Սա էլ մենք ենք
Խմբված մարդկանց միացա այն պահին, երբ զրույցը հատել էր «Դեհ, հայ ենք, չէ՞»-ի հանգրվանը:
- Դավաճանել ու դավաճաններ ենք ունեցել,- հետևում է խոսակցությունը:
- Նախանձ ու իրար ոտքի տակ փորող,- ավելացնում է մեկ ուրիշը:
- Հարևանի լավը չկամեցող,- շարունակվում է զրույցը:
Լուռ եմ:
- Դուք այդպիսի՞ն եք, կամ ձեր մերձավոր ազգականների մեջ կա՞ն նման հայեր, ճանաչո՞ւմ եք նրանց,- դիմում եմ զրուցողներից մեկին:
- Ոչ, ի՞նչ եք ասում, ինչպես կարող է,- հետևում է պատասխանը:
- Իսկ դո՞ւք,- հարցս ուղղում եմ երկրորդին:
- Աստված մի արասցե,- գլուխը շուռ տալով պատասխանում է վերջինս:
- Գուցե դո՞ւք ունեք նման որակներ. նախանձում եք եռահարկ տուն կառուցող հարևանին, կամ շքեղ մեքենա ձեռք բերող ծանոթին,- աչքերի մեջ ուղիղ նայելով փորձում եմ պատասխան կորզել երրորդից:
Ապարդյուն:
Բարձր ու խիստ տոնով նույն հարցն ուղղում եմ բոլոր զրուցակիցներին.
Լռություն...
Ուրեմն ո՞ւմ մասին ենք խոսում, ումի՞ց բողոքում...
Այստեղ են ասում` բամբասանքը միայն բացականների մասին է:
Արտակ ԴԱՎԻԴՅԱՆ
Արդարադատության մայոր, իրավաբան