ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՆԱՏՈՄԻԱՆ»


 

Օրերս հրապարակվեցին տեղեկություններ կաշառակերության երկու դեպքի մասին: Ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցներից մեկը 40 հազար դրամ է վերցրել` անձնագիր տրամադրելու համար: Նույնքան կաշառք էր վերցրել նաև Կոտայքի մարզպետի տեղակալը, ինչի համար նրան ազատել են զբաղեցրած պաշտոնից և քրեական գործ հարուցել… Ցանկացած հանցանք պիտի պատժվի, օրենքը խախտող ցանկացած անձ պիտի պատասխան տա: Ու հիմա մոտ 100 դոլար վերցրած անձինք հնարավոր է, որ ազատազրկման էլ դատապարտվեն… Իսկ մենք կասենք, որ մեր ԱԱԾ-ն հրաշալի է աշխատում և արմատախիլ է անում հասարակական չարիքները: Երկրի վարչապետը չհապաղեց և դեռևս դատարանի կողմից հանցագործ չճանաչված պաշտոնյային ազատեց զբաղեցրած պաշտոնից` խախտելով անմեղության կանխավարկածը:

Կաշառակերության դեմ պայքարը ոգևորում է, սակայն այս ամենը դառնում է չափազանց ծիծաղելի, երբ հասարակությունը քննարկում է կաշառակերության իսկապես մեծածավալ դրսևորումների փաստը, երբ հիշատակվում են դեպքեր, որոնց առնչվում են ոչ թե 100 դոլարներ, այլ տասնապատիկ ու հարյուրապատիկ անգամ ավելի մեծ գումարներ, որոնք շրջանառվում են ամենատարբեր տեղերում` տարբեր մակարդակների մրցույթներից` մինչև դատախազությունների ու դատարանների կայացրած որոշումներ ու դատավճիռներ: Մենք, բնականաբար, լուսնից չենք իջել և շատ լավ գիտենք, թե Հայաստանում ո՞ր ոլորտներն են համարվում կոռուպցիայի և կաշառակերության ռիսկային: Շատ լավ գիտենք դիցուք, թե ինչ չափերի կաշառքներ են վերցնում բանկերը` այս կամ այն գործարքի համար: Հենց նույն մարզպետարաններում ոչ միայն տեղեկանքների տրամադրման, այլ հատկապես երթուղային գծերի մրցույթներում հաղթող ճանաչվելու համար ինչքան գումար են պահանջում և ստանում…

Վերջերս արտասահմանցի մի քաղաքացի հայտարարություն էր տարածել, թե հայաստանցի որ պաշտոնյային ինչքան կաշառք է տվել, սակայն մինչև այսօր լռություն է պահպանվում ակնհայտ այդ մեղադրանքի առնչությամբ: Նշանակում է, կաշառակերության դեմ պայքարն էլ ընտրողաբար է. բռնում են նրանց, ովքեր անպաշտպան են` այսպես երևութականություն ստեղծելով, թե մեծ պայքար են սկսել կաշառակերության դեմ: Ժամանակ առաջ դարձյալ արտասահմանցի մի քաղաքացի հայտարարեց, որ մեծ կաշառք է տվել նախարարներից մեկին: Կաշառք վերցրած պաշտոնյան այլևս նախարար չէ, ԱԺ պատգամավոր է… Իսկ այսպիսիների՞ վերջը երբ է գալու, ե՞րբ է կաշառակերության ու կոռուպցիայի դեմ պայքարը ձևականությունից անցնելու իրականի, երբ են պատժվելու սարսափելի չափերի հասնող կաշառքներ վերցնող ու անբավ հարստություններ դիզած պետական շատ պաշտոնյաներ, դատավորներ ու դատախազներ, դասախոսներ, բուժական հաստատությունների ղեկավարներ… Շուտով, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, ազատ կարձակվի ոստիկանության գեներալ Հովհաննես Թամամյանը, և դա արդեն կաշառակերության դեմ պայքարի «փայլուն» օրինակը կդառնա:

Լ. Մ.