Անախորժ սխալասացություն


 

Ասում են, չէ՞. սայթաքում են լեզուն ու ոտքը, բայց պա-տասխան է տալիս գլուխը: Ա´յս սայթաքման համար, իհարկե, գլխով պատասխան տվող չի լինի, բայց որ դրա պատճառով դիվանագիտական իրարանցում է սկսվել` փաստ է:

Վաշինգտոնում ամերիկյան բարձր պարգևներ հանձնելիս, Օբաման արտաբերել է «լեհական մահվան ճամբար» արտահայտությունը: Դա նշանակում է տրորել մարդու ցավոտ կոշտուկը: 2004 թվականից Լեհաստանը պայքարում է հենց այդ արտահայտության դեմ, որն առավել հաճախ օգտագործվում է ամերիկյան մամուլում` «լեհական համակենտրոնացման ճամբար» կամ «լեհական մահվան ճամբար» ձևակերպմամբ: Եվ արտգործգերատեսչությունը շուրջ 200 անգամ խնդրանքով դիմել է` արգելելու այդ արտահայտությունը լրատվամիջոցներում:

Օբամայի շուրթերից դա հնչել է ո´չ դիտավորությամբ, իհարկե: Պարգևի արժանացածների թվում է եղել նաև (հետմահու) լեհական դիմադրության մարտիկ Յան Կարսին, ով ի հայտ էր բերել ճշմարտությունը` Լեհաստանի տարածքում նացիստների չարագործությունների մասին: Ու պատմելով Երկրորդ աշխարհամարտի ժամանակների մասին, Բարաք Օբաման անզգուշաբար արտասանել է «լեհական մահվան ճամբար»` նկատի ունենալով այդ երկրի տարածքում եղած նացիստական ճամբարը:

Բնականաբար դա չէր կարող անարձագանք մնալ: Ու չնայած ուշ ժամին, Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին մեղադրանք է հնչեցրել Նահանգների նախագահի հասցեին և Սպիտակ տնից պաշտոնական ներողություն է պահանջել:

- Օբամայի խոսքերն ապշեցրել են բոլոր լեհերին, ովքեր լսել են նրա խոսքը: Յան Կարսկին վատ կզգար այդպիսի արտահայտությունից,- հայտարարել է հիմնադրամի նախագահ Կոսցյուշկո Ալեքս Ստորոժինսկին:

- Մենք սպասում ենք հանգամանալի բացատրություն, հերքում և գրավոր ներողություն,- լրագրողներին էլ ասել է նախկին արտգործնախարար Ադամ Ռոտֆելդը, ով ներկա է եղել պարգևների հանձնման արարողությանը:- Դա պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակի դրսևորումն է այն մարդկանց, ովքեր Սպիտակ տանը պատրաստում են նման ելույթները:

Վաղ առավոտյան արդեն լրատվամիջոցներում հայտնվել է Միացյալ Նահանգների վարչակարգի ներկայացուցիչ Թոմի Վիտորի հայտարարությունն առ այն, որ «Օբաման պարզապես վրիպել է: Մենք ցավում ենք, որ թույլ է տրվել այդպիսի սխալ արտահայտություն» (ԻՏԱՌ-ՏԱՍՍ):