Թուրքիայում հայելի չկա՞…


Անցյալ շաբաթվա անցուդարձերից ամենաուշագրավը, թերևս, Շվեդիայի խորհրդարանի` Ռիգսթագի լիագումար նիստում Հայոց, նաև Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչելու մասին բանաձևի ընդունումն էր: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել Շվեդիայի իր պաշտոնակից Պեր Վեստերբերգին` խորին շնորհակալություն հայտնելով «մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` Հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու և արդարամիտ որոշում կայացնելու համար»: Այսպիսի նամակի կարիք իրոք կար, քանզի շվեդ խորհրդարանականների արածը ոչ միայն բարոյական ու ազնիվ քայլ էր, այլև քաղաքական խիզախություն էր պահանջում: Որովհետև բանաձևի ընդունման դեմ արշավ էր ծավալել ոչ միայն Թուրքիան, ինչն արդեն սովորական է դարձել Անկարայի համար, այլև` բուն շվեդական կառավարությունը: Թուրքիայում Շվեդիայի դեսպան Քրիսթեր Ասպը, որին անհապաղ կանչել էին Թուրքիայի արտգործնախարարություն` շվեդական խորհրդարանի ընդունած բանաձևի առթիվ բացատրություններ պահանջելու, ըստ թուրքական աղբյուրների ասել էր, թե «Շվեդիայի կառավարությունը կապ չունի ընդունված որոշման հետ. ժողովրդավարական կառույց հանդիսացող խորհրդարանն է որոշումն ընդունել... Այդ որոշումը չի կարող ազդել Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության ջանքերին»: Անկարայում հրաշալի հասկանում են, որ այդ կարգի հանգստացուցիչ հայտարարություններն ընդամենը իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձ են, ոչինչ ավելի: Դրա համար մի կողմից հոխորտում են, թե զանազան խորհրդարաններում այդպիսի բանաձևերի ընդունումը, իբր, իրենց «ոչ մի վնաս տալ չի կարող», մյուս կողմից տենդագին հակաքայլեր են ձեռնարկում: Ճիշտ նույն կերպ վարվեցին նաև Շվեդիայի Ռիգսթագում ընդունված բանաձևից անմիջապես հետո: Շվեդիայից անհապաղ ետ կանչեցին իրենց դեսպան Զերգուն Քորութուրքին, ինչպես որ մարտի 4-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևին հավանություն տալուց հետո ԱՄՆ-ից ետ էին կանչել իրենց դեսպան Նամըք Թանին: Իսկ վարչապետ Էրդողանը չեղյալ հայտարարեց մարտի 17-ին նախատեսված իր այցը Ստոկհոլմ: Հարց է առաջանում` եթե այլևայլ խորհրդարաններում Հայոց և այլոց ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման բանաձևերը «Թուրքիային ոչ մի վնաս տալ չեն կարող», հապա ինչու՞ են Անկարայում այդքան հիվանդագին արձագանքում ամեն մի նոր այդպիսի քայլի, ինչու՞ են այդքան նյարդայնանում: Գաղտնիք չկա` գիտակցում են, որ վաղ թե ուշ այդպիսի բանաձևեր ընդունած երկրները դեմ են արտահայտվելու թուրք պետությանը Եվրամիության անդամ ընդունելու հեռանկարին: Գալու է պահը, երբ Եվրամիության անդամները Թուրքիայի քթի առաջ կրկին շրխկոցով փակելու են Միացյալ Եվրոպայի դռները, պատճառաբանելով, թե սեփական անցյալի սև էջերն ընդունելու և սրբագրելու անկարող երկիրը չի կարող մաս կազմել քաղաքակիրթ Եվրոպային: Հետևաբար, Թուրքիայում հայոց և այլոց ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործընթացը, անկախ նույնիսկ մեր ջանքերից, շարունակվելու է: Այդ բանաձևերն ընդունելու հիմնական դրդապատճառը ավելի շատ Թուրքիայի ԵՄ անդամ դառնալուն խոչընդոտելու հեռագնա դիտավորությունն է, քան` անցյալին ազնիվ հայացքով նայելու ներքին ձգտումը: Եթե գլխավորն այդ ներքին ազնիվ ձգտումը լիներ, ապա աշխարհի պետությունների բացարձակ մեծամասնությունը արդեն շատ վաղուց պետք է պաշտոնապես ճանաչած և դատապարտած լիներ Հայոց ցեղասպանությունը: Եվ ինչու՞ միայն մերը: Մի՞թե թուրքերը ժամանակին ցեղասպանությունների չեն ենթարկել նաև իրենց անիծյալ պետության մեջ ապրող կամ իրենց ասպատակություններին ենթարկված այլ ժողովուրդների` հույներին, բուլղարներին, սերբերին, անգամ ավստրիացիներին: Էլ չենք խոսում եզդիների, ասորիների, սիրիացիների մասին…Մի՞թե ամբողջ աշխարհի աչքի առաջ հենց այսօր թուրքերի կողմից ցեղասպանության չեն ենթարկվում ոչ միայն բուն Թուրքիայում, այլև հարևան Իրաքում ապրող քրդերը: 20 տարի էլ չի անցել այն օրից, ինչ թուրքական բանակը հազարավոր բեռնատար ավտոմեքենաներով Թուրքիայի լեռնային շրջաններից տեղահանեց և քաղաքներ տեղափոխեց շուրջ 3 հազար քրդական գյուղերի բնակիչների` հարյուր-հազարավոր, եթե ոչ միլիոնավոր անպաշտպան մարդկանց: Իրենց ծննդավայրերից նրանց պոկելը, լեռնային կյանքին սովոր ժողովրդին քաղաքային բնակավայրերում ցրելը, թուրքերի մեջ տարրալուծելու քաղաքականությունը ինչո՞վ ցեղասպանություն չէր կամ չէ: Եվ այսքանից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը անցյալ շաբաթ հոխորտում էր, թե «բազմաթիվ այլ պետությունների համեմատ Թուրքիայի պատմությունն ամենամաքուրներից մեկն է աշխարհում»: Հետաքրքիր է, այս ասելուց առաջ Աբդուլլա Գյուլը հայելու մեջ չէ՞ր նայել: Եվ եթե նայել էր, ապա իր բեղերից կաթող արյունը, որ ինքը ժառանգել է սեփական մարդակեր նախնիներից, չէ՞ր տեսել: Թե՞ ամբողջ Թուրքիայում…հայելի չկա…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ