Աննահանջ ակտիվության տրամաբանությունը


Հետևելով ընթացիկ քաղաքական անցուդարձին` լիարժեքորեն համոզվում ենք, որ հայրենի քաղգործիչների համար ամռան երկրորդ հատվածը նույնպես արձակուրդային չի դառնալու: Եվ ուժերի գերլարման արդյունքում, որքան էլ ակտիվությունը պահպանելու միտումներն ակնհայտ լինեն, այդուհանդերձ անհասկանալի է մնում Նախագահի ընտրությունների ուժասպառ անող քարոզարշավից, իսկ որոշ մասի համար էլ հետընտրական բովանդակալից անցուդարձից հետո անգամ քաղաքական բեմահարթակը չթողնելու ձգտումը: Նույնիսկ եթե ընդունենք, թե ինչպես ոմանք են կարծում, միայն իրադարձությունների կենտրոնում մնալու արդյունքում է հնարավոր պահպանել պայքարի շարունակականությունը, դարձյալ սխալված կլինենք: Դժվար է անտեսել այն բոլոր նախադրյալները, որոնք հիմք են տալիս պնդելու, որ ամռան երկրորդ հատվածն էլ առաջինի պես հանդարտ ու սեզոնային ավանդույթին համահունչ է անցնելու: Իսկ առանձին իրադարձությունները ավելի շատ երբեմնի ակտիվ զարգացումների մասին են միայն հիշեցնելու: Այդ ամենին անմասն չմնացող «Ժառանգություն» կուսակցության համագումարի շարունակական ձգձգման պատճառները թեպետ այդպես էլ անհայտ մնացին, բայց կայանալուց հետո էլ ավելի «անհասկանալի» դարձավ, թե ինչու էր այս քաղաքական ուժը տևականորեն հապաղում: Ինչպես մյուսների դեպքում, «Ժառանգության» համագումարը սոսկ ներկուսակցական միջոցառում համարելը ճիշտ չէ, քանի որ թե° լավ, թե° այլ իմաստով այդչափ բաց ու հրապարակային ներկայացող ուրիշ քաղաքական ուժերը մեզանում այնքան էլ շատ չեն (մեղմ ասած): Միայն այն փաստը, որ համագումարին ոչ միայն հրավիրվել, այլ նաև ներկայացել էին շուրջ մեկ տասնյակ կուսակցությունների առաջին-երկրորդ դեմքերը, արդեն իսկ ասվածի վկայություններից է: Այդպես, ի վերջո, մեզանում քիչ է պատահում. քանի որ շատ չեն նաև այնպիսի քաղաքական ուժերը, որոնք կարողանում են աննկատ հատել ընդդիմությունից իշխանության (և հակառակ ուղղությամբ) ձգվող սահմանագիծը: Եվ, որ պակաս կարևոր չէ` նման սահմանահատումները վերջում ցանկալի հիմնավորումներով ներկայացնել հանրությանը: Այդ է պատճառը, որ հաճախ ընդդիմադիրները Րաֆֆի Հովհաննիսյանին դժվարանում են ընդիմադիր համարել, իշխանությունն էլ «Ժառանգությանն» իր կողքին միայն առանձին դեպքերում է նկատում: Այս ամենով հանդերձ` որքան էլ նախկին Արտգործնախարարի կուսակցության գործունեությունը հանրայնորեն ընկալելի և հիմնականում ընդունելի լինի, միևնույն է, այդչափ չեզոք մարտավարությունը թե° ընդդիմության, թե° իշխանության ներկայացուցիչներին թույլ է տալիս նման ներկուսակցական միջոցառումներին ուզած պահի բեկել համագումարի միատոն ընթացքը: Ավելին, համենայն դեպս, ուշացած դահլիճում հայտնված Լ. Տեր-Պետրոսյանն առիթն օգտագործեց` համագումարին ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին գովեստի ջերմագին խոսքեր շռայլելու… Եվ կարևորը բոլորովին էլ այն չէ, որ ընդամենը հունիսի 20-ի հանրահավաքում Տ. Սարգսյանին «վարչապետ կոչեցյալ» բնորոշմամբ գնահատող Տեր-Պետրոսյանը հիմա նրան «լուրջ պրոֆեսիոնալ» է համարում: Կարծիքների, վերաբերմունքի, գնահատականների վերանայումները առաջին Նախագահի մոտ վաղուց սովորույթի են վերածվել… Այստեղ հետաքրքիրն ավելի շատ փակուղուց դուրս գալու ելքերի որոնման հերթական հրապարակային արտահայտման դրսևորումն է, ինչի հարմար առիթը Տեր-Պետրոսյանը չցանկացավ կորցնել նաև «Ժառանգության» համագումարում: Եվ, իբրև շարունակություն` «Ժառանգության» հասցեին հնչած բարձր գնահատականները, հատկապես խորհրդարանական խմբակցության գործունեության արժևորումը, նաև «համաժողովրդական շարժման» ներսում տիրապետող դարձող երկխոսության անհրաժեշտության կարևորման վկայությունն է: Մյուս կողմից էլ օրվա առիթը` «Ժառանգությունը» ուրիշ էլ որտեղ, եթե ոչ Ազգային ժողովում պետք է դրսևորեր համագործակցության նախադեպեր` ինքնաբերաբար հաստատելով, որ որևէ խորհրդարանական ուժի ինքնուրույն-միայնակ գործելը անիմաստ և աննպատակահարմար է: Ահա թե ինչու էր Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին շեշտադրումները հիմնականում ընդհանուր նպատակների, համագործակցության միանման եզրերի առկայության վրա դնում: Ի վերջո, դժվար է չհամաձայնել վարչապետի այն ամփոփող տեսակետին, թե կամուրջներ ստեղծելը դրանք այրելուց դժվար է, բայց նախընտրելի: Անգամ Տեր-Պետրոսյանի թիմում աստիճանաբար համոզվում են, որ կյանքը Հայոց աշխարհում փետրվարի 19-ով չի ավարտվել, և նոր ընտրությունններ, ուժերը վերստին փորձարկելու առիթներ դեռ էլի են լինելու: Ճիշտ է, մի քանի շաբաթ հետո թիվ 17 ընտրատարածքում կայանալիք պատգամավորի ընտրություններին արմատականների մասնակցությունն ավելի շատ խորհրդանշական է, սակայն մյուս կողմից էլ ընտրական լուրջ ռեսուրս ներդնելը մի մրցապայքարում, որտեղ հաջողության շանսերն աննշան են, միգուցե այնքան էլ արդարացված չլիներ: Այլ հարց է, որ մրցապայքարի լայն հորիզոններ են բացվել` աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Մի քանի համայնքներում գարնանը կայացած քվեարկություններից առաջ որքան էլ արմատականները ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններով փորձեցին «հիմնավորել» այդ մրցապայքարի հանդեպ իրենց հետաքրքրության բացակայությունը, բայց, ինչպես նշեցինք, կյանքը շարունակվելով հանդերձ` նաև մոտեցումներն է ստիպում վերանայել: Համենայն դեպս, նույն «Ժառանգության» որոշումը` սեփական թեկնածուով Արաբկիրի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, արդեն իսկ ճեղքում է սառույցը: Նման հայտն էլ իր հերթին է ենթադրել տալիս, որ կատաղի մրցապայքար խոստացող աշնանային ընտրություններում տեսնելու ենք նաև «Համաժողովրդական շարժումը» ներկայացնող թեկնածուների: Ինքնին գովելի այս հեռանկարն էլ ակամայից հիմնավոր է դարձնում անգամ արձակուրդային սեզոնին արմատականների աննահանջ ակտվիության տրամաբանությունը: