Պրոկրուստյան մահճից ազատվելու միակ միջոցը


Հունական դիցաբանությունից հայտնի Պրոկրուտես հրեշն ուներ կախարդական մահիճ, որի վրա բռնի պառկեցնում էր անցնող-դարձող մարդկանց: Ում հասակը կարճ էր լինում` ձգում-երկարացնում էր, այդպիսով նրան ուղղակի սպանելով: Ում հասակը երկար էր լինում` գլուխը կամ ոտքերը կտրում-հավասարեցնում էր իր մահճի չափին, այդպիսով դարձյալ դժբախտ անցորդին կործանելով: Պրոկրուտեսին, ի վերջո, սպանեց և անցորդներին նրա հրեշավոր մահճի վրա հայտնվելու սարսափից ազատեց դիցաբանական մեկ այլ հերոս` Հերկուլեսը: Այսօր ամբողջ աշխարհը կրկին կանգնել է պրոկրուստյան մահճի վրա հասակը չափելու դժբախտության առաջ, իսկ հրեշ Պրոկրուտեսին փոխարինելու է եկել ոչ պակաս դաժան ու ահավոր մի հրեշ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այս նոր հրեշն էլ աշխարհում ոչ ոքի չի խնայում: Ոչ հզոր ու հարուստ երկրներին, ոչ թույլերին ու աղքատներին: Եվ ամենացավալին այն է, որ չկա այն առասպելական հերոսը, այն Հերկուլեսը, ով պիտի ոչնչացնի այս նոր հրեշին: Նույնիսկ ոչ ոք չի կարողանում կանխագուշակել` երբևէ կծնվի՞ այդպիսի հերոս, թե՞ ոչ: Անցյալ շաբաթավերջին մոսկովյան «Միր» հեռուստաընկերությունը տվյալ հարցի առթիվ ուղիղ եթերում կազմակերպել էր համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների, մեկնաբանների, քաղաքական ու տնտեսական վերլուծաբանների «կլոր սեղան»: Հրավիրվածներից ոչ մեկը չէր կարողանում քիչ թե շատ համոզիչ ժամկետ նշել, թե ինչքա՞ն կտևի այս համընդհանուր աղետը: Կանխագուշակումներն ավելի շատ հոռետեսական էին, քան` լավատեսական: Հրավիրվածներից մեկը նույնիսկ հայտարարեց, թե «այս ճգնաժամը երբեք չի ավարտվելու, սրա ծանր հետևանքներն զգացվելու են շատ և շատ երկար, անգամ տասնամյակներ հետո»: Ի՞նչ է մնում անել կառավարություններին և շարքային քաղաքացիներին` այս պայմաններում: Բնականաբար` գոտիները ձգել, ախորժակները չափավորել, ծախսերը կրճատել, ավելի պարզ` «ոտքերը վերմակների չափով մեկնել»: ՀՀ Կառավարության վերջին նիստում հենց այդպիսի խնդիր դրեց Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա առաջարկեց ընդունել արձանագրային որոշում, որի էությունը 2009 թվականի պետական բյուջեի վերաբաշխումն էր, իր բառերով` «անցումը բյուջեի կատարման եռամսյակային կտրվածքի»: Ընդսմին` սահմանելով «բյուջեի ծախսային մասի խստագույն խնայողություն»: Մեր օրենսդրությունը Կառավարությանն այդպիսի լիազորություն վերապահում է, թույլ է տալիս առանց Ազգային ժողովի որոշման` պետական բյուջեի ծախսերը տեղափոխել մեկ եռամսյակից մյուս եռամսյակ: Օգտվելով այդ հնարավորությունից` Վարչապետն առաջարկեց որոշ ոչ-առաջնահերթ ծախսեր, որոնք նախատեսված են գույքի, գրասենյակային տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար, տեղափոխել տարեվերջ` 4-րդ եռամսյակ: Ընդսմին, թափանցիկ կերպով հասկացրեց, թե տվյալ ծախսերը, որոնք ընդհանուր առմամբ 93 միլիարդ դրամից ավելի են, ֆինանսատնտեսական զարգացման առավել վատ սցենարների դեպքում կարող են նաև ընդհանրապես չկատարվել: Այդ դեպքում, համաձայն ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, Կառավարությունը հարկադրված կլինի պետական բյուջեի սեկվեստր` ծախսային մասի կրճատում կատարելու խնդրանքով դիմել Ազգային Ժողովին: Ծախսերը կրճատելն ու խստագույն խնայողության ռեժիմի անցնելը ոչ մեկին դուր գալ չեն կարող: Ո°չ պետական կառույցներին ու գերատեսչություններին, ո°չ որևէ ընտանիքի, ո°չ որևէ անհատ քաղաքացու: Բայց մեր ժողովրդական խոսքն ասում է` «անճարն է կերել բանջարը»: Մենք այս տարվա համար նախատեսել ենք պետական բյուջե, որը ելնում է տարեվերջին 9 տոկոս տնտեսական աճ արձանագրելու հեռանկարից: Մինչդեռ Համաշխարհային բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի փորձագետները, ովքեր այժմ ամիսը մեկ իրենց կանխագուշակումները փոխում են, ընդամենը 4 ամիս առաջ մեր բյուջեում ամրագրված այդ տնտեսական աճի ցուցանիշը թեև ռիսկային, սակայն իրատեսական էին համարում: Իսկ այսօր արդեն ընդգծում են, թե «9 տոկոս աճի ցուցանիշը Հայաստանի համար չափազանց լավատեսական է», թե «Հայաստանի տնտեսական աճը կարող է լինել զրոյական»: Այսինքն` մնալ 2008 թվականի մակարդակին: Մեր տնտեսագետներից ու փորձագետներից ոմանք էլ մտավախություն ունեն, թե նույնիսկ 2008 թվականի մակարդակը հնարավոր չի լինի պահպանել, և մեր երկիրը այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, ոչ թե տնտեսական աճ, այլ անկում կարող է արձանագրել: Ինչպես երևում է` այդ վտանգը նույնպես առկա է: Կառավարության հրապարակած պաշտոնական տվյալներով` այս հունվարին Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 0,7 տոկոսով: Եթե, Աստված մի արասցե, ՀՆԱ-ն ամիսն այդքան նվազի` ու՞ր կհասնենք: Մանավանդ, բյուջեի եկամուտներն էլ այս հունվարին, անցյալ հունվարի համեմատությաբ, պակասել են 13 տոկոսով: Այնուամենայնիվ, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լավատես է: Անցյալ շաբաթ նա իր այդ լավատեսությունը հիմնավորում էր նրանով, որ մեր բյուջեի դեֆիցիտը 1 տոկոսից ավելին չէ, մեր արտաքին պարտքը համախառն ներքին արդյունքի 14-15 տոկոսից չի անցնում, «իսկ դա մեզ հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ավելացնել բյուջեի դեֆիցիտը և դիմել ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների օգնությանը»: Ըստ ֆիննախարարի` այդպիսի լրացուցիչ աղբյուրներ մեզ համար կարող են հանդիսանալ Համաշխարհային Բանկից, Արժույթի Միջազգային Հիմնադրամից և Ռուսաստանի կառավարությունից ակնկալվող նոր վարկերը, որպիսի խոստումներ մեզ արդեն տրվել են: Սա թեև փոքր մխիթարություն է, սակայն բավական գոտեպնդող է: Որովհետև վարկ կամ ավելի կոպիտ ասած` պարտք տալիս են սովորաբար միայն նրան, ումից այդ պարտքերը ետ ստանալու հույսեր ունեն: Այսինքն, այս աշխարհում ֆինանսական եղանակ ստեղծողները մեր երկիրը չեն համարում անհուսալի պարտապան, որին անգամ փող պարտք տալ չարժե, քանզի միևնույն է` չի վերադարձնելու: Միով բանիվ, ծայրահեղ հոռետեսության գիրկն ընկնելու առիթ մենք կարծես թե չունենք: Վարչապետը հայտարարել է, թե Կառավարությունը ոչ մի դեպքում ձեռք չի տա բյուջեի սոցիալական մասի հոդվածներին: Սոցիալական նպատակներին ուղղված գումարները, այդ թվում կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը, որոնց համար բյուջեով նախատեսվել է 252 միլիարդ դրամ կամ ամբողջ ծավալի 25 տոկոսից ավելին, անպայման կվճարվեն, այն էլ ճիշտ ժամանակին, առանց ուշացումների: Լրիվ ծավալով կկատարվեն նաև երկրի անվտանգության ապահովման նպատակին ուղղված բյուջետային ծախսերը: Ինչ էլ լինի` վիճակը ուրախալիներից չէ: Եթե Կառավարությունն այսքան անկեղծանում է ժողովրդի հետ, դա նշանակում է, որ ազգովի ներքուստ համախմբվելու, մեր երկրի, մեզնից յուրաքանչյուրի բոլոր կարելիությունները մոբիլիզացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Կունենա՞նք համամոլորակային աղետին համազգային համախմբումով դիմակայելու իմաստնությունը` կպրծնենք նվազագույն կորուստներով: Չենք ունենա` ավելի մեծ կորուստներ կկրենք: Պրոկրուստյան մահճից ազատվելու այլ ճանապարհ, քան համազգային համախմբումն է, չկա°:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ