացնել Ադրբեջանին, և նա անընդհատ ուղիներ է փնտրում ԼՂՀ ստատուս-քվոն խախտելու համար: Ասել, թե ՄԱԿ-ում Ադրբեջանն այս անգամ շոշափելի հաջողության հասավ, ճիշտ չի լինի: Ո°չ եվրոպական երկրները, ո°չ ԱՄՆ-ը, ո°չ Ռուսաստանը չպաշտպանեցին բանաձևը: Ավելին, նշվեց, որ այն միակողմանի է և միայն Ադրբեջանի շահերը պաշտպանող դրույթներ է պարունակում: Այսինքն, Ադրբեջանին ևս մեկ անգամ հասկացրին, որ աշխարհում բացի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից, կարող են հաշվի նստել նաև ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ: Այսպիսով, Բաքվին մնում է ՄԱԿ-ում կատարվածի մեջ շահաբաժին փնտրել` ներքին օգտագործման համար: Այսպիսով, Կոսովոյի անկախացման և դրան հաջորդած` ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ադրբեջանի վերջին ձեռնարկումների միջև տրամաբանական կապը, կարծես, տեսանելի է դառնում: Ադրբեջանն, իրոք, խիստ անհանգստացած է: Թերևս, նաև դրանով է բացատրվում քարոզչական պատերազմում Բաքվի և Անկարայի ակտիվ համագործակցությունը: Այժմ էլ լուրեր են տարածել, թե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են միացյալ ուժերով հարված հասցնել Ղարաբաղի տարածքում իբր ապաստանած քուրդ ահաբեկիչներին: Ինքնահնար այս ստի առնչությամբ, թերևս, արժե նկատել, որ թուրք-ադրբեջանական ազգայնամոլներն, իսկապես, մղձավանջի մեջ են ընկել` տեսնելով, թե ինչպես են փլուզվում պանթուրքիզմի բաստիոնները…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ