Թող բարին միշտ ուղեկցի Ձեզ, Դերասանապե´տ
ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Անցնող տարին ինձ համար շատ հետաքրքիր է եղել, որովհետև կարողացել եմ կյանքի կոչել բոլոր ծրագրերս, ամենագլխավորը` ունեցել եմ մի շարք նոր բեմադրություններ: Ըստ Տուրգենևի «Ամիսը` գյուղում» պիեսի «Իսլաև» մենաներկայացումը Յուրի Իգիթխանյանի կատարմամբ: Մյուս մենաներկայացումը` Կարինե Խոդիկյանի «Պենելոպեն» Ագնեսա Շահնազարյանի կատարմամբ տարվա ընթացքում 4 միջազգային փառատոներում հեղինակավոր մրցանակների արժանացավ: Արտերկրի փառատոներից ես մասնակցեցի Երուսաղեմում կայացածին և շատ տպավորվեցի: Երաժշտական կոմեդիայի թատրոնի հանդիսատեսը բուռն խանդավառությամբ ընդունեց Նուշիչի «Տիկին մինիստրուհին» բեմադրությանս ներկայացումը` Նարինե Ալեքսանյանի գլխավոր դերակատարությամբ և կուռ դերասանախմբով: Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտի» բեմադրությանս ներկայացումը նոր առհավատչյան դարձավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների միջև հաստատված ստեղծագործական 50-ամյա բարեկամության նշանավորմանը նվիրված թբիլիսյան հյուրախաղային խաղացանկում «Լիր արքայի» և «Չար ոգու» հետ ուշագրավ թատերական խճանկար ձևավորելով: Քանի որ հայկական թատրոնի շենքը, ցավոք, դեռևս վթարային վիճակում է, (հուսանք` 2015-ին վերջապես երկուստեք կձեռնարկեն այդ խնդրի պատշաճ կարգավորումը), մեր հյուրախաղերը կայացան Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում: Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի: Աբելյանցիների հանրաճանաչման հանդիսասրահն անհամեմատ ընդլայնվեց: Փայլուն ընդունելություն գտանք: Ի դեպ, իմ նախաձեռնությամբ գրիբոյեդովցիներին մինչ այդ մենք էինք հյուրընկալել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում իրենց 170-ամյա հոբելյանի առիթով: Իմ կարևոր ձեռքբերումներից եմ համարում Դոստոևսկու «Ապուշի» նոր բեմադրությունը իմ 2 կուրսերի շրջանավարտներով: Անչափ լակոնիկ և դիտարժան մի թատերախաղ, որի առաջնախաղը կայացավ 22-րդ «Թատերական Լոռի» փառատոնում:
Անսահման ուրախ եմ, որ մրցանակներ շնորհվեցին թե իշխան Միշկինի դերակատար Արմեն Քուշկյանին, թե նորաոճ երիտասարդական ներկայացմանը: Ըստ էության, այդպիսով գնահատվեց նաև իմ ստեղծագործության անբաժան մասը դարձած մանկավարժական երկարամյա գործունությունս` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Վանաձորի նրա մասնաճյուղում: Ասեմ, որ «Թատերական Լոռին» էլ իմ արտիստական տարեգրության կարևոր իրադարձային էջերից է: Տարեմուտի թատերական գործունեությանս մեջ ուշագրավ նրբերանգ մտավ ՀՀ ժողովրդական արտիստուհի Վիոլետ Գևորգյանի 70-ամյա հոբելյանի նշանավորումը` Վանաձորում «Աշնան արևով», Երևանում` մեծարման հանդիսությամբ: Շատ եմ կարևորում նաև մեր թատրոնի նվիրյալներ Գագիկ Դուրմիշյանի և Սոֆա Սողոմոնյանի 60-ամյա հոբելյանների նշանավորումը:
Մեծ ոգևորությամբ եմ ծրագրում Հովհաննես Աբելյանի 150-ամյա հոբելյանի նշանավորումը 2015-ին հանրապետական թատերական փառատոնի ձևաչափով, մեր բոլոր թատրոնների մասնակցությամբ: Ուզում եմ այդ առիթով մոռացությունից փրկել Գեի «Տրիլբին», որի գլխավոր հերոսի` Սվենգալիի դերակատարումը եղել է Աբելյանի դերացանկի զրնգուն անուններից մեկը: ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի գլխավոր դերակատարությամբ աբելյանցիներս պիտի փորձենք բացահայտել մեր անզուգական արտիստի կատարողական արվեստի անհայտ էջերից մեկը, որ ժամանակին գրվել է Արուս Ոսկանյանի, Ժասմենի խաղընկերությամբ:
Արվեստագետի տարին, հատկապես իմը, չի կարող չուղեկցվել որոշակի ինտրիգներով, բամբասանքներով, որոնց հանդեպ ես արդեն իմունիտետ ունեմ, նույնիսկ դիմակայելու ուժ են տալիս ինձ: Ամենամեծ մարդկային կորուստս թատերագետ Մարգարիտա Յախոնտովայի հեռանալն էր կյանքից: Հիմա արդեն ինքս պատրաստվում եմ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ Կարինե Խոդիկյանի գրած «Մեկ ժամ հիշողություն» պիեսի բեմադրությանը, որն ինձ գրավեց թեմային չարչրկված կարծրատիպերից տարբեր իր հետաքրքիր մոտեցմամբ:
Մեր կյանքում, կենսագրության մեջ եղած նեգատիվը կցանկանայի հաղթահարված տեսնել: Նկատի ունեմ ժողովրդի ընդհանուր վիճակը: Երբեմն մենք ստիպված գունազարդում ենք, բայց իրականության արտառոց փաստերը սթափության են մղում` պետք է գոնե մի քիչ թեթևացնել հայի վիճակը Հայաստանում: Ես տեսնում եմ ասպարեզում քաղաքական գործիչներ, ովքեր իսկապես լրջորեն մտահոգված են ժողովրդի վիճակով, կարող են բարեփոխում իրագործել: Այդուհանդերձ, երբ հազվադեպ ազատ ժամերիս դիտում եմ որևէ կարևոր հարցի շուրջ Ազգային Ժողովի այս կամ այն նիստի հեռարձակումը, ամոթից գետինն եմ մտնում. մեծամասնությունը լուռումունջ, նույնիսկ կարծես իր խղճի դեմ, քվեարկություններ է անում: Ինձ համար մեծ ցավ է արտագաղթի խնդիրը, որի տարբեր դրսևորումների հետ գրեթե ամեն օր եմ առնչվում: Շատ կուզենայի, որ հնարավորինս նվազեին արտագաղթի հիմքերը:
Ամենաճանաչված, տաղանդավոր արվեստագետը, կոնկրետ թատերական գործիչը կարող է իր բարձրարվեստ ստեղծագործությամբ մի ներկայացման տևողության չափ միայն հոգևոր-բարոյական գոտեպնդող լիցքեր փոխանցել իր հանդիսատեսին: Ժանրը կարևոր չէ:
Ցանկացած լավ ներկայացում, համոզված եմ, ի զորու է հանդիսատեսին կտրել առօրյա ռիթմից սուր հարցադրումներով իր ասելիքով, վառվռուն թատերայնությամբ, առողջ հումորով, նրբահյուս գեղագիտությամբ: Դիտած ներկայացման տպավորությունը որքան երկար կարող է պահպանվել տունդարձից հետո, դժվարանում եմ ասել, ըստ երևույթին` նայած սոցիալական պայմաններին: Մեզ բոլորիս, կարծում եմ, բարությունն է պակասում, Բարին թող շատանա: