Միասնական բանակն ու ժողովուրդն անպարտելի են


Ժողովրդական խոսքն ասում է` երեխան ընտանիքի հայելին է: Յուրատիպ ընտանիք է նաև Հայոց ազգային բանակը: Ընտանիք, որի յուրաքանչյուր անդամի պատրաստվածությամբ մտահոգ է գերատեսչության ղեկավար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ: Սեփական փորձառությամբ նա հստակ գիտե, թե դրական արդյունքի հասնելու համար, ինչն ավելի օգտակար կլինի: Ու քանի որ անհերքելի նախապայման է` զինվորական-քաղաքացի փոխադարձ վստահությունը, Ս. Օհանյանի բարեմաղթանքով նոր ավանդույթ է ստեղծվել. «Պատիվ ունեմ ներկայանալու» շնորհանդեսը աներկբա օրինակն է` շփման եզրերը անմիջականությամբ ագուցելու. զինվորի ծնողը բանակի և կառավարության ղեկավարների հետ` միևնույն սրահում նստած, հետևում է իր որդու հրամանատարի ինքնաներկայացմանը: Արցախյան պատերազմի մասնակից և դրանից հետո զինվորական տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած զորամասի հրամանատար փոխգնդապետ Արայիկ Մադաթյանի համար այդ օրը կրկնակի տոն էր, քանի որ Իջևանի քաղաքային մշակութային տանը նաև իր ծննդյան 37-րդ տարեդարձն էր նշում: Հայրենասիրական, հումորային և երաժշտական ժանրերի միաձուլմամբ ուրույն շնորհանդեսը հաճելի պահեր էր պարգևում ներկաներին: Բայց այս անգամ անակնկալ էր ծնողների, լրագրակազմի և հրամանատարության համար, քանզի Վարչապետը շրջայցի էր եկել բոլոր նախարարների հետ: Զինվորական հանդերձանքով կառավարության անդամներն էլ այդօր Վարչապետի «հրամանատարությամբ» կատարում էին իրենց` շարքայինի պարտականությունները: Հյուսիսարևելյան դարպաս Ղազախի սահմանագոտու առաջնային գիծը ուսումնասիրելուց հետո, հենակետային ճաշարանում նրանք էլ լրագրողների հետ միասին համտեսեցին զինվորների առօրյա ուտեստները: Ապա ծանոթացան սպառազինությանը և դրանից հետո հրաձգարանում ոմանք նաև կրակային «քննություն» հանձնեցին: Բնականաբար, հմտությամբ առավել աչքի էր ընկնում Պաշտպանության նախարարը. զենքին տիրապետելու և մարտական դիրք ընդունելու նրա բնաբուխ վարպետությունից հառնում էր մարտական կենսագրություն ունեցող արժանապատիվ սպայի կեցվածքը: Այնուհետև բոլորը ներկա գտնվեցին հետախուզական խմբի մարտական առաջադրանքի կատարման ցուցադրմանը և ծանոթացան տանկի մարտական հնարավորություններին, ընդհուպ նշանախոցելիության գործնական արդյունավետությանը: Բազմաբովանդակ օրվա տպավորությունները լրագրողների հետ կիսեցին մեր երկրի ղեկավարները: ՀՀ վարչապետի մեկնաբանմամբ` - Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ` կառավարության ամբողջ կազմով: Գաղտնիք չէ, որ մեր բանակը ունի բարձր վարկանիշ և մեր պետական ինստիտուտների մեջ իր հեղինակությամբ զբաղեցնում է առաջին տեղը: Ես տեսա, թե ինչպիսին է իրավիճակը, ինչպիսին է պատրաստվածությունը մեր շարքային զինվորի և ուղղակի հիացած եմ: Կարևորում ենք այն հարաբերությունները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում բանակի և ժողովրդի միջև: Այս նախաձեռնության իմաստը հետևյալն է. մենք չենք կարող բավարարվել նրանով, ինչ որ ունենք: Այսօր մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի բանակում ստեղծենք այնպիսի պայմաններ, որ մեր զինվորները հնարավորություն ունենան չկտրվել հասարակական կյանքից ևս: Մեր երիտասարդներն այստեղ պետք է հնարավորություն ունենան նաև նախապատրաստվելու` բուհ ընդունվելու համար: Մենք ոչ միայն պետք է ժամեր հատկացնենք, որ նրանք կարողանան պարապել, այլ նաև համապատասխան գրականություն ապահովենք: Բոլոր զորամիավորումներում պետք է լինեն համակարգիչներ, ինչը շատ կարևոր է: Անդրադառնալով իրենց նոր նախաձեռնությանը` Սեյրան Օհանյանը նշեց. - Այս օրը մեր բոլորիս համար առանձնահատուկ է. մեր այցելության նպատակը հիմնականում բանակ-հասարակություն նաև իշխանություններ-ժողովուրդ կապի ամրապնդումն է: Նաև այս կերպ ենք նպաստում բանակի և հասարակության կապի սերտացմանը` հավատարիմ ժողովրդական այն ասացվածքին, որ «Եթե բանակն ու ժողովուրդը միասնական են, ապա նրանք անպարտելի են»: Այս ձեռքբերումը մենք ունեցել ենք մեր ողջ պայքարի ընթացքում, մանավանդ այն բնակավայրերում, որոնք անմիջականորեն իրենց ուսերի վրա զգացել են պատերազմի ծանրությունը: Դա Արցախն է և ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերը ու մանավանդ Տավուշը, որի 21 բնակավայրերը սահմանի եզրին են: Մեր նպատակը հիմնականում կատարված է: Այսօր կարող եմ ասել, որ Հայոց բանակը իր առջև դրված խնդիրները կատարելու է: Հետաքրքրաշարժ էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նկատառումները. - Մշակութային մասով, օրինակ ես երգերի մասը կանեի շատ ավելի ակտիվ: Կարծում եմ, որ մշակութային դաստիարակությունն էլ պետք է դառնա ամենօրյա աշխատանք բանակում: Չէ՞ որ հայրենասիրական ոգին նաև մշակույթով է մնայուն: Ի վերջո, արվեստը ազնվացնում է մարդուն, իսկ դա բանակին անհրաժեշտ է: Բայց նայած, թե ինչ արվեստ. վատ արվեստը բարոյալքում է, իսկ հայրենասիրական ոգով հնչող այս երգերը, բանաստեղծությունը, մեր մեծերի խոսքը… դա չափազանց կարևոր է: Ի դեպ, դա այն հատվածն է, որում մենք թերացել ենք շատ տարիներ: Անթաքույց էր էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ոգևորությունը: - Ոգևորությունս այնքան մեծ է, որ միայն դրականն եմ տեսնում: Արժեքը շատ բարձր է, որովհետև, որպես կառավարության անդամ, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե իրականում ի՞նչ իրավիճակում ենք: Սահմանամե°րձ: Ղարաբաղյան հաղթանակը ազգային շատ մեծ հաղթանակ է մեզ համար: Այսպիսի միջոցառումներն ուղղակի անհրաժեշտություն են: Ինքս հաճույքով մասնակցում եմ, ամեն քայլափոխի ոգևորվածությունս աճում է և կարծում եմ` ինքս էլ այսուհետ մտածելու եմ, թե ինչպես կարող եմ աջակցել այս գործընթացին: Ըստ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի. - Այս կարգի միջոցառումները, համարում եմ երկուստեք անհրաժեշտ` և° կառավարության անդամների, և° մեր զինծառայողների համար: Գաղտնիք չէ, որ շարքային զինծառայողը ավելի վստահ է իրեն զգում, երբ նկատում է ուշադրություն պետության ղեկավարության կողմից: Նման այցերը հիմք կհանդիսանան, որպեսզի մեր քաղաքացիներն ու զինծառայողները կարողանան իսկապես համոզվել, որ վերաբերմունքը միայն թղթերով չէ, միայն նիստերով չէ: Կա արդեն գործնական հետաքրքրություն իրենց ծառայության նկատմամբ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ