Որդիս արիաբար զոհվեց


Կուչ էր եկել քաղաքը գիշերային բեզարած մրափից հետո: Նա երևի շատ կանուխ արթնացել ու ինձ էր սպասում: Երբ արդեն մոտենում էի դռանը, այն արագ բացվեց, երևաց մի տարեց կին: Կյանքը հասցրել էր եղյամով ծածկել նրա մազերը: Ինձ ներս հրավիրեց, հապշտապ կարգի բերեց հյուրասենյակը: Տունը լիքն էր երեխաներով: Ամուսնու մահից հետո աղջիկն իր ընտանիքով տեղափոխվել էր մոր մոտ, նրան միայնակ չէր թողել: Ամեն օր աշխատանքի գնալիս` ճանապարհին, տիկին Անահիտը հուշերն էր թերթում (տպարանում է աշխատում): Իր կյանքի էջերը բերում խառնում էր իր առջև լցված-դիզված թղթերի կույտին. մի օր էլ դա պատմություն կդառնա... Սեր, ջերմություն պարուրող տարեց կնոջ դեմքից վիշտ էր կաթկթում, ինչպես հորդ անձրևի վերջին կաթիլները, որ անհունորեն հիշեցնում էին իրենց երբեմնի հորդառատության մասին: Հայ կնոջ վեհ հայացքի տակ հուսահատ ու տանջված սիրտ էր բաբախում: Օրը տրոփում էր, պղտորվեց ժամանակը, Գուրգենին հիշեց... Միակ արու զավակն էր, ով իր աշխուժությամբ լցնում էր ողջ տունը: - Աղջի°կ ջան, որդի կորցրած մոր սիրտը փշրված է լինում: Իմ միակ տղան էր, իմ միակ Գուրգենը... Միայն որդի կորցրած ծնողը կհասկանա ինձ: Գուրգենիս կորցնելուց հետո ինձ համար կյանքի իմաստը կորավ: էնքան հույսեր էի կապել որդուս հետ... Տղաս երազում էր ուսումը շարունակելու մասին, բայց...- մի պահ լռեց տիկին Անահիտը` հայացքը հառելով պատուհանից այն կողմ` անորոշության մեջ, ապա շարունակեց,-էրեխեքս գեղանկարիչ հորից ժառանգել են նրբազգացություն: Գուրգենս արվեստի սիրահար էր...էսքանից հետո թոռներիս մեջ եմ ուզում փնտրել Գուրգենիս: Սկսեց ցույց տալ որդու մասին գրված հոդվածները, որդու նկարները, մայրական ձեռքի խնամքն ու հոգատարությունը երևում էր: Որքա¯ն անգամներ է բացել, համբուրել ու խնամքով տեղը դրել: Խորհրդային բանակում ծառայելուց հետո Գուրգենը փորձեց իրականացնել տարիների երազանքը, սակայն անհասկանալի խաչմերուկներում մի այլ փորձության պիտի հանդիպեր: Արյունոտ ժամանակ էր. փորձեց ճաշակել կյանքն ամբողջությամբ: Բարությունն ու արժանապատվությունը կարողացավ մեկտեղել կյանքի ոդիսականում: Պայքարունակ ոգին այլևս թրծված էր. հուսահատությունը նրա համար չէր: Անցյալի հուշերը թևածեցին սենյակում. 1976 թ. Անին տեսած հայ պատանու սիրտն անկարող էր չտրոփել 1988 թ.-ին: Դեռ երկար ժամանակ նա չի մոռանա Լենինականում կատարած փրկարարական աշխատանքները: Անգամ շատ տարիներ անց իր առջև կհառնեն սարսափելի պատկերներ` սթափ ուղեղն անգամ կմթագներ փոշեհատիկի նման: 1994 թ. հունվար... Մութ գիշեր էր. սուլում էր քամին, կարծես ոչ մի կենդանության նշույլ: Անհանգստությունն էր թևածում իրենց ընտանիքում: Գուրգենը վճռել էր ռազմաճակատ մեկնել: Երևանն այդ օրը մի տեսակ մռայլ էր: Հայրը լուռ էր, չէր խոսում, մայրը շփոթված ու հապշտապ որդու իրերն էր դասավորում, հագուստն ուղղում: Ներքին թախիծը պղտորել էր որդու վառվռուն աչքերը, անհանգիստ էր. երկիրը վտանգի մեջ էր: Փոթորկուն գիշերվան հաջորդեց թափանցիկ արշալույսը: Լույսը ներխուժել էր պատուհանից ներս, խաղում էր Գուրգենի մազերի հետ: - Էդքան մի տխրեք, ես կվերադառնամ, էսօր մենք` տղաներս, էնտեղ պիտի լինենք, պաշտպանենք մեր հողը, մեր ծնողներին... Սպասումի վերջին վայրկյանները մոտեցան: Մի վերջին անգամ նայեց ծնողների խոհուն դեմքերին, ժպտաց ու գնաց` հույսը սրտում անթեղելով: Շատ ամիսներ անց նոր կիմանան Գուրգենի գաղտնիքի մասին. ինքն էր դիմել, որ իրեն ճակատ տանեն, իսկ տանն ասել էր, թե եռամսյա ինչ-որ հավաք է: Անցավ երեք ամիս և երկու շաբաթ: Գուրգենենց ջոկատը Աղդամ քաղաքում էր: Վերջին անգամ հարազատները որդու ձայնը լսել էին մարտի 21-ին: Այլևս սպասումի վայրկյաններն էին գլորում համրիչի հատիկների նման: Մարտական ծանր գործողություններ էին Չուլի գյուղում: Ազատագրելուց հետո Գուրգենենց ջոկատն շտապեց Մարտակերտ: Ողջ գիշերվա ընթացքում կտրիճները երկար ճանապարհ անցան: Լուսաբացին, երբ դեռ արևի շողերը չէին հասցրել ավետել լույս բարին, կենաց ու մահու ահազանգը ճայթեց: Ապրիլի 21-ն էր: Կարմիրավան գյուղը ռազմավարական կարևորություն ուներ: Երկու կողմերն էլ գիտեին` հապաղելը կործանարար էր: Իրենց ջոկատն անմիջապես մտավ պայքարի գոտի: Ինչպես ականատեսներն էին վկայել, հայկական ջոկատը մի ողջ գումարտակի դեմ էր մարտնչել, ասես երկնքից կրակե գնդեր թափվեին. չէին հասցրել օգնության ձեռք մեկնել վիրավորներին: Կռվի թեժ պահին հայորդու աչքից չվրիպեց ընկերոջ վայր ընկնելը: Չտատանվեց, առաջ նետվեց և, երբ փորձեց խրամատ հասցնել, ինքն էլ մահացու վիրավորվեց: ... Իրիկնանում էր, կրակահերթերը չէին դադարում, արդեն շատ ուշ էր... Կարծես բնությունն էլ էր սգում հայորդու մահը: Հանգավ տան ճրագը... Այդ օրը մոր սիրտն ավելի ուժգին էր բաբախել, ինչ-որ անհասկանալի ծանրություն էր կեղեքել սիրտը: Տարեց ծնողներն ավելի ուշ տեղեկացան: Մահվան բոթը շանթահարեց նրանց: Ամուսնու լուռ հայացքը սփոփու՞մ էր տիկին Անահիտին. որդին արիաբար է զոհվել: Տարիներ անց արվեստագետ հայրը չկարողացավ դիմանալ իրականության անողոք հարվածներին: 2005 թ. վախճանվեց Գուրգենի հայրը` սրտում վրձնելով որդու հիշատակը: Այսօր տիկին Անահիտը, նորից որդու մասին հուշերը թերթելով, աշխատանքի է գնում. Գուրգեն թոռը կկարողանա՞ իրականացնել իր Գուրգեն որդու երազանքը...

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ