Չիջնել ամեն «օպոնենտի» մակարդակի


Ներքաղաքական զարգացումների հրատապ մի քանի հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ: - Կարծում եմ` գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ նախընտրական գործընթացներն արդեն սկսվել են: Ճիշտ է` ժամանակից շուտ, օրենքի խախտմամբ, բայց կուսակցությունների ծավալած գործողությունները քարոզարշավի տրամաբանության շրջանակներում են: Հիմնականում այն կուսակցությունները, որոնք ժողովրդին ասելիք չունեն, փորձում են սև PR-ների միջոցով ձայներ փախցնել: - Ելնելով Ձեր խոսքից, կարելի՞ է ենթադրել, որ նախընտրական քայլեր է անում նաև ընդդիմությունը: - Ընդդիմության աշխատանքը իշխանություններին քննադատելն է: Իհարկե, շատ ցանկալի է, որ այն լինի կառուցողական, նպատակը միայն աթոռ գրավելը չլինի: Քննադատությունը լինի հիմնավորված ու ցույց տա նաև նպատակին հասնելու ճանապարհը: Ի վերջո, և° դիմության, և° ընդդիմության նպատակը մեկն է` հասնել ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, երկրի կայունության հիմքերի ամրապնդմանը և այլն: Սակայն այս ամենի և խոչընդոտները հաղթահարելու համար ժամանակ է պետք, ինչը հաճախ լուրջ դժվարություն ներ է հարուցում: Բոլորս գիտենք, որ ժողովրդի վիճակը ծանր է, կենսաթոշակները չեն բավարարում` նվազագույն պահանջմունքները բավարարելու համար: Ցածր են աշխատավարձերը: Իսկ սահմանամերձ գյուղերում վիճակն ավելի վատ է, քան քաղաքում, ուր առայժմ մեծ տոկոս է կազմում գործազրկությունը` իր ծանր հետևանքներով: Այդ բոլորից տեղյակ ենք և միջոցներ ենք ձեռնարկում վիճակը շտկելու ուղղությամբ: Օրինակ` մեզ քննադատում են ստվերի համար: 2007 թ. բյուջեում նախատեսվում է 27 % աճ, և այն պետք է լինի միմիայն ստվերի հաշվին: - Ինչո՞վ եք բացատրում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերությունների սրացումը: Միգուցե ՕԵԿ-ը քննադատում է ժողովրդավարության, հայրենասիրության և նման բարձր մատերիաների դիրքերից ելնելո՞վ: - Ես համաձայն չեմ հարցի ձևակերպման հետ, թե ՕԵԿ-ի արշավը գաղափարական հիմքեր ունի իր խորքում: Ո°չ, ես հակված եմ այլ կերպ մտածել: Երբ մի քաղաքական միավոր ընտրությունների շեմին կատարած ոչ մի գործ չունի ժողովրդին ներկայացնելու, սկսում է հայհոյել, կռվել իրենից ուժեղի հետ, և դա բնական է: Այսինքն, դրա նպատակն ինքնագովազդն է: Չափվելով մեզ հետ,- նա սեփական «մակնիշն» է փորձում բարձրացնել: Սա քաղաքական պրակտիկայում հաճախ պատահող մարտավարություն է: - ՕԵԿ-ի կեցվածքը կարելի՞ է որպես քննադատական որակել: - Քննադատությունը իրական հիմք է ունենում, նրա պահվածքն ուղղակի պոպուլիզմ է, ինքնամեծարում: - Ինչո՞վ բացատրել ՕԵԿ-ի հայհոյախառն գրոհներին ՀՀԿ-ի ոչ համարժեք պատասխան-զսպվածությունը: - Նախ ասեմ, որ բարձրացված ամեն հարց չէ, որ արժանի է կոնկրետ պատասխանի: Մանավանդ որ այդ հարցն ավելին չէ, քան լկտի բառակապակցություններ: Եթե փորձես պատասխանել նրան, ուրեմն կհայտնվես այն կարգավիճակում, որին ձգտում է հասցնել քեզ քո, այսպես ասած, «օպոնենտը»: Մեր մարտավարությունն է այդպիսին` չիջնել այնտեղ, որտեղ կցանկանային մեզ իջեցնել: Բայց դա չի նշանակում, թե վախենում ենք կամ ՕԵԿ-ի մասին ասելիք չունենք: Եվ գիտեք ինչն է հետաքրքիր. նրանք ամեն մի երկրորդ բառից հետո տալիս են իրենց ղեկավարի անունը: Դա ինձ հիշեցնում է ընդամենը անձի պաշտամունքի տարիները, երբ մի համագումարի ընթացքում, եթե հիշողությունս չի դավաճանում, 1451 անգամ արտասանել են Ստալինի անունը: - Կա տեսակետ, որ ռուս-վրացական հարաբերությունների սրման ժամանակ իշխանությունները անհրաժեշտ քաղաքական ճկունություն հանդես չբերեցին, ինչի հետևանքով մեզանից դժգոհեցին և° մեր ռազմավարական գործընկերը, և° մոտ հարևանը: - Ընդհակառակը: Ոչ թե ճկուն քաղաքականություն չվարվեց, այլ մեր իրատեսական քաղաքականության շնորհիվ էր, որ իրավիճակը չվատթարացավ: Մեր վարած քաղաքականության արդյունքում, համենայնդեպս, անկայուն իրավիճակ չստեղծվեց:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ