ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2008թ. ծրագրի համաձայն ս.թ. հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն երեկ հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել երկու երկրների պաշտպանական ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական համագործակցության խնդիրներին, ինչպես նաև այս բնագավառներում ձեռքբերումներին: Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպում-առանձնազրույցին զուգահեռ տեղի է ունեցել նաև հանդիպում պատվիրակությունների կազմով, որի ընթացքում, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության խնդիրներ: q ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կոսովոյի գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով անցկացված Հյուսիս-Ատլանտյան Խորհրդի նիստին: Պաշտպանության նախարարը վերահաստատել է Կոսովոյում անվտանգության և կայունության ապահովման գործողություններին Հայաստանի աջակցությունը շարունակելու վճռականությունն ու իր գործընկերներին տեղեկացրել է նույն օրը Կոսովոյում հայկական խաղաղապահ ուժերի կրկնապատկման մասին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յապ դը Հոպ Սխեֆերի հետ ունեցած կարճատև զրույցի ընթացքում վերջինս ողջունել է Կոսովոյի շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում հայկական խաղաղապահ ուժերն ընդլայնելու որոշումը: Բրյուսել կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկար ները, Հայաստանում սկսված պաշտպանական բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցությանն առնչվող խնդիրներ: Երկկողմ ձևաչափով պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ: Քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, նախարարները վերահաստատել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Հունաստանի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում իրականացվող հայ խաղաղապահների առաքելությունն ու նրանց պատրաստվածությունը: