ՆԱԵՎ` ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ


 

Համայնքային ոստիկանության ծառայության կազմակերպումն, ըստ էության, վերաճում է շատ ավելի ընդգրկուն ու խորքային գործընթացի, որի վերջնարդյունքը լինելու է ոստիկանության արմատական և անշրջելի բարեփոխումը: Ոստիկանություն, որի գործունեությունը լինելու է մարդակենտրոն, նպատակը` հասարակությանը ծառայություն մատուցելը, գերխնդիրը` արդար ու ապահով իրականության հաստատումն ու պահպանումը: Եվ բնակչությունը պատրաստակամ է մասնակցելու այդպիսի ոստիկանության ձևավորմանը:

2011-ի նոյեմբերից համակարգում նաև մի շարք նորամուտներ են կայացել: Նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 21-ին և այս տարվա սեպտեմբերի 20-ին հանդիսավորությամբ բացվեցին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի, Ավանի և Արաբկիրի անձնագրային ծառայության հիմնանորոգ ված շենքերը: Կարևոր ձեռնարկումներ, որոնք պայմանավորված էին քաղաքացիների սպասարկման ժամանակակից մակարդակ ապահովելու անհրաժեշտութ յամբ: Արդյունքում` նախկինի համեմատ զգալիորեն բարձրացել է քաղաքացիների սպասարկման մակարդակը, և գրեթե բացառվել են կոռուպցիոն ռիսկերը...

Նորամուտների թեման շարունակելով նշենք, որ այս տարվա հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ է մտել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությունը: Ծառայությունն արդեն իսկ իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի:

Հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետն անձամբ մասնակցեց մայրաքաղաքի երեք նորակառույց հենակետերի բացմանը: Այդ հենակետերը ներկայումս գործում են ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանական ծառայությունը հենակետերի միջոցով կազմակերպելու սկզբունքներն ու նշանակությունը.

- Նորաբաց հենակետերը ևս մեկ քայլ են` ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների համագործակցության, խորացման, հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Ոստիկանների ուղղակի աշխատանքը բնակչության հետ դրական ազդեցություն կունենա համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, համակեցության կանոնների կատարման, վերջնարդյունքում` հասարակական կարգի պահպանման վրա, ինչը ոստիկանների խնդիրն ու քաղաքացիների ցանկությունն է:

Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է 30 հազար բնակչի: Ի դեպ, քաղաքացին հենակետ կարող է դիմել ոչ միայն ոստիկանությանն առնչվող խնդիրներով, այլև գործակցության ծրագրերով ու առաջարկներով` գիտակցելով, որ ոստիկանը նախևառաջ հասարակության անդամ ու զինակից է հանրային անդորրի ու բարօրության պահպանման գործում:

Ուրախալի է, որ հենակետերի նշանակությունն ընդունվում ու դրական է գնահատվում հասարակության կողմից: Մարդիկ համայնքային ոստիկանին սկսում են ընկալել որպես ընտանիքի անդամ, պաշտպան ու խորհրդատու: Համայնքային ոստիկանը պարտավոր է արդարացնել բնակչի վստահությունը` ծառայությունը կազմակերպելով նոր եղանակներով, նորովի գնահատելով ոստիկանություն-հասարակություն հարաբերություններն ու իր առաքելությունը:

Առողջ` նաև ֆիզիկապես

Համակարգի առաջնային խնդիրներից է նաև ոստիկանների ֆիզիկական պատրաստվածության ապահովումը, որն իրականացնում է «Դինամո» մարզական ընկերությունը, որի մարզաբազան անմխիթար, կարելի ասել` անօգտագործելի վիճակում էր: Մարզահամալիրի մասնագիտացված մարզադահլիճներն իրենց շահագործման օրվանից ավելի քան 47 տարի չէին նորոգվել: 2011 թ. դեկտեմբերի 28-ից ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հովանու ներքո սկսվեցին «Դինամո» մարզադահլիճի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները: Եվ այսօր մենք ականատեսն ենք այն մարզօջախի վերականգնմանն ու վերածնմանը, որտեղ ներկայումս հաճախում է շուրջ 700 երեխա, որտեղ իրենց մարտական և ֆիզիկական պատրաստականությունն են բարձրացնում 400-ից 500 ոստիկան, որտեղ մարզվել և մարզական բարձունքների են հասել բազմաթիվ անվանի մարզիկներ: Կասկած չկա, որ վերականգնված մարզօջախը ամուր հիմք է դառնալու մատաղ սերնդի հետագա առողջ դաստիարակության համար` իր հերթին ամուր կապ հանդիսանալով հասարակության, ոստիկանության և Զինված ուժերի միջև: Ծրագիր, որը «Դինամո» մարզական կազմակերպության ներկայիս նախագահ, ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի համար կարևորագույներից է:

Անողոք` հանցագործի նկատմամբ

Գեներալ-լեյտենանտի սկզբունքներից մեկն էլ այցելություններն են ոստիկանության ստորաբաժանումներ և անձնական շփումներն աշխատակիցների հետ: Այդ ծրագրի շրջանակներում պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Վլադիմիր Գասպարյանի այցերը հագեցած են եղել հանդիպումներով, խորհրդակցություններով, և առկա հիմնահարցերը տեսնելու, ստորաբաժանումների ներուժը գնահատելու, կադրային խնդիրներին արդյունավետ լուծում տալու միտում ունեին: Որդեգրած քաղաքականությանը հավատարիմ` ՀՀ ոստիկանութ յան պետն այցելել է մի շարք բաժիններ և բաժանմունքներ, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, քննարկել ոստիկանների սոցիալական հիմնախնդիրները:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, իր այցելությունների ընթացքում մասնավորապես, ընդգծում է, որ հանրապետության մարզեր կատարվող այցերի շնորհիվ փոխադարձ կապ է հաստատվում համակարգի ղեկավարության ու մարզային ստորաբաժանումների միջև, ինչը թույլ է տալիս առավել օպերատիվ լուծել առկա խնդիրները: Նա կարևորում է, ոստիկանի` մարդկային կերպարը. հանձին ոստիկանի քաղաքացին պետք է տեսնի իր անվտանգության ու ապահովության երաշխավորին, իսկ իրենց օրենքից վեր դասողներն ու համակեցության կանոնները խախտողները` անզիջում իրավապահին:

Ստորաբաժանումների հետ մի շարք հանդիպումներում անդրադառնալով, մասնավորապես, հանցագործությունները թաքցնելու արատավոր պրակտիկային` Վլադիմիր Գասպարյանը կտրուկ պահանջել է.

- Ես արգելո´ւմ եմ թաքցնել, քողարկել հանցագործությունները: Ես գտնում եմ, որ երբ թաքցնում են հանցագործությունը, ոստիկանին տանում են անգործության... Իսկ վերջին ամիսների ձեր աշխատանքը ցույց տվեց, որ երբ աշխատում եք ղեկավարության քաջալերանքով, հավատով և տքնաջան, ապա բացահայտվում են նաև նախկինում կատարված հանցագործությունները: Իրացրեք ձեր լիազորությունները. դուք հսկայական ուժ եք, պետության հավատն ու թիկունքը: Դուք պիտի լինեք անողոք` հանցագործների նկատմամբ, իսկ մնացած իրավիճակներում` շատ ավելի մարդասեր, քան մյուսները: Ես գիտեմ, լավ աշխատանքը երբեմն չի գնահատվում, բայց քարկոծվում են սայթաքումները: Ձեր ձեռքին են և´ օրհնանքը, և´ անեծքը. դուք պետք է ճիշտ ընտրություն կատարեք: Ես ուզում եմ, որ լավ տեսակը ճնշի վատին: Ես պահանջում եմ, որ անողոք պայքար մղեք հանցավորության դեմ, նրանց դեմ, ովքեր մեզ վարկաբեկում են:

***

Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության պետը աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ և հատուկ ուշադրություն հրավիրել համակարգը ոստիկանի կերպարին անհարիր կադրերից մաքրելու անհրաժեշտությանը: Գեներալ-լեյտենանտի համոզմամբ` ոստիկանութ յունը պետք է ձերբազատվի տարիներով իր շարքերը սողոսկած անտարբեր, անբան, ուսադիրը սեփական շահին ծառայեցնող, նաև հանցամետ տարրերի հետ կապեր ունեցող անձանցից:

Անդրադառնալով վարորդական վկայականների փոխանակման գործընթացում հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում տեղ գտած թերություններին, Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները հնարավորինս բացառելու ուղղությամբ: Հասարակությանը ծառայություններ մատուցող ճանապարհային ոստիկաններին խստագույնս զգուշացրել է հարիր լինի իրենց կոչմանը` ծառայել հասարակությանը, ընկալել օրվա հրամայականը, այլ ոչ թե իրենց վարքուբարքով արատավորել իրենց և համակարգի անունը.

- Մեզ հարկավոր են ազնիվ, ուժեղ ու պատվախնդիր ոստիկաններ, մեզ օդի ու ջրի պես պետք է լավ ոստիկանություն, ուստի համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ քաղաքացին գոհ մնա, ինչպես ճանապարհային ոստիկանության մատուցած ծառայությունների որակից, այնպես էլ ճանապարհային ոստիկանների հետ ունեցած շփումից:

Լրատվամիջոցներ - ոստիկանություն

Վլ. Գասպարյանն այն եզակի պաշտոնյաներից է, ով չի խուսափում լրագրողների հետ հանդիպումներից: Ավելին, ոստիկանության գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու առումով չափազանց կարևորելով ուղղակի աշխատանքը զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ` նա արդեն ավանդույթ է դարձրել իր հանդիպումները լրագրողների հետ, ու նաև` ճեպա-զրույցները կառավարության նիստի օրերին: Անմիջական շփումների ընթացքում լրագրողները ստանում են հասարակութ յանը հուզող հարցերի անթաքույց ու շիտակ պատասխանները: Իր շիտակությամբ` ոստիկանության պետը հաճախ հորդորում է տուրք չտալ երևակայությանը` ոստիկանությանը հայհոյելու միջոցով սեփական վարկանիշը փրկելու ջանքերը համարելով առնվազն տգեղ: