«Մանուկների հոգում լույս է վառվում»


 

Տարիներ շարունակ ստեղծագործում է մանկագիր, երգահան, տասնմեկ գրքի հեղինակ Աիդա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ (իր ճակատագրի հետ հաշտ` գամված ձեռնափայտին). լավատեսությամբ գրում է հեքիաթներ, պատմվածքներ, երգեր...… Օրհնելով Բարձրյալին` իրեն պարգևած շնորհների համար, ուրախանում է, որ իր ստեղծագործություններն արժանանում են մրցանակների, ջերմ խոսքերի, ծաղկեփնջերի, գովեստների:…

- Ո՞րն է Ձեր ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուրը:

- Ոգևորությանս, ստեղծագործումիս «աղբյուրակնը» թող վերամբարձ չհնչի` իմ ժողովուրդն է, որն անթաքույց տաղանդով է օժտված, հարուստ հոգևոր մշակույթ է կրում և անցել է դժվարին ճանապարհ... Այն արյունոտ քառուղի է եղել, որը բերել է դեպի ազատ, անկախ երկրիս վերակերտմանը... Ու թեև ազգս այժմ հոգսաշատ է և սոցիալական խնդիրներին հանդիման, այնուհանդերձ արժեքներ է արարում, որոնք մեր պատմության էջերն են լրացնում` հարստացնելով գանձարանը:

- Դուք ևս գրական ոսկեգանձերի մեջ ավելացնելիք ունեք. թեմաներ, որոնք առավելապես հետաքրքիր են մանուկների համար:

- Իմ ստեղծած հեքիաթները, պատմվածքները, երգերը գրված են երեխաների համար, որոնք հաղթող բարության, մարդու, բնության ապագայի հանդեպ սիրո ու հավատի արտահայտություններ են: Դրանք «Անգին Հայրենիքիս» անվանումով բանաստեղծության տողեր են դարձել և երգերի տեքստեր: Ի դեպ բոլորս պիտի Հայրենասիրություն բառը անձնուրացորեն փայփայենք: Դա վերաբերում է և´ տեղաբնակներիս, և´ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Դպրոցականը պիտի նստարանից իմանա, որ մեր նախնիները մեծ զրկանքներով, կարիքի մեջ գոյատևելով, իրենց պատիվն ու ազգային հեղինակությունը բարձրացնելով` կարողացան պահպանել մշակութային, գրական արժեքները: Մանուկների հոգում լույս է վառվում, երբ նրանք հեքիաթներում նկատում են, որ բարին հաղթում է: Ես հեքիաթներիս մեջ ավելացնում եմ այդ լույսը, որպեսզի երեխաները` ապագայի կերտողները, արդար, ազնիվ քայլերով մտնեն բուհեր, կրթական հաստատություններ, հայրենի բանակում ծառայեն անձնվիրաբար, հայերենը հնչեցնեն անաղարտ, սիրեն ու պաշտպանեն Հայրենիքը, մեծերին հարգել իմանան: Որպեսզի բոլոր տեսակի իրարանցումներից հեռու մնան, տեղում չդոփեն, համակարգիչներից չափավոր օգտվեն, հեռախոսներով չտարվեն, արվեստով, աշխատանքով զբաղվեն:

- Ձեր ստեղծագործություններում նաև մտահոգություններ կան. դրանք արտացոլում եք Ձեր գործերում, որո՞նք են, որ ընթերցողին ևս դա կհետաքրքրի:

- Մտահոգվում եմ, որ հայ սփյուռքը մեծանում է, մեր արտագաղթերը շատանում են: Ելք պետք է որոնել, որպեսզի կանխվի այն: Հայտնի փաստ է` երկրից հեռանալը մեծ կորուստ ու նահանջ է նշանակում: Երիտասարդներն ընտանիք չեն կազմում` միջոցներ չունենալու պատճառով: Օտարամոլությունն է նաև զայրացնում բոլորիս: Շքեղ խանութների ցուցանակների օտարաբառ անվանումները, հեռուստաեթերից հնչող օտար տերմինների գործածությունը տխրեցնում են և ափսոսանք հարուցում: Եվ մտահոգությունը միայն իմը չէ. պիտի խորհել այս ամենի մասին, գործնական քայլեր ձեռնարկել:

- Դպրոցականներն այսօր կարդո՞ւմ են գեղարվեստական գրքեր, թե՞ ավելի շատ հակված են դեպի համակարգչային տարաբնույթ խաղերը:

- Այս տարի հայտարարված է գրքի տարի: Չգիտես ինչու` մեզանում նվազել է գրքի նկատմամբ հետաքրքրությունը: Իհարկե, լավ է, որ վերջերս գրասրահ բացվեց, այդ գրատուն կայցելեն նրանք, ովքեր դեռ չեն կորցրել իրենց սերն ու հետաքրքրությունը գրքի հանդեպ: Դպրոցականներ կան, ովքեր ընթերցում են: Ես այս տարի հանրությանը հանձնելու բանաստեղծությունների, պատմվածքների երեք գիրք ունեմ. «Գտիր քո արևը», «Թաքնված տաղանդներ», «Տիեզերքն ու մենք» մանկապատանեկան երգարանը: Մանուկ ընթերցողին նվեր կլինեն իմ գրքերը, որոնք նախորդ տասը ձեռնարկներիս շարունակությունն են` իրենց թեմաներով և ժանրային ուղղվածությամբ:

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ