ՊՈՒՏԻՆԸ ՍԵ՞Ր Է ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ


Ադրբեջանում շատ վաղուց էին նախապատրաստվում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությանը: Ասում են, որ երեք օր շարունակ մաքրվել են Բաքվի գլխավոր փողոցները, շուրջ տասը փողոց փակվել է երթևեկության համար, բնակիչներին արգելել են օգտվել այն փողոցներից, որոնցով պիտի անցներ Պուտինը: Իսկ ահա ՌԴ նախագահին Բաքվում դիմավորել է առաջին փոխվարչապետը...… Շատերը փորձեցին այս հարցում ինչ-որ ենթատեքստեր տեսնել, սակայն սա մտնում է արարողակարգի տրամաբանության մեջ, քանի որ դիմավորողը ռուս-ադրբեջանական համագործակցության խորհրդի նախագահն է: Նշենք, որ Պուտինի` Ադրբեջան կատարած այցին շատերն էին անհամբերությամբ սպասում, որովհետև սա, ըստ էության, պատմական այց է, քանզի սրանով հստակեցվում են Ռուսաստան-Ադր բեջան հարաբերությունները, որոնք վերջին շրջանում չափազանց ջերմացել ու ակտիվացել են: Երբ Ռուսաստանը շուրջ մեկ միլիարդ դոլարի արժողության զենք վաճառեց Ադրբեջանին` խոստանալով առաջիկայում նոր գործարքներ ևս կնքել, պարզ դարձավ, որ Կրեմլն իր հայացքը հառել է դեպի Ադրբեջան և Հարավային Կովկասում փոխում է ռազմավարական իր կողմնորոշումները: Ադրբեջանում չափազանց խանդավառված էին Պուտինի սպասումներով, շրջադարձային էին համարում նրա այցը… Եվ Պուտինը եկավ: Նրա հետ եկան մի քանի նախարար, ստորագրվեցին մի քանի համաձայնագրեր, որոնք, ըստ էության, չունեին «դարակազմիկ» նշանակություն:

Միայն փոքր-ինչ անհասկանալի մնաց հումանիտար ոլորտում ստորագրված համաձայնագիրը, քանի որ այս ստորագրեցին արտաքին գործերի նախարարները: Ի դեպ, այստեղ կարող էր պայթել դիվանագիտական սկանդալ, եթե Ռուսաստանը ցանկանար: Սակայն, հավանաբար, ադրբեջաներենի չիմացությունը օգնեց, որպեսզի ամեն ինչ շրջափակվեր «ադրբեջանական հումորի» սահմաններում: Խոսքը Սերգեյ Լավրովի անվան ադրբեջանավարի խեղաթյուրման մասին է: Ինչևէ: Ոչինչ տեղի չունեցավ, Լավրովը Մամեդյարովի հետ ստորագրեց համաձայնագիր, որից հետո էլ տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Այստեղ Իլհամ Ալիևը հերթական անգամ «լացացրեց» հավաքված ներին` հիշեցնելով «հայ օկուպանտների», Ադրբեջանի 20 տոկոս տարածքի բռնազավթման, այդ տարածքում ամեն ինչի ավերման, ՄԱԿ-ի բանաձևերի հանդեպ Հայաստանի դրսևորած անտարբերության, Ղարաբաղի հարցը պատմական արդարության գործակցով լուծելու մասին… Ուշագրավն այն էր, որ հենց Ալիևը հնչեցրեց պատմական արդարության մասին հառաչանքը` հավանաբար չհասկանալով, որ այսպիսով դրսևորեց հայամետ դիրքորոշում, քանզի որևէ մեկին գաղտնիք չէ, որ Արցախը դարերով հայկական հող է…

Վլադիմիր Պուտինի խոսքը հերթապահ ու ոչինչ չասող էր: Միայն ավելացնենք, որ նա Ղարաբաղի հարցի կարգավորման համար նորից պնդեց քաղաքական լուծման միակ ճանապարհը… Այսինքն, Պուտինը չարձագանքեց ադրբեջանական «լաց ու կոծին», ոչինչ չասաց տարածքների «բռնազավթման» մասին: Խոսեց ադրբեջանառու սական հարաբերությունների դինամիկայի և ողջ աշխարհում իր նմանը չունեցող ադրբեջանական տնտեսության «դինամիկ աճի» մասին: Այն տպավորությունն էր, որ երկու նախագահներն էլ պարզապես սիրահարվել էին դինամիկա բառին, քանզի նրանց երկուսի կարճ ելույթներում այդ բառը հնչեց յոթ անգամ…

Ռուսական ԼվՑպՐՒՈՍր լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայն ված կազմով հանդիպման ժամանակ ընդգծել է ռուս նախագահի այցի կարևորությունը, ինչը հավելյալ հնարավորություն է տալիս քննարկել երկկողմանի հարաբերություն ների զարգացումն ու տարածաշրջանային քաղաքականությունը.

- Մեր համագործակցությունը գործնականում ընդգրկում է բոլոր ոլորտները` տնտեսական փոխգործակցություն, հումանիտար ոլորտ, տրանսպորտ, տարածաշրջա նային անվտանգություն: Բոլոր հարցերում մենք ունենք շատ մոտ դիրքորոշումներ:

Վլադիմիր Պուտինն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջանում ռուսաց լեզվի պահպանման ու դասավանդման մակարդակի կապակցությամբ` ընդգծելով, որ դա հիմք է հանդիսանում երկկողմանի համագործակցության բոլոր այլ ուղղությունների համար: Համագործակցության մասին խոսելիս Պուտինն ուշադրություն է հրավիրել իր հետ բերած մեծ պատվիրակության կազմի վրա: Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ինչպես նաև ՀՏրՏոՏՐՏ-վֆՍրտՏՐՑ-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի շուրջ բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկովը, ՀՏրվպՒՑընկերության ղեկավար Իգոր Սեչինը և խցՍՏռսընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովը:

Մենք միտումնաբար ենք մեջբերում այս հաղորդագրությունը, որպեսզի ուշադրություն սևեռենք մի կարևոր հանգամանքի. Պուտինի հետ Բաքու էին մեկնել Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարները: Արտակարգ իրավիճակներում իրար սատարելու համաձայնագիր ստորագրեցին երկու երկրները` բնականաբար բազմաթիվ հարցականներ թողնելով «արտակարգ իրավիճակներ» հասկացության տակ: Բայց ահա կարծես «խաղից դուրս» վիճակում էր պաշտպանության նախարարը, որը ոչ մի համաձայնագիր չստորագրեց… Ուրեմն, ինչու՞ էր գնացել Բաքու, ի՞նչ էր փնտրում այնտեղ: Ակնհայտ է, որ մամուլի ասուլիսն ընդամենը «ներկայացում» էր, սովորական խաղ, մինչդեռ շատ ավելի կարևոր հարցեր են քննարկվել, որոնց մասին, բնականաբար, լռում են…

Անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ Պուտինն ինքն է այժմ սկսել «կոմպլիմենտար» քաղաքականություն վարել` աշխատելով որոշակի հավասարակշռություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պուտինը լավ է հասկանում, որ Ադրբեջան-Հայաստան ռազմական բախման սադրումն իրեն չի հաջողվի, քանի որ գոյություն ունի ԱՄՆ հստակ դիրքորոշումը, ուստի այսօր նա «ռևերանսներ» է անում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Բայց անմերժելի է, որ հետայսու Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր հենարանը Ադրբեջանն է լինելու: Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանն իր վրա է կրելու այն հարվածները, որոնց թիրախ կարող է դառնալ առաջիկայում Ադրբեջանը… Հիմա Ռուսաստանին պետք է, որ Բաքվին սիրաշահելով` մեծացնի իր ներկայությունը Կասպից ծովում: Ու նա դրան կհասնի:

Պուտինի այցը նաև յուրատեսակ աջակցություն էր Ալիևին: Իշխանապաշտ ադրբեջանցիները տեսնելով ռուսական «դեսանտի» ներկայությունը, Պուտինի այցը` առավել մեծ սիրով կաջակցեն իրենց հավերժ նախագահին…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ