Երևանյան թատերաէսքիզներ «Անօրենութիւնը ու խափիլը շատացավ»


153-ամյա Հայպետդրամայի երևանյան հյուրախաղերի մշտական հանդիսատեսը դեռ երկար կմտապահի հնգօրյա թատերաշարից կլանած վառվռուն տպավորությունները: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական (ի դեպ, արտերկրում` միակ) դրամատիկական թատրոնի ներկայիս ստեղծագործական կազմով բեմ բարձրացված «Խաթաբալան» և «Պաղտասար աղբարը» (բեմադրիչ` Արմեն Բայանդուրյան), Կունիի «Փախիր կնոջիցդ» ծիծաղաշատ զվարճապատումը (բեմադիչ` Լևոն Ուզունյան) և Գուրգեն Խանջյանի «Ավերակների պահակները» (բեմադրիչ` Ռոման Մատիաշվիլի) մերօրյա կենսաթրթիռ դրաման: Ներկայացումներ, որոնցով հավաստվում է մեր ազգային բեմարվեստի ամենակենարար ակունքի մշտադալար կենսունակությունը, ոչ միայն` օտար ափերում ունեցած հայապահպան անուրանալի նշանակությունը: Ներկայացումներ, որոնք միանգամայն արժանի են թատերագիտական լուրջ գնահատության: Մասնագիտական մամուլի հոգեվարքը թույլ չի տալիս կանոնավոր մանրակրկիտ վերլուծական աշխատանք ծավալել, ուստի կփորձեմ առավելապես քաղաքական անցուդարձով հետաքրքրական պարբերականի էջերում հակիրճ արտահայտել հյուրախաղային մտորումներս: Այս թատրոնն ինձ համար ազգային մշակութային արժեք է` իր հարուստ տարեգրությամբ և հուսադրող ներկայով: Սկսեմ հենց առաջինից նախանցյալ դարի 60-ականներից բեմադրական բեղուն կյանքով ապրած «Խաթաբալա»-ից, որը թատրոնի 13-րդ գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի նորաոճ մեկնաբանությամբ հաստատում է Հայպետդրամայի հիմնադիր թատերագրի` Գաբրիել Սունդուկյանի, դասական ստեղծագործության արդիական հնչողությունը: Ժամանակների մշտահոլով խառնարանում կյանքի ընթացքի քամին ամեն նոր սերնդի ասպարեզ գալով ուժգնանում է: Երկրային մի կարճ ակնթարթ համատեղ տարուբեր վում են հներն ու նորերը: Արտաքուստ երբեմն անճանաչելի կերպարանափոխած, բայց ներքին բովանդակությամբ գրեթե նույնական, քանզի համարժեք միջավայրերի ձևավորած ատաղձն են կրում, նույն «Կինտաուրի» պարապտույտում քիչումիչ տաշտշված: Միևնույն կաթսայում «եփվելը» հատկապես դժվարանում է նորերի հավաքական մտքի որակական կտրուկ տեղաշարժով: Խարխլելով մարդկային փոխհարաբերությունների կարծրատիպերը` այն բարոյահոգեբանական, հաճախ անհաղթահարելի, անջրպետ է գոյացնում զավակների ու ծնողների միջև, ողբերգության վերաճող դրամա ծնում, ասես, ակամա: Հնի ու նորի բախման բարոյահոգեբանական նկարագրությունն է շեշտադրված Գաբրիել Սունդուկյանին թատերագրի հռչակ բերած «Խաթաբալա» պիեսի 2 տարբերակ ներում (1866,1879): Անմեղ շփոթության շարժառիթով խմորված կատակերգական իրադրություններով պեղվում է իրականության ներթաքույց խորքը: Առուծախի առարկա դարձած Մարգրիտի դրամատիկ կերպարով պախարակվում բնականոն համարվող վարքուբարքի անմարդկային էությունը: «Նրան պետք է խղճալ, սիրել, գուրգուրել և ոչ թե ծիծաղելի դարձնել»,- ուղղորդում է թույլ ու կործանվող հոգիների, ստորացվածների պաշտպանությունը ստանձնած թատերագիրը Մարգրիտին կերպավորող դերասանուհիների խաղը` աչալուրջ հետևելով սեփական կենսափորձից ներշնչված իր «Խաթաբալա»-ի քսանամյա կյանքին հայոց բեմում ու տասնամյա կյանքին` վրացականում: Հենց այս բանալիով էլ բեմավորել է Արմեն Բայանդուրյանը Սունդուկյանի հանրահայտ պիեսը: Նախապատվությունը տալով խորհրդանշական բովանդակությամբ հագեցված պարային-պլաստիկ լուծումներին` ժամանակի շունչն ու ոգին կենդանացնող բնութագրական տեսարանների ինքնաստեղծ պատկերաշարով ներկայացնում է հին Թիֆլիսի առօրյա նիստուկացը: Ազատ բեմատարածքի վրա խորքից իշխող ճակատագրականի արժեք ստացած պատշգամբում (բեմանկարիչ` Քեթինո Խարատիշվիլի) առավելապես մունջ անցումներով հնարամտորեն զարգացվում է երկպլան գործողության հոգեբանական հենքը կարմրացոլք կիսախավարում: Մասիսյանց-Իսայի-Զամբախով հիմնարար փոխհարաբե րությունների ծավալմամբ իբրև գոյության պայքարի գլխավոր լծակ հաստատվում է «խաբելը»: Դրանից առերես տրտնջացողների կամա-ակամա մասնակցությամբ ձնագնդի նման գլորվելով` ամենուր սողոսկած անօրինությունը ահռելի չափերի հասցնում: «Էն տղեն քու Մարքրիտին տեսիլ է էստի բալկոնումն ու հավնիլ է»,- ասում է Իսային Զամբախովին: Տգեղ աղջկան ամուսնացնելու ցավին բալասան գտած հայրը (Ռոբերտ Հովհաննիսյան) անհույս թվացող խավարում լույսի առկայծումներ կանխազգալով` ձեռնարկում է դրանց պայծառացմանը: Լռած ջութակ իր դստերը (Քրիստինե Մելքումյան) յուրովի սիրող Զամբախովը (սրտառուչ է հոր և աղջկա առաջին հանդիպման տեսարանը). Իսայու թյուրիմացությունն անմիջապես գեղեցկատես Նատալիայի (Մարիամ Խաչոյան) հետ պարզելով, գործի է գցում մեքենայությունների մեխանիզմը` վստահ իր խելքի ու հարստության զորությանը: Կենսուրախ ճշմարտասերի համարում ունեցող դյուրահավատ Իսային (Ֆելիքս Խաչատրյան), իր իսկ թյուրընկմամբ, մտնում է միջնորդի դերի մեջ` ապաշնորհությամբ հայտնվելով զավեշտական իրավիճակներում` ապագա հարսանիքի պարային ռիթմերով խանդավառված: Մեջընդմիջվող տխուր ելևէջներով (երաժշտական ձևավորումը` Վալերի Ամիրաղյանի) երբևէ բեմ չբարձրացված Մարգրիտի մոր (Էլեոնորա Օհանյան) և Գեորգիի մոր (Լեյլա Մկրտչյան) միացյալ աղոթքով, խավարի ու լույսի հարակից դերակատարությամբ (հրաշալի է գտնված Զամբախովի մենախոսության բեմակերպարը) վարակիչ ներգործության է հասցվում հոր տան շքեղ պատերի ներսում հոգու թռիչքն անգամ բանտած ուսյալ աղջկա դրաման: Դրանով տարված` առանձնապես չես ուրախանում ակամա զոհի կարգավիճակում հայտնված Մասիսյանցի (Գագիկ Մելքումյան) ֆիզիկական փրկության համար. ազատախոհ մտավորական լինելով` նա պետք է, որ երջանիկ լիներ Մարգրիտի հետ ավելի, քան պճնամոլ քաղքենի Նատալիայի (ո¯նց է փայլատակում վախեցնելու չափ իրեն դուր եկած Գեորգիի հետ հանդիպումը թիկունքում տրտմող Մարգրիտին հիշատակելիս): Բեմադրական կառույցում ներդաշնակելով իր մտահղացման մարմնավորմանը հարիր թատերատարրերը` Բայանդուրյանը կանոնակարգել է դերասանախմբի բեմական վարքագիծը գլխավոր ասելիքին և կատարողական ներուժին համահունչ: Իրենց մարդակերտման վարպետությամբ ընդհանուր խաղի շարժիչ ուժն են Ռոբերտ Հովհաննիսյանն ու Ֆելիքս Խաչատրյանը: Գերակտիվ դերասանական խառնվածքով մշտապես հանդիսատեսի ուշադրության կենտրոնում է Սնեժանա Յաղուբյանը (Խամփերի): Նինա Կերվալիշվիլու բերմադրած պարերի ճկուն կատարումներով ներկայացումն աշխույժ իմաստավորում է «ադամյանցիների» նոր սերունդը, հատկապես` տղաները: Նրանց վերադասա վորմամբ երբեմն քեզ իսկապես թվում է, թե բեմում հառնում են Փիրոսմանիշվիլու վրձնած կենսապատկերները: Ինչ-ինչ անսպասելի վրիպումներ (կենդանի օրգանիզմ է է ներկայացումը) որակ չեն կազմում` շուտով տարրալուծվելով հստակված ամբողջի մեջ (հոգնաձիգ ճանապարհից անմիջապես հետո դժվար է կենսառույգ բեմելը): Հավատարիմ սունդուկյանական պատգամներին` Արմեն Բայանդուրյանը մերօրյա անձանձիր թատերագրավչությամբ է ներկայացնում հինավուրց ժամանակների մարդկային փոխհարաբերությունների բարոյական նկարագիրը£ Անճիգ երևակվում են դրանց գեղեցկությունը խաթարող անբուժելի արատները, որոնցից մարդկության ներկայիս «քաղաքակրթված» սերունդները այդպես էլ չեն ձերբազատվել£ Պարզապես թրծվել են անօրինությունների, խաբեության մեխանիզմները£ Եվ, որ ամենացավալին է, թանգարանային ցուցանմուշի արժեք ստացել լավագույն մարդկային հատկանիշներով օժտված մարգրիտները£ Ինչպես Սունդուկյանը կասեր` ա°յ խաթաբալա, մինչև ե՞րբ պիտի փողի գերիշխանությամբ խեղվեն մարդկային փոխշփումները, առուծախի ապրանք դառնան իրենք` մարդիկ, նրանց ամենանվիրական զգացմունքները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ