Ո°Չ ԱՌԱՋ, Ո°Չ ՀԵՏ


Նախօրեին Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը վերջնականապես փաստեց, որ քաղաքական ուժերի այս միավորումը այլևս կորցրել է իշխանափոխության հույսը: Իսկ ամեն մի հերթական հանրահավաք, լինի արտոնված, թե անարտոն, մասնակիցների թվական աճ չի արձանագրում: Նույնը կարելի է ասել նաև բազմամարդ դառնալու խոստումներով ասպարեզ եկած միավորման` Կոնգրեսի մասին: Համենայն դեպս` վերջին հանրահավաքում, ամփոփելով անդամագրման «բուռն» գործընթացը, կարևորվեց, որ ՀԱԿ-ի հիմնադրումից հետո, այսինքն` վերջին մեկ ու կես ամիսներին, Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը մեկ-երկու հասարակական կազմակերպություններ են միացել, ու մեկ էլ վերջին օրերին լոսանջելեսաբնակ մեր մի քանի հայրենակիցներ են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով նստացույց կազմակերպել: Կարճ ասած` ո°չ առաջ, ո°չ հետ: Իսկ հանուն ճշմարտության հարկ է արձանագրել, որ Կոնգրեսին միացած հասարակականները մինչ այդ էլ էին շարժման շրջանակներում գործում, և նրանց ուշացած անդամագրումը ավելի շատ, թերևս, ամեն գնով այս քաղաքական միավորն ընդլայնված ներկայացնելու և տպավորություն ստեղծելու նպատակն ունի: Եվ չնայած ճիգերին` ամեն մի հանրահավաք ավելի է հեռացնում իշխանափոխության տեսիլքը ոչ միայն հանրահավաքավոր ընտրազանգվածի, այլ, որ ավելի կարևոր է, Կոնգրեսի ղեկավար կազմի շրջանում: Այդ իսկ պատճառով իշխանափոխության` խոցելի դարձած թեման կոնգրեսականները հնարավորինս քիչ ու չափազանց նրբանկատորեն են շոշափում` խուսափելով հատկապես ժամկետներ նշելուց: Համենայն դեպս, վերջին հանրահավաքում միայն Դավիթ Հակոբյանի «համարձակությունը» բավարարեց խնդիրն ավելի կոնկրետացնելու. աթեիստ մարքսիստը հույս հայտնեց, թե Աստծո կամքով մինչև Ամանոր հայ ժողովուրդը նոր Նախագահ կունենա: Ըստ երևույթին, Կոնգրեսում անգամ այս հետաձգված ժամկետը հավուր պատշաճի չի ընդունվում, և ասենք Լ. Տեր-Պետրոսյանին բարձրախոսի մոտ հրավիրելուց առաջ հանրահավաքը վարողը նշեց, թե խոսքը ՀՀ նախագահին է տրվում: Իսկ հանրահավաքի պայմանական նախագահն էլ իր հերթին ավելի շատ սկսել է արհեստավարժ վերլուծաբանի նմանվել: Շարժման հիմնական անելիքների մասին խոսելու փոխարեն, նա ավելի շատ նախընտրում է ընթացիկ քաղաքական իրադարձություններ վերլուծել` կանխատեսելի, բայցև հետաքրքիր գնահատականներով ամփոփելով այդ ամենի վերաբերյալ մշտապես յուրօրինակ իր տեսակետները: Չի բացառվում, որ երբ այս շրջանի քաղաքական իրադարձություններն էլ պատմության գիրկն անցնեն, միտինգաշարի տևականությունը հենց Լ. Տեր-Պետրոսյանի ելույթների ինքնատիպությամբ կբացատրվի: Ի վերջո, ակտիվ ընտրազանգվածն այդչափ հետաքրքիր քաղաքական դասախոսություններ լսելու առիթ ամեն օր ու ամենուր չի ունենում: