Հայաստանի ձայնը լսելի կլինի°


Կիպրոսի Հանրապետություն կատարած իր պետական այցի շրջանակներում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով այս պահին մեզ և, անշուշտ, համաշխարհային հանրությանը ամենից ավելի հուզող երկու հարցերի` Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բնականոնացման գործընթացներին, սկզբունքային նշանակության շեշտադրումներ կատարեց: Ի պատասխան վերջին շրջանում բոլորին ձանձրացրած իր պաշտոնակից Իլհամ հեյդար-օղլու` պատերազմը վերսկսելու հոխորտանքների, գործնականում առաջին անգամ…ուղղակի սպառնաց Ադրբեջանին: - Մենք վճռական ենք խնդիրը (նկատի ունի Արցախյան հակամարտությունը-Ռ. Հ.) լուծել բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով,- ասաց Հայաստանի Նախագահը,-բայց եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա մեր պատասխանը ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ (ընդգծումը` հեղինակի): Ինչ-ինչ, բայց տղայական հոխորտանքը, որով այնքա¯ն աչքի է ընկնում Ադրբեջանի դիկտատորը, հատուկ չէ Հայաստանի նախագահի զուսպ ու հավասարկշռված բնավորությանը, նրա մարդկային նկարագրին: Եվ եթե բանը հասել է այնտեղ, որ հաճախ խիստ նկատելիորեն իր խոսքի կշիռը հասկացող ու չափավորված այդ գործիչն իրեն թույլ տվեց այդքան կտրուկ արտահայտվել, նշանակում է` ամենամեծ համբերությունն անգամ կարող է սպառվել: Հավանաբար, Սերժ Սարգսյանի համբերության բաժակը լցվել է հատկապես Ադրբեջանի նախարարների կաբինետում Իլհամ հեյդարօղլու վերջին ելույթից հետո, ուր Ալիև-կրտսերը բացահայտորեն հայտարարում էր, թե վաղ թե ուշ, հարկը պահանջածին` «Ադրբեջանի հզոր բանակն իր խոսքն ասելու է հայ-ադրբեջանական ղարաբաղյան բանակցային գործընթացում»: Հայաստանի նախագահն այս կերպ փորձ կատարեց ուշքի բերել Ալիև-կրտսերին: Ընդսմին, նրա նախազգուշացումն ակնհայտորեն հասցեագրված էր ոչ միայն Ադրբեջանի իր պաշտոնակցին, այլև զանազան տնտեսական շահախնդրությունների: Առաջին հերթին, իհարկե, ադրբեջանական նավթագազային կերակրատաշտից օգտվելու շահադիտական դրդումներով առաջնորդվող այն եվրոպական այն կարճամիտ գործիչներին, ովքեր օրումեջ փոխում են իրենց դիրքորոշումները Արցախյան հակամարտության արդարացի և խաղաղ լուծման ուղիներ գտնելու հարցում: - Ցավալին այն է,- ասաց Սերժ Սարգսյանը,- որ մեր առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղվելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրվա շահից բխող քաղաքականություն: Դա ամենևին չի նպաստում տարածաշրջանային կայունությանը: Ավելին, պարզ տրամաբանությունը հուշում է, որ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՎՆԱՍՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՆՑ ԱՅԴ ՆՈՒՅՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ» (ընդգծումը`-Ռ.Հ): Ավելի թափանցիկ դժվար է ասել: Հայաստանի Նախագահը հո բացեիբաց չէ՞ր հայտարելու, թե Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանի ռազմական օդուժի կամ հրթիռա-հրետանային կայանքների հարձակման թիրախ են դառնալու հենց ադրբեջանական այն նավթագազային խողովակաշարերը, որոնցով այդ երկիրն իր եղբայրակից Թուրքիայի վրայով այսօր էներգետիկ ռեսուրսներ է արտահանում Եվրոպա և ծրագրավորում է առաջիկայում ավելի մեծացնել դրանց ծավալները: Ոչ պակաս ուշագրավ էին Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների բնականոնացման գործընթացի ներկա փուլին մեր երկրի ղեկավարի տված գնահատականները: Կիպրոսյան ելույթում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հրապարակավ խոստովանեց, թե գործընթացն արագորեն խափանվել Է: - Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով,- շեշտեց ՀՀ նախագահը,- Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին: Նախապայմանների պատին դեմ առան մեր և գործընթացում ակտիվորեն ներգրավված մեր գործընկերների ջանքերը... Հասկանալի է, որ խոսքը առանց նախապայմանների միջպետական հարաբերություններ հաստատելու մասին է, ինչին համաձայնելը ամենևին հեշտ չէր Հայաստանի և համայն հայ ժողովրդի համար, քանզի դա նշանակում էր, որ հայկական կողմը Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների հաստատման համար չի դնում այդ երկրի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջը` որպես նախապայման: Ամբողջ աշխարհը, և առաջին հերթին հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմամբ շահագրգիռ երկրները, հատկապես Ցյուրիխում 2009-ի հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը որպես միջնորդ հանդես եկած Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի Նախագահ Նիկոլյա Սարկոզիի, հրաշալի հասկացան այդ և բարձր գնահատեցին (ու գնահատում են) Սերժ Սարգսյանի քաղաքացիական խիզախությունը` Թուրքիայի հետ բնականոն միջպետական հարաբերություններ ունենալու հայկական կողմի անկեղծ ցանկությունը: Միակ անհասկացողն ու բութը դարձյալ Անկարան մնաց, որ նույնիսկ չամաչեց արձանագրությունների տակ դրված իր իսկ ստորագրությունը չհարգելու խայտառակությունից: Ժողովրդական խոսք ունենք` անամոթի երեսին թքում ես` ասում է «անձրև է գալիս»: Եվ ցավալին այն է, որ անպարփակ անամոթը ոչ միայն չի դադարեցնում Միացյալ Եվրոպային անդամագրվելու իր ջանքերը, այլև մեր տարածաշրջանում գերակա դիրք գրավելու, «նոր օսմանականություն» հաստատելու, թելադրող դառնալու նկրտումներ է ներկայացնում: -Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության,-Կիպրոսի խորհրդարանում հայտարարեց Սերժ Սարգսյանը,-հավակնում է վարել, այսպես կոչված, «նոր օսմանականության» քաղաքականություն: Բայց տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ, և ոչ թե թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին` կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը,- հեգնեց Հայաստանի Նախագահը,- որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»…Մի երկիր, որ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության,-եզրափակեց Հայաստանի Նախագահը: Սա խիզախ ելույթ էր, և տեղը միանգամայն լավ էր ընտրված‘ Կիպրոսն ու նրա ժողովուրդը ոչ միայն բարեկամ են մեզ, այլև Եվրամիության լիիրավ անդամ են և մեզնից ոչ պակաս լավ են ճանաչում Թուրքիան ու թուրքերին: Հետևաբար, մենք կարող ենք վստահ լինել, որ կիպրական հողում ամենաբարձր մակարդակով հնչած Հայաստանի ձայնը լսելի կլինի նաև ոչ միայն մնացյալ Եվրոպային:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ