Ո°Չ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈ, ՈՉ ԷԼ ԼԱՍ ՎԵԳԱՍ


Հայաստանը Մոնտե Կառլո, առավել ևս Լաս Վեգաս այդպես էլ չդարձավ: Մեր պարագայում առաջարկը պահանջարկ չառաջացրեց, քանի որ եթե նույնիսկ խաղատներ հաճախելու պահանջարկը նոր ժամանակների ու բարքերի թելադրանքով տարիներ առաջ կարելի էր նշմարել, ապա առաջարկն այնքան լայն ծավալով գրոհեց ամեն մայթ ու փողոց, որ ճգնաժամ հիշեցնող ինչ-որ մի բան հաստատ առաջանալու էր: Հիմա դժվար է ասել 2013-ից Երևանի շուրջ կամ օդանավակայան տանող ճանապարհին գործող կազինոներն «օպտիմալացնելու» վերաբերյալ գործադիրի որոշումը գերշահութաբեր համարվող այս բիզնեսը գլխատելո՞ւն է միտված, թե՞ ավելի շատ առաջարկն ու պահանջարկը հավասարակշռելուն: Անկախ ամեն ինչից` պարզ է, որ եթե երևանամերձ ճանապարհները գոնե երկու տարի հետո ձերբազատվեն խաղատուն կոչվող անճաշակության դասական օրինակներից, ապա ո°չ պետությունը, ո°չ էլ առավել ևս շարքային քաղաքացիներս դրանից ոչնչով չենք տուժի… Թե ինչ կշահենք կամ ընդհանրապես կշահե՞նք արդյոք, հետո միայն կերևա: Մի բան պարզ է. խաղատներ հաճախելու մեծագույն սիրահարները, անկախ այն բանից, թե այդ սերը հիվանդագին մոլուցքո՞վ, թե՞ որպես հոբբի դրսևորվի, ցանկության դեպքում Ծաղկաձոր, Սևան կամ էլ նույնիսկ Ջերմուկ կարող են հասնել` առանց լուրջ ժամանակային ու առավել ևս ֆինանսական դժվարությունների: Ի վերջո ու համենայն դեպս խաղատների սիրահարների հոգեբանութ յամբ` որքան ավելորդ աչքից ու ականջից հեռու, այնքան լավ: Հավելյալ «ապահովությունը» երբեք ու ոչ մի պարագայում փողերը թաքուն մսխել սիրող հայրենի մեծահարուստ ներին բնականաբար երբեք էլ չի խանգարի, իսկ նրանք, ովքեր պատահաբար են «մի երկու կոպեկ ձեռք գցել» ու թյուրիմացաբար են հայտնվում խաղատնային որոգայթում, միգուցե նման անհաջողության մեջ ընկնելու առիթ արդեն քիչ կունենան: Ինչ վերաբերում է խաղատների հիմնական հաճախորդներին, կամ որ նույնն է` մեծահարուստներին, ապա դժվար է մտաբերել մի դեպք, երբ նրանցից որևէ մեկը սեփական կարողությունների վերաբերյալ որևէ թիվ համարձակվի հրապարակել: Ավելին, միայն առիթի դեպքում և միայն ձևականորեն հայտարարագրված նրանց ունեցվածքն ու նյութական կարողությունները «ամբողջացնող» տվյալները սովորաբար այնքան աղքատիկ ծավալ ու բովանդակություն են ունենում, որ դրանք հաճախ նույնիսկ խղճահարություն ու կարեկցանք կարող են նաև առաջացնել: Բայցևայնպես դժվար չէ «գուշակել», թե ովքեր են խաղատների հիմնական, եթե չասենք ընտրյալ հաճախորդները: Ինչ վերաբերում է հայտարարագրերին, ապա մենք լավ գիտենք, թե հայրենի օլիգարխներն իրենց եղած-չեղածը բարեկամներից հատկապես ում անունով են սիրում ձևակերպել: Սա որքան հին, նույնքան էլ ծանոթ մեթոդ է: Ի տարբերություն մեր հայրենակից կորեյկոների գաղտնապահության` հանրահայտ «Ֆորբս» ամսագիրը մոլորակի ամենահարուստ մարդկանց հերթական ցուցակն է հրապարակել, ուր ամերիկացի Ուորեն Բաֆեթն է այս անգամ փոխարինել հանրահայտ Բիլ Գեյթսին: «Ֆորբսի» ամենամյա ցուցակի նորահայտ առաջատարն, ի դեպ, միանգամայն բարիդրացիական հարաբերություններ ունի Գեյթսի հետ, և նրանք հաճախ են միասին բրիջ խաղում: Տեղական խաղատները համաշխարհային նշանակության զբոսաշրջության կենտրոն դառնալու հավակնություններով զարգացող Ջերմուկ և Ծաղկաձոր տեղափոխելով, հուսալ, թե մոլորակի միլիարդատերերի թղթախաղը մեր հայրենի եզերք է տեղափոխվելու, միամտություն կլինի: Սակայն այս պարագայում կազինոները պայմանականորեն հիմնական համարվող հանգստավայրերում տեղակայելը գուցեև ներսի և դրսի «ներուժը» մեկտեղելու հեռահար նպատակն է նաև հետապնդում: Գուցեև սա առիթ ծառայի` նման հաստատությունների կենտրոնացմամբ վերջապես շոշափելի արդյունք ստանալ: Ի վերջո խաղատների թիվը զգալիորեն կկրճատվի, նման հաստատություններն իրենց շփացած գովազդներով դրա համար անհարմար վայրերից կմաքրազարդվեն: Բացի այդ, հաճախորդներին միլիոնների շահումներ խոստացող խաղատնային բիզնեսը հարկային ու այլ նման պարտավորությունների առումով շատ ավելի վերահսկելի կդառնա: Հայաստանը Մոնտե Կառլո, առավել ևս Լաս Վեգաս այդպես էլ չդարձավ, ուստիև ճիշտ ժամանակն է` համապատասխան եզրահանգումներ, գործնական հետևություն ներ անելու: