ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀՐԱՇԱԼԻ ԱՇԽԱՐՀԸ


 

Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ ապրում է Թբիլիսիում: Ինչպես նրա բարեկամներն ու վրաց մշակույթի գործիչներն են ասում` հայ գրականության դեսպանն է Վրաստանում, վրաց գրականության դեսպանը` Հայաստանում: Հիրավի, բարդ պարտականություն է: Եվ արդեն մի քանի տասնամյակ Անահիտ Բոստանջյանն իր բանաստեղծական գրքերը ստեղծելուն զուգընթաց` թարգմանում է վրաց գրականության լավագույն նմուշները` դրանք հասանելի դարձնելով հայ ընթերցողին: Հայ գրողներին է թարգմանում վրացերեն` այսպես ձևավորելով ինքնատիպ գրական կամուրջներ: Երևի խորհրդանշական է, որ Անահիտ Բոստանջյանը նաև «Կամուրջ» գրական տարեգրքի կազմողն ու խմբագիրն է: Մեր զրույցը սկսեցինք «Կամուրջից», որովհետև այն Վրաստանում լույս տեսնող հնագույն գրական ալմանախներից մեկն է:

- Ցավոք` այսօր քչերը գիտեն «Կամուրջի» և նրա անցած ճանապարհի մասին: Ուստի, կուզենայի, որպեսզի ներկայացնեիր իր տեսակի մեջ եզակի այդ տարեգրքի համառոտ ընթացքը:

- Սիրով կներկայացնեմ, որովհետև այդ տարեգիրքը մեր մեծ հարստություններից մեկն է: 1930-ականներին Վրաստանի գրողների միությանն առընթեր ստեղծվեց հայկական մասնաճյուղ, որի անդամներն էին Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում ապրող հայ գրողները: Խորհրդային իշխանությունը շա˜տ «բարեհաճ» էր վիրահայ գրողների հանդեպ. գրահրատարակչության համար տարեկան տրամադրում էր դրամական միջոցներ` 60 մամուլի համար: Շուտով այդ քանակին ավելացավ ևս քսանը` «Կամուրջ» տարեգրքի տպագրության համար: Դա մեծագույն երջանկություն էր, որովհետև ոչ բոլոր գրողներին էր հաջողվում գրքեր տպագրել: Իհարկե, Հայաստանում ևս տպագրվում էին վիրահայ գրողների գրքերը, բայց այստեղ էլ սահմանափակում գոյություն ուներ: Տարեգրքի հրատարակումը դարձավ կարևորագույն իրադարձություն, իսկ նրա ակունքների մոտ կանգնեցին Մկրտիչ Ասլանյանը, Սուրեն Ավչյանը, Մարտին Քարամյանը, Բենիկ Սեյրանյանը, Պողոս Մակինցյանը, Արշավիր Դարբնին, Մաթևոս Դարբինյանը և այլք:

- Դու այդ տարեգիրքը խմբագրում ես 1990 թվականից սկսած: Այս ընթացքում շատ բան է փոխվել Վրաստանում, փոխվել է վերաբերմունքը ոչ միայն հայ, այլև վրաց գրականության հանդեպ: Մեծ դժվարությամբ է լույս տեսնում 20-րդ դարի հայ մամուլի առաջնեկներից մեկը` «Վրաստան», նախկին «Մարտակոչ» թերթը… Իսկ արդյո՞ք վրացական կառավարությունը նյութական աջակցություն ցուցաբերում է «Կամուրջին»:

- Վրաստանի կառավարությունը չէր հովանավորում անգամ վրացերեն տարեգրքերը. հնարավորություն չուներ: 1990-ականներին փակվեցին նմանատիպ վրացերեն, ռուսերեն, ադրբեջաներեն տարեգրքերը: Հայերենն առասպելական ջանքերով պահպանեցի: «Կամուրջ»-ը մնաց, հաճախականությունը փոխվեց: Սակայն 3 տարի լույս չտեսավ: Չէի հանգստանում: Ի վերջո առանց երկար-բարակ մտածելու դիմեցի Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին, ով անմիջապես արձագանքեց, գումար տրամադրեց ու կքված «Կամուրջ» -ն իր մեջքն ուղղեց: Տարեգրքի շարունակական գոյությունը հնարավոր է դառնում «Օքրո Օքրոյան» հիմնադրամի մշտական հովանավորմամբ, իսկ վերջին համարի մեկենասը վիրահայ բանաստեղծ Տիգրան Մինասյանն է:

- Թարգմանությունը մերձեցնում է տարբեր ժողովուրդների մշակույթներ, հանրահռչակում շատ ստեղծագործություններ, նպաստում գրական-գեղարվեստական փոխառնչութ յուններին: Երևի պատահական չէ, որ մենք Թարգմանչաց տոն ունենք:

- Հայ և վրաց գրականությունների փոխադարձ թարգմանությունների պատմությունը ընդգրկում է մոտ մեկ և կես դար: Չխոսենք 19-րդ դարի մասին, որովհետև Թիֆլիսում ապրող հայ գրողների մի մասը տիրապետում էր վրացերենին, կատարում սեփական ստեղծագործությունների թարգմանություններ, վրացիներն էին թարգմանում հայերին… Քսաներորդ դարում ավանդույթները շարունակվեցին: Հատկապես Սուրեն Ավչյանը, Գիվի Շահնազարը հսկայական գործ կատարեցին երկու ժողովուրդների գրականությունների մերձեցման ասպարեզում: Մի կարճ շրջան, պայմանավորված երկու երկրում էլ ձևավորված դժվար պայմաններով, գրահրատարակչությունը գրեթե ձախողվեց: Սակայն վերջին տասնամյակում լուրջ և հիմնարար քայլեր են կատարվել այս ասպարեզում: Դե, եթե մի երկրում արդեն գրքեր են տպագրվում, նշանակում է` կյանքը վերադառնում է իր ճշմարիտ ընթացքին: Մեր առաջին կարևոր աշխատանքներից մեկը Լևոն Անանյանի «Վայրի կակաչներ» գիրքն էր, որը թարգմանեցինք Մաղվալա Գեուկովայի և Գիվի Շահնազարի հետ, իսկ գրքի առաջաբանն էլ գրեց նշանավոր վրաց գրող Ռևազ Միշվելաձեն: Վերջերս Թբիլիսիում լույս տեսավ նրա «Երբ արցունքն էլ ցամաքեց» խորագրով նորավեպերի հայերեն ժողովածուն, որն ամբողջությամբ թարգմանել եմ ես: Վաթսունհինգ գրքի հեղինակի հայերեն երկրորդ գիրքն է սա:

- Դու թարգմանել ես նաև վրաց նշանավոր գրող, գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլու «Գիսավոր աստղի թագավորությունում» ժամանակակից հեքիաթը, քո թարգմանական հարստություններից մեկն էլ Նոդար Դումբաձեի գրականությունն է…

- Երբեմն այն տպավորությունն եմ ունենում, թե հիշատակված և մյուս ստեղծագործությունները ինքս եմ գրել. այնքան հոգեհարազատ են դրանք ինձ` ամփոփված իմ էության մեջ: Դա է իմ հրաշալի աշխարհը, իմ ու տիեզերքի հետ փոխկապակցման միջոցը: Թարգմանելով ուրիշների` ես ժամանակ չեմ ունենում սեփական ստեղծագործություններիս շատ ժամանակ տրամադրել: Բայց, հավանաբար, այդ թարգմանություններն էլ դառնում են իմն ու ուրիշինը:

- Սիրելի Անահիտ, ուզում եմ մաղթել քեզ ուժ ու կորով, որպեսզի երբեք չպակասի եռանդդ, գրես ու թարգմանես շատ և սահմանափակ չդարձնես մեր ու վրաց գրականության մեջ ձևավորած քո հանգրվանը:

- Էհ, տա Աստված…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ