Օտարությունից` հայրենիք


 

Անչափահասներին իրենց մշտական բնակության երկիր վերադարձնելու վերաբերյալ ԱՊՀ երկրների միջև գործող համաձայնագրի շրջանակներում վերջին երեք տարում լքված ու անապաստան շուրջ 37 երեխա ՀՀ ոստիկանության ջանքերով վերադարձվել է հայրենիք: Սա բարդ ու աշխատատար գործընթաց է, մանավանդ, երբ փոքրիկը չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ: Երեխային Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ բոլոր ձևակերպումներից հետո տվյալ երկիր է մեկնում ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցը և նրան ուղեկցում հայրենիք:

Ոստիկանությունն իր բազմաբնույթ գործառույթներում իրականացնում է նաև մի գործընթաց, որի շրջանակներում Հայաստան են տեղափոխվում այլ երկրներում լքված, անապաստան, մանկատներում հայտնված և անփաստաթուղթ հայ երեխաներ: Որքան տարբեր են օտարության մեջ հայ երեխաների հայտնվելու պատճառները, նույնքան նույնն են նրանց պատուհասած ողբերգությունները: Ուրիշի երկրում անտուն ու լքված մանուկների ծնողներն անծանոթ ու օտար միջավայրում դեմ են առել անակնկալ փորձությունների, ելքը չեն գտել, հուսալքվել են ու անձնատուր եղել ճակատագրին: Իսկ տուժել են երեխաները: Եվ օտարություն նետված այդ մանուկների փրկության միակ փարոսը դարձել է հայրենիքը...

Մայիսի 15-ին հերթական երեխան վերադարձվեց հայրենիք: Վեցամսյա աղջնակին Մոսկվայից բերեց ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցը:

Մոսկվայի մանկատներից մեկում հայ նորածնի գտնվելու մասին տեղեկությունն ստանալուց հետո ոստիկանության անչափահասների գործերով բաժնի և մանկատան միջև բանակցությունների, համագործակցության արդյունքում` մեկ ամիս անց երեխան տեղափոխվել է Երևան:

Երևանի մանկատանը տնավորված փոքրիկ Սյուզին աշխարհի չարն ու բարին չհասկացող, մանկական ոսկեժպիտը դեմքին հրեշտակի է նման. բայց ժպիտն ամենաշատը շռայլում է իրեն հայրենիք բերած ծանոթ ոստիկանին...