Առաջին տիկնոջ սպառնալիքը նախագահին


Սպառնացողը Նիգերիայի նախագահ Մոհամեդ Բուհարի կինը` Աիշա Բուհարին է, ում դուր չեն եկել ամուսնու նշանակումները կառավարությունում: Ինչպես երևում է` ուղղամիտ ու բացախոս այս կինն անհանդուրժող է նաև, երբ իր համար անընդունելի են երկրի նախագահի որոշումները:

Հետո ի՞նչ, որ Մոհամեդը պրեզիդենտ է. նախևառաջ` նա իր ամուսինն է: Իսկ ո՞վ է ասել, որ ամուսնու սխալները չպետք է բարձրաձայնել... Երևի այս չափանիշներով է առաջնորդվում Աիշան: Հակառակ պարագայում ապշահար չէր անի զանգվածային լրատվամիջոցներին ու հայրենակիցներին` սպառնալով, որ ընտրություններում չի սատարելու իր նախագահ ամուսնուն:

Աիշան կարծում է, որ պետության ղեկավարը կառավարությունում ճիշտ չի բաշխել պաշտոնները` բարձր պաշտոններում նշանակելով իրեն անծանոթ մարդկանց (հաղորդել է BBC-ն):

-Իր նշանակած 50 մարդկանցից 45-ին նախագահը չի ճանաչում: Ես նույնպես չեմ ճանաչում` չնայած նրա հետ ամուսնացած եմ 27 տարի,- լրագրողներին ասել է տիկինը:

Նրա խոսքերով` կառավարության նորանշանակ անդամները չեն կիսում նախագահի հայացքները: Անուններ նշելու խնդրանքին` նա պատասխանել է.

- Դուք կճանաչեք նրանց, եթե հեռուստացույց նայեք:

Տիկինը պատմել է նաև, որ ամուսինը դեռ չի որոշել` թեկնածությունն առաջադրելո՞ւ է 2019-ի ընտրություններին, թե՞ ոչ:

- Նա դեռ ինձ չի ասել, բայց ես արդեն որոշել եմ, որ եթե մինչև 2019-ը ամեն ինչ այսպես մնա, ապա ես չեմ մասնակցի քարոզարշավին և չեմ խնդրի քվեարկել նրա օգտին: Ես այլևս երբեք դա չեմ անի,- հավաստիացրել է Աիշան:

Մոհամեդ Բուհարին Նիգերիայի նախագահ է ընտրվել անցյալ տարի և խոստացել է պայքարել կոռուպցիայի և իշխանության մեջ խնամիական կապերի դեմ: