Հարկավոր է զգոն լինել


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ Իլհամ Հեյդարօղլու ռեժիմը կարծես հոգեվարք է ապրում: Երկա՞ր կտևի, թե՞ կարճ` հաստատ ասել չենք կարող: Բայց որ վախճանի սկիզբն արդեն առկա է` չենք տարակուսում: Ընդսմին, նկատի չունենք միայն այն, որ ադրբեջանական ժողովուրդը մինչև կոկորդը կուշտ է Հեյդարբաբայի ապաշնորհ զավակի «կառավարումից», ինչն իրականում ամենաիսկական արևելա-ասիական բռնակալություն է: Եվ այդ բռնակալությունը հաստատվել է ճիշտ այնպես, ինչպես եղել է բոլոր համանման զոռբայատիրունների պարագայում, երբ իշխանությունը ժառանգվել է հորից որդուն: Սակայն տվյալ դեպքում նույնիսկ հորից որդուն իշխանության փոխանցումը թեական է: Հիշենք` Թուրքիայի զինվորական հոսպիտալներից մեկում ծանր հիվանդութ յունից «բուժվող» հայր-Ալիևն իբրև թե հրամանագիր էր ստորագրել` Իլհամ որդուն Ադրբեջանի վարչապետ նշանակելու մասին: Մինչև այժմ էլ չհերքված կասկածներ կան, թե Հեյդար բաբան այդպիսի փաստաթուղթ ուղղակի չէր կարող ստորագրել, քանի որ այդ պահին նա արդեն իսկ մահացած էր: Գալով Բաքու և կեղծված հրամանագրով ստանձնելով երկրի վարչապետի պաշտոնը, Իլհամը կարճ ժամանակ անց հիվանդ հորը տեսնելու բարեհունչ պատրվակով դարձյալ Թուրքիա գնաց, ու վերադարձավ` բերելով իբր թե իր ներկայությամբ «հենց նոր մահացած» հոր դագաղը: Բերեց, մեծարանքներով թաղեց, ու իբրև թե համաժողովրդական ընտրությունների արդյունքներով դարձավ երկրի նախագահը: Վերջերս էլ կազմակերպեց սահմանադ րության մեջ փոփոխություն կատարելու թատերական ներկայացում` հանրաքվեով սեփական ժողովրդից «իրավունք» կորզելով` անսահմանափակ չափով սեփական թեկնածությունը դնելու նախագահական ընտրություններում: Մինչդեռ ժողովուրդն ակնհայտորեն հոգնել է ալիևյան լարախաղացություններից: Հեյդարօղլու հիմնադրած սուլթանաթում սոցիալական վիճակը մնում է աղետալիո րեն ցածր, և մոտ 4 միլիոն մարդ լքել է Ադրբեջանը, ուր ժողովրդավարական ազատությունների մասին երազելն անգամ մեծ շռայլություն է: Փոխարենը` շարունակվում է Ադրբեջանի ազգային հարստությունների, առաջին հերթին նավթի ու գազի վաճառքից ստացվող գումարների անամոթ կողոպուտը: Հեյդարօղլին հաճախ է զառանցում «Հայաստանի տնտեսության անխուսափելի փլուզման, ադրբեջանական բանակի հզորության, մի հարվածով իրենց հողերը ետ բերելու Ադրբեջանի պատրաստակամության, հայ ժողովրդի օրհասական վիճակի» մասին: Միաժամանակ չի ամաչում Ադրբեջան ժամանած միջազգային կառույցների ներկայացուցիչներին տանել փախստականների վրանային ճամբարներ ու ցույց տալ, թե «ի˜նչ զարհուրելի պայմաններում են ապրում հայ ագրեսորներից մազապուրծ իրենց հարյուր-հազարավոր քաղաքացիները»: Իսկապես, մարդկայնորեն կարելի է նույնիսկ կարեկցել այդ վրանային ճամբարներում համարյա երկու տասնամյակ նախրային մակարդակով ապրող տասնյակ-հազարավոր ադրբեջանցիներին: Բայց միաժամանակ չի կարելի չտարակուսել. եթե Ադրբեջանը տնտեսական ու ռազմական տեսակետից Հայաստանի համեմատ այդքա˜ն բարեհաջող վիճակում է, հապա ինչո՞ւ նման քստմնելի վրանային ճամբարներ Հայաստանում չկան: Կամ ինչու՞ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում անդադար հրահրվող սադրանքների ժամանակ ադրբեջանական կողմը միշտ և անվերապահորեն պարտություն է կրում… Վաղ թե ուշ ադրբեջանական ժողովուրդն այս հարցերը տալո´ւ է նրան: Թվում է` դրա ժամանակն արդեն հասունանում է: Մարտի 11-ին և 12-ին երիտասարդությունը, ինտերնետային Facebook սոցիալական ցանցի միջոցով Բաքվում հակակառավարական ցույցեր կազմակերպելու փորձ ձեռնարկեց: Նախահարձակ լինելով` ալիևյան ռեժիմը կարողացավ առայժմ ճնշել այդ ելույթները: Ոստիկանությունը ձերբակալեց «Մուսավաթ», «Ազգային ճակատ» և մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների տասնյակ երիտասարդ ակտիվիստների, փակեց ենթադրվող հանրահավաքների հրապարակները, դեպի դրանք տանող փողոցները, անգամ մետրոյի կայարաններից մեկը, իսկ հակակառավարական հանրահավաքներին մասնակցող ուսանողներին սպառնաց բուհերից հեռացումով… Ռեժիմից դժգոհողների նկատմամբ Բաքվում գործադրվող բռնություններն այնքան անթաքույց էին, որ Եվրամիությունը անհապաղ հանդես եկավ խոր մտահոգություն արտահայտող հայտարարությամբ: Քաղաքացիների հիմնարար ազատություններն ու իրավունքերը հարգելու կոչով Ադրբեջանի իշխանություններին դիմեցին նաև այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպանությունը, «Freedom House» և «Amnesty internacional» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի ներկայիս արտակարգ ու լիազոր դեսպանը ոչ վաղ անցյալում Հեյդարօղլու «ախպերացու», ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան է: Սակայն ակնհայտ երևում է, որ այժմ այս երկուսի միջև սև կատու է անցել: Իլհամը վերջերս նույնիսկ զլացավ ընդունել Բրայզայի դեսպանական հավատարմագրերը, այդ պարտականությունը դնելով ավելի ցածր պաշտոնյայի վրա: Քանզի, երևի հասկանում է, որ Վաշինգտոնը նրան հանձնարարել է նախապատրաստել… Ադրբեջանի սուլթանիկի տապալումը: Ինչու՞: Որովհետև Վաշինգտոնն էլ, հավանաբար, հոգնել է Իլհամի բթությունից: ԱՄՆ-ը կարող է աչք փակել Հեյդարօղլու բռնակալական հակումների վրա, բայց չի կարող հանդուրժել, որ վերջինս առ ոչինչ համարի արցախյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու նաև ի´ր նախազգուշացումները: Այդ բթությամբ, ինչպես նաև Իսրայելի հանդեպ Թուրքիայի օրինակով որդեգրած իր թշնամական կեցվածքով Հեյդարօղլին գործնականում անցանկալի է դարձել Վաշինգտոնի համար: Ահա ինչու դեռ տարեսկզբին Վաշինգտոնում հրապարակվեց մի զեկույց, ուր սևով սպիտակի վրա գրված էր, թե Աֆրիկայում սկսված հեղափոխությունների ալիքը կարող է թափանցել նաև այլ իսլամադավան պետություններ, այդ թվում` Ադրբեջան: Հիմա, կարծես թե, Ադրբեջանի ապակայունացման հերթը հասնում է… Մեզ համար այդ հեռանկարը բավական մտահոգիչ է: Քանի դեռ չի տապալվել` Հեյդարօղլին կարող է սադրել նոր պատերազմի վերսկսում Լեռնային Ղարաբաղի դեմ: Դա առժամանակ նրան կօգնի` հակահայկական հիստերիա բորբոքելով «թամբին» մնալ: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի Խումբն ու նրա եռանախագահները կարող են որոշակի դրական դերակատարություն ունենալ Ադրբեջանին զսպելու գործում, եթե, ինչպես արդեն հայտարարել են` իրականացնեն շփման գծի վերջին միջադեպերի օբյեկտիվ հետաքննություն: Այդպիսի հնարավորություն նախատեսված է Սոչիում Սարգսյան-Ալիև -Մեդվեդև հանդիպման ժամանակ ստորագրված եռակողմ հայտարարությամբ: Բայց արդյո՞ք Բաքուն մտացածին պատճառաբանություններով դարձյալ չի խափանի դա: Իսկ խափանման դեպքում եռանախագահները ազնվություն կունենա՞ն հականե-հանվանե մատնանշելու… մեղավորին: Ամեն դեպքում մեզ հարկավոր է առավել զգոն լինել, պատրաստ` հակահարված տալու ադրբեջանական կողմի ամեն մի նոր սադրանքի:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ