ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵՑԻՆՔ «Ամենագլխավոր մեղավորը»


Կորյուն Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետ (Սկիզբը «ԱՎԱՆԳԱՐԴԻ» թիվ 9-10-ում») Ինքնապաշտպանությունը կազմակերպելուն զուգընթաց բարձր մակարդակով լուծեցինք բռնագաղթված 14.500 հայերի (հիմնականում թոշակառուներ)` տներով ապահովելու, կեցության և աշխատանքի տեղավորման խնդիրները: 1988թ. սեպտեմբերից մինչև 1990թ. սեպտեմբերը պաշտպանական աշխատանքները կազմակերպել և համակարգել եմ ես: Շրջան գործուղվեցին Հանրապետության ներքին գործերի անձնակազմի սպաները` փոխնախարար Գ.Գրիգորյանի ղեկավարությամբ (գեներալ-մայոր, այժմ` թոշակառու), hետագայում նաև Խարկովի տանկային բարձրագույն ուսումնարանի, Մինսկի թիկունքային բարձրագույն ուսումնարանի կուրսանտները` իրենց գեներալ-մայոր պետերի գլխավորությամբ: Մեր շրջանի կամավորական ջոկատներից բացի, սկսած 1989թ. կեսերից, Վարդենիսի սահմանագծում էին Լեոնիդ Ազգալդյանի, Սարի թաղի Վրեժի, Միրզոև Մայիսի (Ճայ Մայիս) ջոկատները: 1988թ. նոյեմբերի 24-28-ն էր: Շրջկոոպի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հետ գնացել էինք Փոքր Մազրա գյուղ: Մի մարդ ասաց. «Ադրբեջանաբնակ գյուղերում շրջում են Բաքվից եկած էմիսարներ` սև, երկար թիկնոցներով են, լավ զինված և հիմնականում ձիերով»: Հետագայում պարզվեց, որ Ադրբեջանի հարևան շրջաններից շուրջ 2000 բաքվեցի երիտասարդ էմիսարներ ադրբեջանցի բնակչությանը` Հայաստանից չհեռանալու վերաբերյալ քարոզչական աշխատանք կատարելու նպատակով ներթափանցել են մեր տարածք: Մենք փոխեցինք մեր գործողությունների ռազմավարությունը և ստիպեցինք նրանց հեռանալ շրջանից: 1988թ. դեկտեմբերի 6-ին Վարդենիսի շրջանում ադրբեջանցի գրեթե չէր մնացել: 1989թ. հուլիսին, ինքնապաշտպանության կազմակերպման սկիզբն էր, ասացին, որ ինձ հետ ուզում է հանդիպել Անկախության ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը: Անձամբ չէի ճանաչում: Ներս մտավ չափազանց համակրելի ու պատկառելի, իր չափն ու կշիռը գիտցողի վստահությամբ ու լրջությամբ, 48-50 տարեկան մի անձնավորություն: Ասաց, որ անկախության գաղափարին է դավանում, որ իր ջոկատը գտնվում է Աղիյողուշ (Գյունաշլի) գյուղում, անհրաժեշտության դեպքում կարող ենք ապավինել իրենց, և որ ջոկատի համար նյութական որոշակի աջակցություն է ակնկալում: Լեոնիդը գիտնական էր, բարձր կարգի զորահրամանատար. առանձնանում էր իր ձիրքով, ինտելեկտով, զինվորների հանդեպ սիրով: Մնաց մեր շրջանում, համագործակցեցինք մեկ տարի, ավելին: Շրջան եկած մյուս ջոկատների մասին գերադասում եմ չխոսել: Ամառ էր, հուլիս թե օգոստոս ամիսը: ՀԱՄԽ-ից երկու բարձրաստիճան տիկին էին եկել շրջան` իրենց աշխատանքին առնչվող խնդիրներով: Շրջում էինք դպրոցներում, գործարաններում: Վարորդս տեղեկացրեց, որ Լեոնիդն ու իր ջոկատից յոթ հոգի երկու մեքենայով սահմանային Ալա լճեր տեղամասի դիրքերն ստուգելու նպատակով բարձրանում են Նորակերտի արոտատեղեր: Ղարաբաղից եկած երեք ռազմական ուղղաթիռների անձնակազմերի և Լեոնիդի ջոկատի միջև բնակավայրին և ֆերմաների հարող տարածքում փոխհրաձգություն է սկսվել, ժողովուրդն ահաբեկված է ու փախչում է դեպի շրջկենտրոն: Նորակերտի տնտեսության ղեկավար Հայկարամ Ավետիսյանն օգնություն է խնդրում: Ադրբեջանցիք, նկատելով մեր տղաներին, տեղեկացնում են Ստեփանակերտում բազավորված ռուսական զորքին: Ղարաբաղի պարետ Սաֆոնովը երեք ռազմական ուղղաթիռով ներխուժում է մեր տարածք ու կռվի բռնվում Լեոնիդի ու նրա տղաների հետ: Երկու շաբաթ այս դեպքից առաջ Ալա լճերի մոտ ադրբեջանական երկու ավտոբուս, մի ավտոկռունկ, մի տնակ և մի զրահամեքենա պայթեցրինք, որովհետև սահմանի վրա դրանց առկայությունը վտանգավոր էր: Այդ տարածքը թե° ռուսները, թե° ադրբեջանցիները խստորեն վերահսկում էին: ՀԱՄԽ-ից եկած երկու տիկնոջից ներողություն խնդրեցի և ճանապարհ ընկա դեպի Նորակերտի սարը: Ռադիոկապից տեղեկանալով իրավիճակին` վարդենիսցիները մոտավորապես 200 մարդատար ավտոմեքենայով հետևում են ինձ: Երբ տեսա մեքենաների երթը, սիրտս հրճվանքով լցվեց: Զգացի, որ մենակ չեմ: Այդպիսի երջանկության քիչ պահեր եմ ապրել: Տեղ հասնելով` տեսա, որ մեկ ուղղաթիռ «կախվել» է կիսաքանդ գոմի վրա ու կրակում է: Ծառայողական սև «Վոլգա» մակնիշի մեքենան և իմ` ձեռքի նշաններով հասկացնելը, որ ղեկավար եմ, տպավորություն գործեցին. ուղղաթիռը հեռացավ: Մյուս երկու ուղղաթիռները կիրճի երկու կողմում սկսեցին հավաքել նախօրոք դեսանտ իջեցված ռուս զինվորներին. յուրաքանչյուր 15 մետրի վրա ինքնաձիգով և մինչև ատամները զինված զինվորներ էին կանգնած: Մոտեցա գոմին, որը ծածկ չուներ և մի անկյունում, որի վրա իջել էր ծածկը, տեսա Լեոնիդին` իր չորս զինվորի հետ: Մի կերպ կուչ եկած` հինգ հոգի պատսպարվել էին այդ նեղլիկ տեղում: Հայտնվելուն պես ուղղաթիռները կրակ էին թափել տղաների վրա: Լեոնիդն ու իր տղաները դուրս էին եկել մեքենաներից և կրակահերթերով պաշտպանվելով` կիրճով նահանջել դեպի կիսավեր գոմը: Երբ ես հասա, ուղղաթիռը` վերից, Լեոնիդի տղաները` ներքևից, կրակում էին: Եթե չհասնեինք, գուցե չփրկվեին: Այս դեպքի մասին թաթար հեռուստալրագրող Ֆարիդ Սեյֆուլ-Միլյուկովը կենտրոնական հեռուստատեսությամբ հաղորդում տվեց (ինքն անձամբ էր նկարել ամբողջ տեսարանը): Ինձ տեսնելով` Լեոնիդն ասաց. «Սլավիկը դիմացի սարալանջին ընկավ»: Սլավիկը նույնպես մտավորական էր, ֆիզիկոս: Ուղղաթիռների հեռանալուց հետո նշված վայրում 300 հոգով փնտրեցինք ու չգտանք Սլավիկին: Նորակերտցիներն ասացին. «Գնալուց առաջ ռուսները Լեոնիդի երկու մեքենան հրդեհեցին, անասնապահ Նվերին հետները տարան, մենք ոչինչ չկարողացանք անել: Իսկ Սլավիկը չկա ու չկա»: Առավոտյան ժամը 8-ին Նորակերտի տնտեսության դիրեկտորը հայտնեց. «Ձեր որոնած տղան այստեղ է»: Պարզվեց, որ ռուսները ծանր վիրավոր Սլավիկին ուղղաթիռով տարել էին ու գիշերը, երբ վերքերից մահացել էր, բերել- թողել էին սարի լանջին: Գնդակը ձախ ուսագլխից մտել, աջ թևատակից դուրս էր եկել` վնասելով բոլոր օրգանները: Վեց ամիս ջանքեր գործադրելուց հետո մի կերպ հաջողվեց Նվերին ազատել գերությունից: Հետագայում ինձ ասացին, որ Լեոնիդը կատարել է իր հերթական հերոսությունը. Վարդենիսից (Գետաբեկին սահմանակից է) Սևանա լճի հյուսիսային մասով դուրս գալով Գետաբեկի շրջան` անցել է Դաշքեսան, Գետաշեն, Կամո, Մարտունաշեն, Ազատ, Կամո գյուղերով, ապա` Շամխորի շրջան և հասել Շահումյան: Լեոնիդը, նրա ջոկատի տղաներից շատերը զոհվեցին Մարտակերտի, Շահումյանի համար մղված մարտերում` պատմական Հայաստանի ազատագրման փափագը սրտերում: Լեոնիդն օժտված էր զինվորական բացառիկ տաղանդով: Նրա պես հայրենասերի չեմ հանդիպել: Նա մեծ հայ էր: 1988թ. դեկտեմբերի 17-ին ԽՄԿԿ կենտկոմից գործուղված պաշտոնյաներն ինձ ստիպեցին գնալ Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովայա Սարատովկա կոչվող գյուղ` քարոզելու, որպեսզի հեռացած ադրբեջանցիները վերադառնան: Երբ տեղ հասնելով` իջա մեքենայից, Վարդենիսից այնտեղ փախած թուրքերը հարձակվեցին ինձ վրա: Մի ռուս զինվոր փրկեց մեր կյանքը` ինքնաձիգից երկու կրակահերթ արձակելով: ԽՄԿԿ կենտկոմի հանձնարարությամբ Գետաբեկում հավաքվել էին Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի, Շամխորի, Դաշքեսանի, Բարդայի, Թովուզի և այլ շրջանների կուսկոմի առաջին քարտուղարներն ու գործկոմի նախագահները, դատախազները, ՆԳ և Անվտանգության բաժինների պետերը, լրագրողներ: Հանդիպման սենյակում էին նաև ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջկոմի առաջին քարտուղար Համլետ Դալլաքյանը և անվտանգության բաժանմունքի պետ Մնացական Բազիկյանը: Մեր ներս մտնելուն պես Շամխորի շրջկոմի քարտուղարը, որ տիպիկ թուրքի դեմքով մեկն էր, ասաց. «Ահա°, ամենագլխավոր մեղավորը ժամանեց: Նստի°ր, բացատրի°ր, տեսնենք` ինչու՞ է ադրբեջանցի ժողովուրդը Վարդենիսից փախել և քեզանից այդքան բողոքում»: Պատասխանեցի. «Ես չեմ եկել բացատրություն տալու և արդարանալու: Նույն կերպ ես կարող եմ հարցնել, թե ինչու՞ Ադրբեջանում ապրող շուրջ 500.000 հայ փախստական դարձավ և աշխարհի չորս կողմում ծածկ ու օթևան է փնտրում…»: Ծանր է հիշելը, դեպքերը, դեմքերը… Խոսելու, գրելու բան շատ կա, գուցե մի օր ամբողջ պատմությունը թղթին հանձնեմ: -Այո°, պատմության փոքրիկ դրվագն իսկ պետք է փրկել մոռացումից: Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ