«Կոշիկը» խոսեց


Պարզվում է, որ թութակներից ու ագռավներից բացի, ուրիշ կենդանիներ ևս կարող են ընդօրինակել մարդկային խոսքը: Օրերս այդ կարծիքը հաստատել է հարավկորեացի Կոշիկ փիղը (հաղորդել է Associated Press-ը): Սեուլի կենդանաբանական այգու բնակիչ այս հաստլիկի եզակի ընդունակությունների մասին մասնագետները խոսում են արդեն մի քանի տարի: Ու ահա Կոշիկը միջազգային ասպարեզում գիտնականների կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես աշխարհում առաջին խոսող փիղը: 5,5 տոննանոց 22 տարեկան հսկան վերարտադրում է մարդկային խոսքը: Կնճիթն իր բերանը տանելով, նա կարողանում է բավական հստակորեն արտաբերել կորեական մի քանի բառեր. Joo (լավ), aniya (ոչ), nuwo (պառկել), anja (նստել), annyeong (ողջույն): Հետազոտողները դժվարանում են ապացուցել, որ Կոշիկը հասկանում է այդ բառերի իմաստը, բայց «պառկել» և «ելնել» հրահանգները նա կատարում է անսխալ: Նրա մարզիչը հավաստիացնում է, թե իր սանը «խոսեց», որովհետև միայնակ էր և երկար տարիներ առնչվում էր միայն վարժեցնողների հետ: Կոշիկը պաշտոնապե´ս ճանաչված առաջին խոսող փիղն է: Բայց դեռևս 1977 թ. Ալմա-Աթայի գազանանոցում Բատիր փիղը ևս կրկնօրինակել էր մարդկային խոսքն ու նույնիսկ շան հաչոցը: Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ էին եղել, բայց փաստը պաշտոնապես չէր հաստատվել: Երևի սովետական «նվաճումներն» անտեսվում էին, և ղազախստան ցի Բատիրը միջազգային հռչակի չէր արժանացել: