ԲԱՔՎՈՒՄ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ ԵՎ... «ՃԱՆԱՉԵԼ» ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ


Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի ստեղծումը քաղաքական սխալ է. Ադրբեջանական «1նյուզ.ազ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլին: Վերջինս, մասնավորապես, հայտարարել է. -Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ստեղծումն աբսուրդ գաղափար է: Ամեն ինչ պետք է ներսից լինի, և ոչ թե` հրամայական կարգով: Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները չեն կարող համայնք համարվել, նրանք սովորական քաղաքաքացիներ են: Նրանք ադրբեջանական ժողովրդի մի մասն են, այլ ոչ թե այդ ժողովրդի մի համայնքը: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մտածվել է որպես պատասխան այն բանի, որ փորձ է արվում իրացնել բանակցություններին հայկական համայնքի մասնակցությունը: Ադրբեջանական համայնքի ստեղծումը քաղաքական սխալ է: Թեև Սարդար Ջալալօղլու գնահատականի հետ միանգամայն համամիտ ենք, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ մեկնաբանությունների մեջ ադրբեջանցի կուսակցա պետը մի փոքր մանևրում է: Իսկ իրականությունը հետևյալն է: Ադրբեջանը երկար ու ձիգ բանակցային գործընթացի, միջնորդների տարբեր առաջարկների ու լուծման փաթեթների քննարկումից հետո հասկացավ, որ հակամարտությունը խեղաթյուրել չի կարող, չի կարող այն ներկայացնել որպես տարածքային վեճ, և չի կարող խուսափել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները հաշվի առնելուց և ԼՂՀ ժողովրդի ընտրության հետ հաշվի նստելուց: Ահա այս իրողությունը, որը բնականաբար ենթադրում է ցանկացած լուծման տարբերակի դեպքում ԼՂ բնակչության` սեփական կյանքն ու ապագան ինքնուրույն տնօրինելու որոշման կայացում, պաշտոնական Բաքվին ստիպեց ձեռնարկել քայլեր, որոնք կարող են ինչ-որ փուլում խաղարկել: Որևէ արդյունավետ բան չգտնելով, Բաքվում որոշում կայացրեցին ստեղծել ԼՂ ադրբեջանական համայնք: Նպատակը, ինչպես նշեցինք, մեկն է. Անխուսափելի իրողությանը բախվելու դեպքում բարձրացնել ԼՂՀ ադրբեջանցի փոքրամասնության իրավունքների հարցը: Կստացվի՞ դա, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Իսկ այսօր ընդամենը պետք է համաձայնել Ջալալօղլուի գնահատականի հետ և արձանագրել, որ ադրբեջանցիների համայնք ստեղծելով, Ադրբեջանը փաստորեն անուղղակիորեն ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Panorama.am