Անճաք, անստվեր, անվթար


Այսպիսին են այն որոշ վիճակ-իրավիճակները, որոնցում մասամբ հայտնվել և մինչև հաջորդ ամսվա վերջերն ամբողջապես պիտի գտնվի Երևանը: Այս վիճակներին երևանցիներս կարժանանանք այն շիննորոգում - բարենորոգումների արդյունքում, որոնք ծրագրվել և իրականացվում են քաղաքապետարանի կողմից: Ամբողջ տարում քաղաքի բարեկարգմանը պիտի ծառայեր 8 մլրդ դրամ, որի 7 մլրդ-ն արդեն ասֆալտածածկույթ է, լցված փոս ու ճաք, վթարազերծված շենք ու լուսավորված փողոց: 420 հազ. քմ նոր ասֆալտ է «ճռճռալու» մեր ոտքերի ու ավտոմեքենաների անիվների տակ: Այլ խնդիր, թե որքա՞ն ժամանակ է դա տևելու. չլինի՞ թե եկող աշնանը քանդելու «հերթը» հասնի նաև «ճռճռացող» ասֆալտին: Ասֆալտը` ասֆալտ. հերթը ճաքերին է հասել: Քաղաքապետարանի պատվերով փակվել է 117 հազ. գծամետր ճաք: Մեզանում ոչ միայն ճաքալցումն է նոր երևույթ, այլև այդ նպատակով օգտագործվող երկու տեսակ նյութերը. մեկը` ներկրված Ֆրանսիայից, մյուսը` քաղաքապետարանի մենաշնորհը, որ պատրաստվել է նրա պատվերով երկրի գործարաններից մեկում: Այսպիսով, երկուսն էլ «ցանել են», տեսնենք` ի՞նչ են «հնձելու» և ո՞վ է վերջում գլուխ գովելու` քաղաքապետարա՞նը, թե՞ ֆրանսիացիները: Մի տարվա մեջ` աշնանից աշուն հայտնի կդառնա` որն է ավելի լավ դիմանալու արևին, ձյանն ու անձրևին: Չդիմացածի հետ ինչ են անելու, այ, սա արդեն հայտնի է. քանդելու են: Մեր քաղաքային իշխանությունները քանդելու համար մի հատ են` հա կքանդեն, հա կնորոգեն: Իսակովի պողոտան` ձեզ օրինակ: Մի դեպքում` դրա անունը հիմնանորոգում է, մյուս դեպքում` կառուցապատում, երրորդ դեպքում… Բայց դա չէ կարևորը: Երևանի բնակչի համար էականն այն է, որ պողոտան 2-3 տարի է` վրա-վրա քանդվում է, և ինքը երթևեկում է քանդված և դրա հետևանքով մշտապես խցանված ճանապարհով: Գանք «անստվերին»: Պոետին հակառակ` «ստվերներն անձև» այլևս չեն դողա «պաղ մթնշաղում», և լուսավորվելիք 87 փողոցներից 65-ի մասին արդեն կարելի է երգել «Երևանի գիշերները լուսավառ» հին ու բարի ժամանակների երգը: Մնաց «անվթար»-ի մեկնաբանությունը: Թող որ այն վերաբերի ամենքին` ամեն ինչում: Իսկ այս դեպքում խոսքը 8 վթարային (սակայն այժմ արդեն ոչ վթարային) շենքերից 6-ի մասին է, որոնք վթարազերծվել-ամրացվել են: Մյուս երկուսի բնակիչներին էլ հուսադրենք և հորդորենք հավատալ քաղաքապետարանի խոստմանը, թե ընդամենը մեկ ամսից կարող են ապահով բնակության անցնել ամրացված շենքերում: Ահա այսպես. կապրենք անճաք, անստվեր, անվթար:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ