ՏԱՐՕՐԻՆԱԿ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ


 

Հայաստանի դոլարի փոխարժեքն օրավուր աճում է` առաջիկայում միտում, ունենալով անցնել 400 դրամի սահմանը: Տնտեսագիտության մեջ սա չտեսնված մի իրողություն է, քանզի ցանկացած երկրում ազգային արժեքը սկսում է կայունանալ, իսկ տարադրամը` էժանանալ` երբ սկսվում է զբոսաշրջային շրջանը:

Մինչդեռ Հայաստանում, չնայած երկիր ժամանող զբոսաշրջիկների անընդհատ աճող թվին` դոլարը թանկանում ու թանկանում է: Մենք փորձեցինք այս իրավիճակի պատասխանը ստանալ տնտեսագետներից, քանի որ վաղուց ենք համոզվել, որ Հայաստանում կյանքի է կոչվում մի այնպիսի տնտեսագիտություն, որը շատ հաճախ չի տեղավորվում ընդունված պատկերացումների և ընկալումների շրջանակում:

Տնտեսագետներից ոմանք այս իրավիճակը պայմանավորեցին խորհրդարանական ընտրություններով, երբ մարդիկ ահռելի միջոցներ են ծախսել` ընտրարշավի կազմակերպման համար: Սակայն հազիվ թե այս բացատրությունը մոտ լիներ ճշմարտությանն այն առումով, որ մեծ գումարների գերածախսի դեպքում պիտի առաջանար դրամի դեֆիցիտ և դոլարի էժանացում: Սակայն մեզ մոտ հակառակն է: Ուրեմն փորձենք մեկ այլ դիտանկյունից քննարկել խնդիրը: Իհարկե, միայն հայկական շուկայի և տնտեսագիտական խոտորումների մեջ տեսնել հիմնահարցը` ճիշտ չի լինի, քանի որ ողջ աշխարհում այսօր նկատելի է դառնում դոլարի կայունացում և եվրոյի տատանում:

Սակայն չհեռանանք խորհրդարանական ընտրությունների թեմայից: Ընտրությունների շրջանում Հայաստանում հսկայական ընտրակաշառքներ բաժանվեցին: Եվ բոլորը` դրամի տեսքով: Մարդկանց ձեռքին հայտնվեց դրամ, ինչը նշանակում է, որ հենց այն էլ ձևավորեց դրամային ավելցուկը` այսպես օրավուր բարձրացնելով դոլարի փոխարժեքը: Շուկայում այսօր դրամի ավելցուկը, ինչպես հաշվարկել են մասնագետները, բավական բարձր տոկոս է կազմում, իսկ շրջանառության մեջ գտնվող 395 միլիարդ դրամն էլ դեռևս չի «ապրանքացվել» շուկայում: Ահա և դոլարի փոխարժեքի բարձրացման գաղտնիքներից մեկը, ինչը տակավին չի ուզում հարթել Կենտրոնական բանկը: Ճիշտ է, մեկ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն ֆոնդային բորսայում վաճառել է 6,5 միլիոն դոլար, սակայն սա շատ փոքր թիվ է: Մինչդեռ հարկավոր է դոլարի ինտերվենցիան դարձնել ամենօրյա, ամեն օր վաճառքի հանել 5 միլիոնից ոչ պակաս դոլար, որպեսզի հնարավոր լինի կանխել դրամի արժեզրկումը: Ստեղծված իրավիճակը չափազանց ձեռնտու է դարձել Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար, ովքեր էժան գնով դրամ են գնում, ծախսում` այսպես զարկ տալով դրամային ավելցուկի կուտակմանը: Մասնագետները համոզված են, որ գյուղմթերքների շուկա ներհոսքի հետ դրամը կարժևորվի: Բայց դա այնքան էլ հավանական չէ, որովհետև այսօր շատերը դոլար են գնում` հետագայում առավել բարձր գնով վաճառելու համար: Գյուղմթերքները ևս չեն կարող կտրուկ դեր կատարել մեր տնտեսության մեջ, որովհետև արդեն իսկ խախտված են բալանսները: Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի Կենտրոնական բանկը, գոնե հանուն երկրի տնտեսության և մարդկանց ֆինանսական վիճակի կարգավորման` վերահսկի շուկան, իր կամքը թելադրի, այլ ոչ թե լռելյայն հետևի զարգացումներին: Գուցե անհրաժեշտ է, որպեսզի վարչապետի նախագահությամբ արտակարգ նիստ հրավիրվի` բանկային գործիչների և երկրի ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ, քննարկվի ստեղծված կացությունը: Սա իսկապես արտակարգ վիճակ է շուկայում, ուստի պետության անհրաժեշտ և անհապաղ միջամտությունն է հարկավոր:

Լ.Մ.