Ծռությունս միշտ  ինձ հետ է... 


 

Ռուբեն ՍԱՍՈՒՆՑԻ, երգիչ

Ռուբենը մեծագույն հպարտությամբ է կրում Սասունցի անունը` երկյուղածությամբ ու պատվով ներկայացնելով մեր ազգագրական ու ֆիդայական երգերը: Ծնվել ու մեծացել է սասունցու ընտանիքում, և սերը ազգային արժեքների նկատմամբ սերմանվել է դեռ մանկուց: Դպրոցական տարիքից հաճախել է մի շարք ազգագրական երգի-պարի համույթներ, ավարտել Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ժողովրդական երգի բաժինը` Ռուբեն Մաթևոսյանի դասարանը, ապա` Թատրոնի, կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական բաժինը: Ի դեպ` Աղասի Իսպիրյանի և Գոհար Հովհաննիսյանի հետ համատեղ համերգային ծրագրերի բեմականացված հատվածների ռեժիսուրայով զբաղվում է անձամբ Ռուբենը:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Երգարվեստն այնպիսի մի դպրոց է, որտեղ միայնակ ու ինքնուրույն ինչ-որ բանի հասնելու համար բազմաթիվ դժվարությունների ու խոչընդոտների ես բախվում: Դա իսկապես այդպես է, և անկախ մեր ցանկությունից` անխուսափելի են դժվարությունները, քանի որ Հայաստանում շոու բիզնես ասվածը դեռ կայացած չէ: Հպարտությամբ կարող եմ ասել, որ ես միայնակ եմ հասել ամեն ինչի: Այսօր, երբ հետադարձ հայացք եմ ձգում, իմ կարծիքով դա հաճելի դժվարություն է եղել: Առհասարակ դժվարությունները կոփում են մարդուն, դարձնում առավել զգոն: Իսկ դժվարությամբ ձեռք բերվածն, անշուշտ, առավել կայուն է: Եվ այսօր Ռուբեն Սասունցի անունը մեծ պատասխանատվությամբ եմ կրում: Սասունցի լինելը նաև պարտավորեցնող է:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Հայից բացի որևէ այլ ազգի ներկայացուցիչ չէի ցանկանա լինել: Ինձ շատ հարազատ է հայի սասունցի տեսակը: Ու էլ գնամ, ուր էլ լինեմ, որ երկրում էլ ապրեմ, միևնույն է` իմ ծռությունն ինձ հետ է: Չեմ կարող փախչել այն ամենից, ինչ կա իմ հոգում: Եվ ես հպարտ եմ դրա համար:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասվածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Անկեղծ կլինեմ, գաղտնիքներ որպես այդպիսին չունեմ. համենայնդեպս այս պահին դժվարանում եմ հիշել: Պարզապես կցանկանայի ասել մի բան, ինչի մասին նախկինում երբեք չեմ խոսել: Իմ նախնիները Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղից են: Հայրս այնտեղ է ծնվել, մեծացել, և իմ բոլոր հարազատներն այնտեղ են: Ես ինքս էլ այնտեղ եմ ծնվել: Եվ իմ բեմական` Սասունցի անունը հենց այնպես չեմ ընտրել: Նախնիներս Սասունից են գաղթել: Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, հայրս և հորեղբայրներս երգել են: Եվ մի հետաքրքիր փաստ. սասունցիների ընտանիքում ծնված երեխաների մեջ սերմանված է սերը ազգային երգ ու երաժշտության նկատմամբ: Գոնե 99 տոկոսով այդպես է:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Ինձ համար անհասկանալի ու անբացատրելի է մեր վերաբերմունքն ազգային արժեքների նկատմամբ: Միշտ ասում ենք, որ մենք գնահատում ենք մեր մշակույթը: Բայց, ցավոք, համոզվում ենք, որ մեր երկրում մեծամասնությունը ոչ միայն չի սիրում, այլ նույնիսկ չի էլ ընդունում ազգայինը: Անգամ ազգային տարազը ծաղրում են: Չէի ցանկանա անուններ նշել, սակայն երբ դիմեցինք մեր հեռուստաընկերություններից մեկին, որ ցուցադրեն «Պիտի գնանք վաղ թե ուշ» երգի տեսահոլովակը, մեզ պարզապես պատասխանեցին, որ այդպիսի բան չեն կարող ցուցադրել: Նկատի ունեին մեր ազգային տարազը: Եթե կարճ կիսաշրջազգեստներով աղջիկներ լինեին տեսահոլովակում, բնականաբար կցուցադրեին: Ասում են` հայրենասեր ենք: Սակայն երբ դիցուք` հետևենք այլ երկրների հեռուստաընկերությունների ծրագրերին, անընդհատ ազգային արժեքներ են ներկայացնում` թեկուզ գողացված, բայց ցուցադրում ու քարոզում են: Մեզանում չկա այդպիսի բան, կամ չափազանց քիչ է: Բայց չէ՞ որ առաջնայինը պիտի լինի մեր ազգայինը, մենք օտարին դրանով պիտի զարմացնենք: Պիտի սիրենք ու գնահատենք մերը: Դրա համար ես և իմ ընկերներն այսօր նորաձևության հետևից չենք գնում: Մենք ներկայացնում ենք այն, ինչ մերն է, ինչ հոգեհարազատ է և ինչը սերմանվել է մանկուց:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անկեդոտը:

- Մեծ դժվարությամբ, բայց այսպիսի մի դեպք հիշեցի: Մենք ընդհանրապես երեքով` Գոհար Հովհաննիսյանի և Աղասի Իսպիրյանի հետ հաճախ ենք համերգներով հյուրընկալվում աշխարհի տարբեր երկրներում: Վերջերս եվրոպական երկրներից մեկում համերգից հետո վերադարձել էինք հյուրանոց` հանգստանալու: Որպես գաղտնիք ասեմ, որ Աղասին սարսափելի խռռացնում է: Եվ այդպես ամբողջ գիշեր գոնե մի վայրկյան չկարողացա քնել: Ստիպված բարձը դրեցի Աղասիի դեմքին` մի փոքր խլացնելով խռռոցը: Երբ Աղասին կարդա հարցազրույցը, հավանաբար կզայրանա, բայց այս պահին այդ պատմությունը հիշեցի:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Մանկուց միշտ շատ եմ երգել: Երբ հայրս ինչ- որ արարողության, միջոցառման էր գնում, պարտադիր ինձ տանում էր իր հետ, և անպայման աթոռի վրա կանգնած երգում էի: Հիշում եմ` դպրոցի երգչախմբի դասերին էի մասնակցում: Պատկերացրեք` երգչախմբում 30 աղջիկներ էին, և միակ տղան` ես: Կանգնում էի մեջտեղում և երգում: Դպրոցում անգամ քիմիայի ու ֆիզիկայի քննական տոմսերի հարցերին պատասխանելու փոխարեն երգել եմ: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ