Կրեմլին օգնում են այլմոլորակայինները


Եթե հումոր լիներ` կասեինք անհաջող է: Բայց սա բարձրաձայնված կարծիք է, քաղգործչի հայտարարություն:

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ Սայմոն Պարկսը համոզմունք է հայտնել, թե հանելուկային ինչ-որ էակներ ամեն օր թռչում են Կրեմլ և անձամբ խորհուրդներ տալիս ՌԴ նախագահին (հաղորդել է «Վոյեննայա տայնա» ծրագիրը):

- Պուտինի հետ համագործակցում է այլմոլորակայինների մի խումբ. ահա թե ինչու է նրան հաջողվում ամերիկացիներից ավելի արագաշարժ լինել: Որովհետև Պուտինին տրված է տարաշխարհիկ տեխնոլոգիա. ահա թե ինչու ամերիկացիները չեն կարողանում նրան «պատին սեղմել»… Եվ ահա այն, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայում` այլմոլորակային երկու խմբերի դիմակայություն է: Այլմոլորակային-սողուններն աջակցում են ամերիկացիներին, իսկ ավելի զարգացած այլմոլորակայինները` Պուտինին: Պուտինը վատ ջահել չէ այս իրավիճակում: Նա, ինչպես և ողջ Ռուսաստանը, պարզապես ներքաշված է լուսավորման սարքերի խաղում,- ասել է քաղգործիչը:

Չի բացառվում, որ ռուս վերլուծաբանները չեն ընկալել բրիտանացու հումորը, և դա օգտագործել են` ևս մեկ անգամ պարծենալու իրենց երկրով:

- Այն, որ Ռուսաստանը տիրապետում է մնացյալ ողջ մարդկությանն անհասանելի տեխնոլոգիաների` ոչ միայն բրիտանացի, այլ նաև ամերիկյան լրագրողներն են գրում,- նշել են հրապարակման հեղինակները:

Որպես հավաստիք` նրանք անդրադարձել են այսպես կոչված` եղանակային թեմային: Անցյալ նոյեմբերից մինչև փետրվար անկանխատեսելի վատ եղանակները հաճախ զանգվածային վթարների ու նույնիսկ տեղաբնակների մահվան պատճառ են դարձել: Ամերիկացիները բնության քմահաճույքներին չեն հավատում և կասկածում են Մոսկվային` ԱՄՆ-ի դեմ կլիմայական դիվերսիա կատարելու մեջ:

Նյու-Ջեյսիից պրոֆեսոր Ալան Ռոտբոկը հարցազրույցներից մեկում պատմել է, որ ԿՀՎ-ն իրեն հարցրել է` ուրիշ երկրները կարո՞ղ են կառավարել եղանակը: Պրոֆեսորն էլ պատասխանել է, թե դրանում որևէ բարդություն չկա. օրինակ, կարելի է անձրև տեղացնել` հատուկ աղետ շաղ տալով ինքնաթիռից, իսկ առավել զարգացած տեխնոլոգիայով հնարավոր է նաև ձյունաբուք առաջացնել: Ասել է թե` Ամերիկայում վատ եղանակը կարող է հանելուկային ռուսների սարքածը լինել:

Ռուսաստանի «առեղծվածը» փորձել է բացատրել նաև ամերիկացի հայտնի գրող Քլիֆորդ Գեդդին: Ազդեցիկ հեռուստալիքներից մեկի` MCNBC-ի եթերում նա համաշխարհային ներկա ճգնաժամի պատճառ է համարել այն, որ ՌԴ նախագահը հարկ եղածի չափ չի հիանում ԱՄՆ-ով:

- Ռուսաստանցի մյուս առաջնորդները ցուցադրում էին իրենց հիացմունքը` Միացյալ Նահանգների և ամերիկյան կենսակերպի հանդեպ: Նրանք հակառակորդներ էին, այդուհանդերձ` հետաքրքրություն ու հիացմունք էին ցուցաբարում: Մինչդեռ Պուտինը նման բան չի արտահայտել:

***

Ի դեպ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իվան Վինտիկը, թերևս, ամենաոչնչացնող նկատառումն է հայտնել` ասելով, որ ռուսաց լեզուն իրականում բնավ ռուսերեն չէ.

- Հնարավոր է, որ ոմանց համար անսպասելին կասեմ, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել առ այն, որ ռուսերեն լեզու գոյություն չունի: Կա ուկրաիներենի հյուսիսային խոսվածք: Խնդիրն այն է, որ 15-րդ հարյուրամյակում Ռուսաստանում ընդհանրապես լեզու չի եղել: Եղել են մոնղոլերեն, գերմաներեն, հետո ներմուծել են ուկրաինացիներին, ովքեր էլ Ռուսաստանում գրել են առաջին գիրքը: