ՔԱՆԻ ԿԱՐ` ԱՊՊԱ, ՀԻՄԱ ԷԼ` ԱՌՊԱ


 

Այնպես ստացվեց, որ մեր երկրում նախ տրանսպորտային միջոցներն ապահովագրվեցին: Իսկ մարդկանց առողջության ապահովագրման, ավելի կոնկրետ` բուժման ծախսերի փոխհատուցման խնդրի լուծման ուղղությամբ նոր-նոր են սկսում մտածել: Եթե մեր հայրենակիցներին պատկանող քառանիվ ինքնագնացների ապահովագրությունը ժամանակին պարտադրվեց, ու հենց այդ պատճառով էլ ԱՊՊԱ-ի շուրջ դժգոհությունները մինչև հիմա չեն մարում, ապա ԱռՊԱ-ի ներդրումն, ամենայն հավանականությամբ, կարող է նույնիսկ դրական վերաբերմունքի է արժանանալու:

Պետությունը ստանձնել է փոխհատուցման ծախսերը: Ու քանի որ բյուջեի միջոցներն անսահմանափակ չեն, ապահովագրվելու է միայն պետական մարմիններում, կրթության, մշակույթի և սոցիալական ոլորտներում աշխատող մեր հայրենակիցների առողջությունը: «Էլի բան է»` իրավամբ կհաստատեն շատերը: Ամեն դեպքում` ԱՊՊԱ-ի հետ կապված դառը փորձը պետք է հուշի, որ ԱռՊԱ-ի դեպքում դանդաղկոտությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Ի վերջո գործ ունենք ոչ թե վթարված մետաղյա զանգվածի, այլ` քաղաքացիների առողջության հետ:

Թե տարեկան որքան գումար է հատկացվելու մարդկանց բժշկական ապահովագրմանը` անհայտ է: Գործադիրը թերևս նպատակահարմար չի գտել կոնկրետ թվաչափ բարձրաձայնել, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ հատկացվելիքը փոքր գումար չէ, ու չի բացառվում, որ հրապարակման դեպքում այն ավելորդ (՞) ծախսեր կատարելու մասին մեղադրանքների տեղիք տա: Նաև անհայտ է, թե ապահովագրող ընկերությունները ԱՊՊԱ-ի օրինակով ԱռՊԱ-ի դեպքո՞ւմ էլ են ծախսվելիքի եռապատիկի չափով նախահաշվարկ արել, թե՞, ի տարբերություն քաղաքացիների գրպանների` բյուջեի հանդեպ նրանք փոքր-ինչ «մեծահոգի» են գտնվել:

Ի դեպ, այս օրերին բոլոր պետական կազմակերպություններում զանգվածաբար բաժանվում է ապահովագրող ընկերություններից միայն մեկի գովազդային թերթիկ-առաջարկը: Այսինքն, առայժմ անհայտ է, թե նույն գործառույթն իրականացնող մյուս ընկերությունները մասնակցելո՞ւ են առաջիկայում բուռն ընթացք խոստացող ԱռՊԱ-ին, թե՞ մենաշնորհ հիշեցնող պայմանով են պետբյուջեից միջոցներ կորզելու ու մարդկանց առողջությունն ապահովագրելու: Եթե իհարկե, այդ ապահովագրվածները դարձյալ ստիպված չլինեն նաև սեփական գրպանից «շնորհակալություն հայտնել»: