Քնած, թե արթուն` ճանաչեք ձեր ընկերոջը


 

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Զգուշացեք պատահական ծանոթություններից» հրապարակման մեջ անդրադարձել էինք պատահական ծանոթությունների, անծանոթներին հավատ ընծայելու վնասների և որպես հետևանք` այն վտանգավոր սարդոստայնի մասին, որում հայտնվել էր մեր հերոսուհին. նոր ծանոթը գիշերը հափշտակել էր ոսկեղենն ու գումարը: Ընդ որում, մատանիներից մեկը քնած ժամանակ հանել էր մատից:

Օրերս տեղեկացանք, որ համանման մի դեպք էլ տեղի է ունեցել Գուգարքի Լերմոնտովո գյուղում, միայն այն տարբերությամբ, որ քնածից գողություն կատարողը եղել է ոչ թե նոր ծանոթ, այլ հին ու վստահելի ընկեր:

Ոստիկանություն դիմած 48-ամյա Վիկտր Բ.-ն հայտնել է, որ գիշերը Լերմոնտովոյի գյուղամիջյան ճանապարհին ալկոհոլ է օգտագործել համագյուղացու` 53-ամյա Պավել Շ.-ի հետ: Ճամփեզրին գյուղական համեստ սեղան են գցել, խոսել դեսից-դեմից, կենացներ ասել ու խմել: Ընկերության կենացին Պավելը հուզիչ խոսքեր էր արտաբերել:

Հետո Վիկտորը չի էլ հիշում, թե ինչպես` հենց ճամփեզրին, խոտերի մեջ, քնով էր անցել: Արթնացել էր գիշերը ժամը 04-ի սահմաններում: Տնտղել էր գրպաններն ու հայտնաբերել, որ տաբատի գրպանից անհետացել է 350.000 դրամը:

Ոստիկանները հստակ իմանալով, թե ով կարող էր պղտորել գյուղական պարզկա գիշերվա անդորրը, մի ամբողջ օր փնտրել էին տուժած տղամարդու բաժակակցին: Պավելին հայտնաբերել էին նույն օրվա երեկոյան և բերման ենթարկել Գուգարքի բաժին: Ընդամենը մի քանի հարց, և ընկերության վերաբերյալ իր «ուրույն» պատկերացումներն ունեցող տղամարդուն այլ անելիք չէր մնացել, քան խոստովանելու արարքը: Իսկ թե ինչ էր տեղի ունեցել իր քնով անցնելուց հետո և ինչպիսի գլխապտույտ արագությամբ էին զարգացել դեպքերը` ավելի լավ էր Վիկտորը չլսեր, այդպես էլ ոչինչ չիմանար և Օստապ Բենդերի ասած` չկորցներ հավատը մարդկության հանդեպ: Սակայն հանցանքին հետևում է անխուսափելի պատիժը, և մարդուն պատիժ են նշանակում իր կատարած արարքների համար: Եվ ոստիկանները պարզել են, որ հիշյալ գիշերը Պավել Շ.-ն օգտվելով ընկերոջ քնած լինելու հանգամանքից` նրա գրպանից գողացել էր 350.000 գումարը, որից 25.000 դրամով գնել էր ՌԴ մեկնելու ավտոբուսի տոմս, 255.000 դրամով` սննդամթերք, կենցաղային իրեր և հագուստ, իսկ մնացած 70.000 դրամը պահել էր տանը:

Տոմսը, գնված իրերը և գողացած գումարի մնացորդն առգրավվել է:

Պավելը չհասցրեց Ռուսաստան հեռանալ, փախչել, գլուխն ազատել կատարվածից: Ավելին, իր համար արդեն մղձավանջ դարձած գործի նախաքննության, իսկ հետո նաև դատաքննության ամբողջ ընթացքում նա ստիպված է լինելու նայել իրեն այդքան վստահած և հավատ ընծայած այլևս երբեմնի ընկերոջ աչքերին: