ՃԳՆԱԺԱՄ ԴՈՒ ՃԳՆԱԺԱՄ


Որքան էլ խոսում էինք աշխարհի մտահոգությունների առանցքը դարձած ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին, միևնույն է, խորապես չէինք ընկալում դրա սոցիալական վնասակարությունը մինչև որ սեփական մաշկի վրա չզգացինք շոշափելի արդյունքները: Արտարժույթի արժևորմանը հետևած առաջին սերնդի թանկացումները հանդուրժելուց հետո, ժողովուրդը կամա թե ակամա սպասում է կոմունալ առաջին անհրաժեշտության ռեսուրսների ապրիլյան գնաճին հաջորդող հետևանքներին: Իսկ դրանց դիմագրավման համար ընտանեկան բյուջեի տնտեսման հնարամտություն է պահանջվում հատկապես սոցիալապես անապահով խավից` հաշմանդամներ, կենսաթոշակառուներ, գործազուրկներ և նվազագույն աշխատավարձ ստացողներ: Հասարակության այս շերտը կրկնակի հարվածի ենթակա համարող` տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, գնահատելով կառավարության հակաճգնաժամային քայլերը, նշում է. - Իսկապես գնահատելի է, որ կառավարությունը այսօր խնդիր է դնում կրճատել այն ծախսերը, որոնք առաջին անհրաժեշտության չեն` գործուղումներ, գույքի ձեռքբերում` մեքենաներ կամ բջջային հեռախոսներ: Տրամաբանությունը ինձ համար ընդունելի է այն առումով, որ եկամուտների զգալի մասը` գործարար, ձեռներեց աշխուժացման տեսանկյունից, հավաքագրվում է ամռան ամիսներին, և այդ եկամուտների հաշվին ծախսեր կատարելը համարում եմ հիմնավոր: Ոչ առաջին անհրաժեշտության ծախսերի փոխարեն` վստահ եմ, որ պետք է ավելացվի սոցիալական ծախսերի մասը: Սոցիալական շուկայում տնտեսությունն է կարևորը. եթե ժողովրդի գնողունակությունը անկում է ապրում, այդ աշխուժացումը երբևէ չի լինի: Սոցիալական ռեֆորմները կձախողվեն: Տրամաբանական է նաև այն, որ կառավարության` բյուջետային վերաբաշխման արդյունքում գերծանրա բեռնվածության տակ է ընկնում չորրորդ եռամսյակը. ծախսերով «պարարտացված» այդ ամիսների համար էլ էր նախանշված գումարային թողունակություն: Ու այս պարագայում հավանական է դառնում բյուջեի կրճատումը: Բացի այդ, առջևում քաղաքապետի ընտրություններն են, իսկ մեր երկրում կարծես թե քաղաքական-տնտեսական ավանդույթ է դարձել հետընտրական գնային տատանումները, ինչը նույնպես կնվազեցնի հասարակության գնողունակությունը: Այս պայմաններում սեկվեստրը անօգուտ որակող, հետևաբար և այն չընդունող տնտեսագիտության պրոֆեսորը 3-րդ շրջանի գնաճի ազդեցության առումով, գտնում է, որ. - Գնային տատանումներ, սովորաբար, ընտրություններից առաջ և հետո լինում են, բայց այս պայմաններում դա մեծ ազդեցություն չի թողնի, որովհետև առանց այն էլ ոչ կայուն իրավիճակ է ստեղծված: Հավանական, օրինաչափ համարում եմ, բայց կան գործոններ, որոնք ավելի լուրջ ազդեցություն կարող են ունենալ: Կարծում եմ` շատ բան կախված կլինի 20-ի խմբի լոնդոնյան հանդիպումից: Այս գործընթացները մեծ ազդեցություն են ունենալու Հայաստանի նման երկրների վրա: Մինչև Միացյալ Նահանգներին չլինի հակակշիռ, այս միաբևեռ աշխարհը մինչև չվերանա, արդյունավետ որևէ լուծում չի կարող լինել որևիցե երկրի համար: Իհարկե, ճգնաժամը գլոբալ է, և ազդեցություններն էլ կախված են համաշխարհային տնտեսական իրադարձություններից: Սակայն մեր երկրի դեպքում` տնտեսվարման դիտանկյունից գերզգայուն խավի համար որոշիչ է անգամ ամսվա կտրվածքով 1000 դրամի տարբերությունը: Ավելին. թեև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից հուրախություն ժողովրդի հայտարարեցին, որ ապրիլմեկյան թանկացումը չի ազդի ուղեվճարի վրա, այսուամենայնիվ, թերևս այնքան էլ անհիմն չէ այն մտավախությունը, որ դա ընդամենը հետաձգվել է մինչև Երևանի քաղաքապետի ընտրությունների ավարտը: Այս առումով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը կարծում է. - Բոլորն էլ հասկանում են, որ գազի սակագնի փոփոխությունը չի կարող չազդել որոշ այլ ծառայությունների կամ ապրանքների գների վրա: Մի դեպքում դրանք կթանկանան, մյուս դեպքում` կարող են և չթանկանալ. պարզ հաշվարկ կարելի է անել, թե ինչ տոկոսային հարաբերությամբ է ընդգրկվում գազի գնի բաղադրիչը` ապրանքի կամ ծառայության ընդհանուր գնի մեջ: Բոլոր այն ընկերություններից, որոնք հաղթել են այս կամ այն երթուղին սպասարկելու մրցույթներում, ուղևորափոխադրումների վարձի բարձրացման հայտ դեռևս չենք ստացել: Պետք է ասեմ, որ գազալցավորման համակարգի հետ կապված նույնպես փոփոխություններ են նախատեսվում. գազը վաճառվելու է ոչ թե ճնշման չափից ելնելով, այլ` քաշից: Թանկացումների առումով չէի ուզենա շտապել. սպասենք` տեսնենք: Ճգնաժամի տևողությունը 1-2 տարի հավանական համարող նախարարի պատասխանն իսկ հուշում է, որ մարդկանց հոռետեսական կասկածները ամառնամուտին կարող են իրականություն դառնալ: Ուստիև ակներև է, որ Հայաստանի տնտեսական լարվածությունը դեռևս թուլանալու միտում չունի, քանի որ այս արհավիրքը` ժամանակի առումով առնվազն ճգնամյակ է լինելու: Այնպես որ, պետք է ամեն ինչ անել` անապահով խավերի «տնտեսական դիմադրողականությունը» գոնե պահպանելու համար:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ