Ակնհայտից մինչև անկանխատեսելին մեկ քայլ է


Յուրաքանչյուր շարքային քաղաքացի, որոշելով մասնակցել համապետական ընտրություններին, որևէ քաղաքական ուժի նախապատվությունը տալուց առաջ ինքն իրեն հարցնելու է. ո՞ր կուսակցությունը, ո՞ր քաղաքական լիդերը ի վիճակի է համեմատաբար կարճ ժամանակահատվածում էականորեն բարելավել իր սոցիալական վիճակը, բարձրացնել կենսամակարդակը: Մնացած բոլոր խնդիրները մեր բնակչության զգալի մասի համար լինելու են ածանցյալ, երկրորդական, եթե չասենք` անկարևոր: Թերևս միակ բացառությունը կարող է լինել միայն ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծումը: Եթե օբյեկտիվ լինենք, մեր ազգաբնակչությանը, խոշոր հաշվով, առանձնապես չեն հետաքրքրում` Հայաստանը ռուսաստանամե՞տ է լինելու, թե՞ արևմտամետ, գլոբալիզացվելո՞ւ է, թե՞ նախընտրելու է պահպանել ազգային ինքնությունը, եվրոպական ժողովրդավարական արժեքները արմատավորվելո՞ւ են, թե՞ շարունակելու են կրել իմիտացիոն բնույթ: Վերոնշյալ ռազմավարական խնդիրները միայն դիվանագետների, փորձագետների, վերլուծաբանների, մտավորականության ընդամենը մի շերտի մտահոգությունների առարկան կարող են դառնալ: Հասարակ ժողովուրդը տեսնում, հասկանում, «շոշափում», գոհ կամ դժգոհ է լինում իր առօրյա հոգսերը թեթևացնելու, առայժմ միայն գոյատևման հարցերը լուծելուն ուղղված քայլերը գնահատելով ու մեկնաբանելով: Այս տեսանկյունից ընդդիմությունն իրավացի է, երբ պնդում է, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից: Սակայն մեկ կարևոր հանգամանք չպետք է շրջանցել: Նույնիսկ զարգացած արևմտյան երկրներում ժողովրդի կեսից ավելին, տարբեր պատճառներով, չի համակրում հայրենի իշխանություններին և, որպես կանոն, պահանջում է ավելին, քան ի զորու է տալ պետությունը: Բայց... ընտրությունների ժամանակ հաճախ կրկին քվեարկում է գործող իշխանությունների օգտին: Այս պարադոսքը դժվար չէ մեկնաբանել: Հասարակությունը առավել նախընտրում է կայունությու նն ու կանխատեսելիությունը, քան այնպիսի փոփոխությունները, որոնք անորոշության զգալի տարր են պարունակում ինչի արդյուն քում դրական տեղաշարժերի փոխարեն հնարավոր է ստանալ հակառակ արդյունքը: Ժողովրդական լեզվով ասած` առաջնորդվում են «Աստված, է°լ բեթարից ազատի» կամ «Փորձված թանը անփորձ մածունից լավ է» սկզբունքով: Այնուամենայնիվ, ժողովուրդը փոփոխությունների անհրաժեշտություն գզում է: Եթե պաշտոնական քարոզարշավի ժամանակ իշխանությունները փոփոխությունների խոստումներ և դրանց իրագործման երաշխիքներ չտան, ապա հնարավոր է նաև պարտություն կրեն` իրենց տեղը զիջելով ընդդիմությանը: Մեծ ու փոքր պաշտոնյաները հաճախ են հայտարարում, թե բարեփոխումները շարունակվելու են: Բայց քանի դեռ վաղուց սկսված բարեփոխումների «խերը» մեր բնակչությունը սեփական մաշկի վրա չի զգացել, այդ բառը արժեզրկվելու է և դառնալու է հեգնանքի առարկա: Հետևաբար իշխանությունները, եթե ցանկանում են պահպանել իրենց դիրքերը, պետք է խոսեն ոչ թե բարեփոխումների շարունակականության մասին, այլ դրանց խորացման ու արագացման: Այո, որոշ առումով արմատական քայլերի անհրաժեշտություն կա: Կտրուկ, բեկումնային տեղաշարժերի իրականացման դեպքում միայն իշխանություններն ի վիճակի կլինեն վերականգնել ու պահպանել սեփական վարկանիշը` շահելով ժողովրդի վստահությունը: Իհարկե, կտրուկ քայլերը բավական ռիսկ են պարունակում (այդ ռիսկը հաճախ անվանում ենք քաղաքական կամք): Բայց չգնալ արմատական ճանապարհով, դա նույնն է, թե փորձել դեղահաբերով բուժել այն հիվանդին, ում կարող է փրկել միայն վիրահատությունը: Տպավորություն կա, թե իշխանություն ները գիտակցում են, որ եկել է վճռական գործողություններ սկսելու ժամանակը: Օրինակ, վերջիններս խոստովանում են, որ դեռևս անբավարար է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը: Այդ մասին հարկային և մաքսային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ շատ խիստ և կոշտ արտահայտվեց Հանրապետության նախագահը: Առայժմ գոհացուցիչ չի կարելի համարել տնտեսության «ողնաշարի»` արդյունաբերության զարգացման տեմպերը: Լուրջ խնդիրներ կան ֆինանսավարկային քաղաքականության, դոլար-դրամ փոխարժեքի և վերջինիս տատանումների կապակցությամբ: Շատ չլուծված հարցեր կան նաև գյուղատնտեսության ոլորտում: Իհարկե, թվարկված հիմնախնդիրների լուծումը բավական բարդ է և անհնար է իրականացնել միանգամից, կարճ ժամանակա հատվածում: Սակայն զարգացման ճիշտ ու արդյունավետ ուղեգծերի ընտրությունը, վճռական ու արագացված տեմպերով գործունեության իրականացումը ոչ միայն հնարավոր է, այլև պարտադիր: Քանզի ոչ բոլոր ռեսուրսներն են լիարժեք օգտագործված, և ոչ բոլոր մեխանիզմներն են գտնված ու կյանքի կոչված: ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ընթացքում իշխանություն ները ընդդիմության իրավացի և հանիրավի քննադատություններին դիմակայելու, մրցակցությանը դիմանալու, ժողովրդի վստահությունը շահելու մեկ ելք ունեն. պարզ ու շիտակ հանրությանը ներկայացնել ոչ միայն արված դրականը, այլև չարվածը, բացթողումներն ու սխալները, և հատկապես հանրությանը ցուցանեն այն չօգտագործված ռեսուրսը, որն իրենք պատրաստակամ են վճռականորեն գործի դնել` լուրջ շրջադարձն ապահովելու համար: Էն գլխից պարզ է, որ ընդդիմությունը ընտրապայքարում իր քարոզչության հիմնական մեխը դարձնելու է ժողովրդի սոցիալական ոչ բարվոք վիճակը և դեռևս արմատախիլ չարված կոռուպցիան: Փորձելու է բնակչությանը համոզել, որ ինքն ի զորու է կարճ ժամկետում լուծել այս բարդագույն հիմնախնդիրները: Սակայն, բարի նպատակների ցանկը ներկայացնելով հանրությանը, ընդդիմադիրները կրկին չեն մատնանշելու այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է կյանքի կոչել սեփական ծրագրերը: Կարելի ենթադրել, որ լուրջ շահարկումների առարկա է դարձվելու հատկապես դրամի արժեվորման երևույթը, որից էականորեն տուժում է Հայաստանի ազգաբնակչության կեսից ավելին: Եվ, իսկապես, եթե ընդդիմությանը հաջողվի այս խայծը արդյունավետ օգտագործել, հնարավոր կլինի սիրաշահել շուրջ մեկ միլիոն ընտրողների: Քանզի այդքան և նույնիսկ ավելի ՀՀ բնակիչներ իրենց գոյությունը պահպանում են արտերկրից` հարազատների ուղարկած դոլարային եկամուտներով: Իսկ դրանք օր-օրի արժեզրկվում են: Ենթադրելի է նաև, որ ընդդիմությունը տասնապատիկ ավելի, քան իշխանությունները, քարոզարշավում օգտագործելու են սև PR-ը և պոպուլիզ մը: Ճիշտ է, ժողովուրդը այլևս հավատ չի ընծայում մեծամասամբ կեղծ խոստումներին, բայց հանրության մի փոքր մասը դեռ ցանկանում է հավատալ հեքիաթներին և «կախարդական փայտիկին»: Ինչևէ: Թեպետ վերլուծաբանների մեծամասնությունն այն կարծիքին է, թե ընդդիմության տրոհվածության պատճառով իշխանությունները հեշտ հաղթանակ կտանեն, այնուամենայնիվ, ոչ քիչ հավանական է, որ մրցակցությունը լինի բավական թեժ: Վերջնական արդյունքների կանխատեսելիության աստիճանն էլ չի կարելի միանշանակ բարձր համարել:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ