ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Համլետի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ծնվել է 1959 թ.` Երևանում£ Համլետ ու Ծաղիկ Մելքոնյանների ընտանիքի առաջնեկն էր. խիզախ, ազնիվ, ով դեռ մանկուց սիրում էր պարզություն ու անկեղծութ յուն: Այդ համերաշխ ընտանիքում ծնվեցին նաև Արշակն ու Անահիտը: Մայրը գորովանքով էր պատմում, թե ինչպիսի հոգատարությամբ են ինքն ու ամուսինը զբաղվել զավակների դաստիարակութ յամբ: Ամեն օր ինքն է նրանց դպրոց տարել և բազում հիշողություններ շաղել ճանապարհներին: Խոսելիս նրա դեմքին մեղմ ու բարի ժպիտ էր թրթռում: Բազում տառապանքներ է հաղթահարել Ծաղիկ տատիկը, տեսել դառնություն ու վիշտ, բայց հոգու անխախտ բարությամբ է լցված կյանքի ու մարդկանց հանդեպ£ Իսկ վիշտը պահել է միայն իր համար: -Աշոտս խելացի, ծնողասեր զավակ էր: Սիրում էր գրքեր կարդալ, երբեմն օգնում էր հորը. Համլետն աշխատում էր տպարանում, տպագրիչ էր: Աշոտս էլ որպես օգնական էր աշխատում հոր մոտ: Այս գրապահարանի բոլոր գրքերը կարդացել է (մատնանշում է մեծ գրապահարանը): Հատկապես պատմական գրքեր էր շատ սիրում: Ծաղիկ տատի ծնողները եկել են Արևմտյան Հայաստանից. Արաքսի ալիքները ճեղքելով` անցել մյուս ափ, ծվարել Արմավիրի մարզի Փշատավան գյուղում: Եղեռնի սարսափելի հիշողությունները չմարեցին երբեք: Պատմեցին իրենց զավակներին, ապա թոռներին: Աշոտը կյանքի ու մահվան խաչմերուկում չերկնչեց, հիշեց տատի պատմությունները, անվարան առաջ նետվեց` ծնողներին ոչինչ չասելով: Սկզբում մայրը զարմացել էր որդու տնից բացակայելու, կեղտոտված հագուստով տուն վերադառնալու համար: Հետո կամաց-կամաց հասկացել էր, թե որդին օրերով որտեղ է եղել , բայց արդեն անզոր էին նրան ետ պահելու համար: -Աշոտս 1998-ից մասնակցում էր շարժմանը: Երբ փորձում էի համոզել, որ էլ չգնա, ասում էր. «Մոռացե՞լ ես տատիկի պատմությունները, թե ոնց են անարգել մեր կանանց ու աղջիկներին, տանջամահ արել տղամարդկանց: Որ մենք չգնանք, ո՞նց ենք պահելու մեր երկիրը, ո՞նց պաշտպանելու ժողովրդին… Ինձ միի° մեղադրիր, պիտի գնամ»: Գնաց… Արցախյան պատերազմի ժամանակ նա հայտնի էր Կոմիտաս անվամբ: Սկզբում «Նժդեհ» ջոկատի կազմում մասնակցել է Խնձորեսկի, Կոռնիձորի, Ոսկեպարի, Հադրութի շրջանի Բլութան գյուղի ինքնապաշտպանական մարտերին: Տեղափոխվելով «Մեծ Հայք» ջոկատ` մասնակցել է Երասխավանի կռիվներին: Մի քանի օրից լրանալու էր նրա ծննդյան 33-րդ գարունը: Մարտական ընկերները Աշոտին տուն էին ուղարկել` ընտանիքում նշելու ծննդյան տարեդարձը: -2-3 օր առաջ տուն էր եկել: Արդեն մոտենում էր մայիսի 20-ը. պատրաստվում էինք նշել ծննդյան տարեդարձը: Հենց իր ծննդյան օրը թաքուն վերադարձել էր մարտադաշտ, ընկերներին էլ խոստացել, որ մարտից հետո անպայման միասին կնշեն: Երասխավանում օրհասական մարտեր էին: Բարձունքի վրա թշնամու գնդացիրն ու նշանառու հրաձիգը մշտապես գնդակոծում էին Երասխավանը: Մի քանի տղաների հետ պետք է ոչնչացնեին կրակակետը: Առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս թշնամու արկը չէր վրիպել… Դա 1992 թ. մայիսի 20-ն էր` Աշոտի ծննդյան օրը… -Որդիս քաջ էր, սիրում էր առաջ ընկնել, խնայել ընկերոջը: Այդ օրն անհանգիստ էի, միայն Աստծուց խնդրում էի` նրան առողջ տեսնեմ: Մեկնելիս մնաս բարով էր ասել մտերիմներին. սիրտը մի բան զգացել էր… Դա էր իր կյանքը. ամենքն իրենց խաչն ունեն: Մենք հերոս տղերք շատ ենք ունեցել: Աշոտս «Եռաբլուրում» է ամփոփված: Ամեն շաբաթ ամուսնուս հետ այցելում էինք որդուս շիրիմին, ամուսնուս մահից հետո մենակ եմ գնում: Քանի դեռ ոտքերումս ուժ կա ու աչքերումս` լույս, ամեն շաբաթ կայցելեմ որդուս… Ամեն անգամ «Եռաբլուր» գնալիս Ծաղիկ տատը թարմ ծաղիկներ է դնում նաև որդու մարտակից ընկերների շիրիմներին, սրտում պահած արցունք կաթեցնում և թեթևացած հոգով տուն վերադառնում: Նա 81-ամյա տարիների հեռվից նորից կասի` ամեն մեկն իր խաչն ունի£