Գրպանում փող պահո՞ւմ են ամերիկացի նախագահները
Ընդհանրապես, հետաքրքիր է` պետությունների առաջին դեմքերը դրամապանակ կամ գրպանում փող պահո՞ւմ են: Բայց միջազգային լրատվամիջոցներից մեկը միայն ամերիկացի նախագահների «գրպանների» պարունակությունն էր կարողացել «շոշափել». երևի թե նրանք ավելի անկեղծ են իրենց հակումներն ու սովորույթները ներկայացնում:
Բարաք Օբաման, օրինակ, սովորաբար անձամբ է վճարում` ռեստորանում ճաշելիս: Սակայն վերջերս նա պատմել է, որ չի կարողացել վճարել, որովհետև իր քարտն արգելափակված է եղել:
«ԵՍ ՎՃԱՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՑ»
Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյում հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների գործող նախագահն, առանց բարդույթավորվելու, պատմել է, որ նյույորքյան ռեստորաններից մեկում ինքը չի կարողացել վճարել իր ընթրիքի համար` վերոնշյալ պատճառով` բանկային քարտն արգելափակված է եղել.
- Նրանք (ռեստորանի աշխատակիցները-խմբ.) մտածեցին, թե ինչ-որ խարդախություն է կատարվել: Ես փորձում էի մատուցողուհուն բացատրել, որ վճարում եմ հաշվեհամարով,- ասել է նա:
Ամերիկան Հայաստան չէ, որ երկրի նախագահին հյուրասիրեն. այդ ընթրիքի համար վճարել է Միշել Օբաման:
Ի դեպ, Բարաք Օբաման հաճախ է ռեստորաններում վճարում իր հյուրերի համար: Օրինակ, 2010 թ. Ռուսաստանի նախագահ Դմ. Մեդվեդևի այցի ժամանակ նույնպես նա է վճարել ռուսաստանցի իր պաշտոնակցին հյուրասիրած համբուրգերների համար:
ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹ
Ամերիկացի պատմաբան (Բոստոնի համալսարանից) Թոմաս Վալենը հաստատել է, որ ամերիկյան նախագահները սովորաբար կանխիկ գումար չեն ունենում:
Ջոն Քենեդու փոխարեն վճարում էին նրա բարեկամները` ի նշան երախտագիտության` նախագահի ընկերակցությունը վայելելու համար:
- Նրանց համար ամեն ինչ նախապատրաստված է. նրանց ընդհանրապես փող պետք չէ,- ասել է Վալենը` հավելելով, որ Գաղտնի ծառայության գործակալները, որ հսկում են նախագահի անվտանգությունը, միշտ կարող են որոշակի գումար պարտքով տալ` եթե դրա կարիքը լինի:
Ինչ վերաբերում է Ջոն Քենեդուն, պատմաբանը կրկնել է, որ նա երբեք մոտը փող չի ունեցել`
- ...նույնիսկ մինչև նախագահ դառնալը: Ընկերները պետք է վճարեին` որպես շնորհակալություն` նրա շրջապատում լինելու հնարավորության համար:
-
ՏՆՏԵՍՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ
Իհարկե, գերտերության ոչ բոլոր առաջնորդներն են թույլ տվել` վճարել իրենց փոխարեն:
1992 թ. թանգարանից գողացված Ջորջ Վաշինգթոնի դրամապանակում եղել է 1776 և 1779 թվականներին թողարկված մի քանի դոլարային բանկատոմսեր (բանկնոտ):
Մահվան գիշերը Աբրահամ Լինքոլնի մոտ եղել է Կոնֆեդերատների 5-դոլարանոց թղթադրամ, որը նվեր էր ստացել հավանաբար որպես հուշանվեր:
1984 թ. լուսանկարչական խցիկը «հավերժացրել» է այն պահը, երբ Ռոնալդ Ռեյգանը 20 դոլարանոց թղթադրամով վճարում է համբուրգերի համար:
1991 թ. Ջորջ Բուշն իր կրեդիտ քարտը ցույց է տվել մի դեռահասի, որպեսզի նա կարդա իր անունն ու հավատա, որ իր առջև երկրի նախագահն է կանգնած: Իսկ դրանից 14 տարի անց նրա որդին` Ջորջ Բուշ-կրտսերը արգենտինացի լրագրողի հետ հարցազրույցում խոստովանել է, որ թաշկինակից բացի իր գրպաններում ուրիշ ոչինչ չկա: